Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ անհայտ անձը ես եմ եւ «Թուլս թաուն»-ի սեփականատերը, որը «Սեքյուրիթի Դրիմից» տարածք է վարձակալում». Արամ Ղլեչյան

Մարտ 19,2019 19:30

Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գտնվող «Թուլս թաուն» խանութում որոշակի գործողություններ կատարելուց հետո հեռացել են, սակայն խանութի բնականոն գործունեությունը չի վերականգնվել, քանի որ դռները ուժային այս կառույցի կողմից կապարակնքվել են:

Aravot.am-ը այսօր հայտնել էր, որ Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գտնվող «Թուլս թաուն» շինանյութի եւ գործիքների առուվաճառքով զբաղվող խանութում են եւ ինչ-որ գործողություններ են անում: Այն շենքում, որտեղ տեղակայված է «Թուլս թաուն»-ը, գտնվում է նաեւ «Սեքյուրիթի Դրիմի» ընկերության գրասենյակը:

Aravot.am-ին հասած տեղեկություններով, խնդիրը «Սեքյուրիթի Դրիմի» սեփականատերերի հետ է կապված: Այն, որ ոստիկանները խանութում են, մեզ հետ զրույցում հաստատել էին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն չէին նշել նրանց՝ այդտեղ գտնվելու բուն պատճառը: Ոստիկանությունից միայն հայտնել էին, որ ահազանգը  եղել է «Սեքյուրիթի  Դրիմի» գրասենյակից: Ահազանգի  հեղինակը՝ ընկերության սեփականատերը հայտնել էր, որ անհայտ անձինք մտել են իրենց գրասենյակ եւ դուրս չեն գալիս, ոստիկանությունն էլ ահազանգը  ստուգելու նպատակով մեկնել է դեպքի վայր:

Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում «Թուլս թաուն» ընկերության տնօրեն Վահե Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանն ասաց, որ այդ «անհայտ անձը» ինքն է եւ «Թուլս թաուն»-ի սեփականատերը, իսկ խանութն արդեն 5 տարի «Սեքյուրիթի Դրիմից» տարածք է վարձակալում: Արամ Ղլեչյանը պատմեց՝ իրականում ինչ է տեղի ունեցել:

Ըստ պարոն Ղլեչյանի, Նիկողայոս Տիգրանյան 27 հասցեում գործում է «Թուլս թաուն» ընկերության վաճառասրահը: Ընկերությունը 100 տոկոսով պատկանում է Վահե Հակոբյանին, որը մարտի 14-ից հանդիսանում է այդ ընկերության տնօրենը: Արամ Ղլեչյանն ասաց, որ, որպես լիազորված անձ, տնօրենի հետ մուտք ենք գործել այդ տարածք եւ նախկին տնօրենից խնդրել են առկա գույքի ցանկը. «Այսինքն՝ խնդրել ենք տրամադրել այն ցանկը, թե ինչ գույք կա այս պահին խանութում: Որից հետո, այդ մասին տեղեկանալով, Գուրեն Զաքարյանը կամ Ալեքսան Զաքարյանը, որոնք «Սեքյուրիթի Դրմի» սեփականատերերն են, հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ դա իրենց տարածքն է: Բայց «Թուլս թաուն» ընկերությունը այդ տարածքը վարձակալում է նրանցից՝ 2014 թվականից սկսած: Եվ արդեն, շուրջ հինգ տարի, այդ տարածքում, վարձակալական հիմունքներով, իրականացնում է գործունեություն»:

Պարոն Ղլեչյանի խոսքով, «Թուլս թաուն»-ն այդտեղ ունի բավական մեծ արժեքի գույք՝ գործիքներ, սարքավորումներ եւ այլն:

«Իրենք ոստիկանությանը հայտնել են, որ դա իրենց տարածքն է եւ անհայտ անձինք ներխուժել են: Ոստիկանությունն էլ եկավ եւ մեզ հարկադրաբար տարածքից դուրս հրավիրեց: Ես ոստիկանությանն էլ հայտարարել եմ, որ իրենց գործողությունները իրավաչափ չեն եւ առանց դատական ակտի, նրանք իրավունք չունեն տարածքի վարձակալին դուրս հանել»,-ասաց Արամ Ղլեչյանը՝ նշելով, որ նույնիսկ ժամանակ չեն տվել փաստաթղթերը ներկայացնեն.«Չնայած որ ներկայացրել ենք, որ տնօրենը եւ սեփականատերը Վահե Հակոբյանն է: Այս պահից պարոնայք Զաքարյանները ենթադրեցին, որ այլեւս իրավունք չունենք, այդ տարածքում գործունեություն իրականացնել: Նույնիսկ հնարավորություն չեն տալիս գույքը դուրս հանել»:

Արամ Ղլեչյանը պատմեց նաեւ, որ «Սեքյուրիթի Դրիմի» հրավիրած անվտանգության աշխատակիցներից մեկն, առանց առիթի, բռունցքով հարվածել է իրեն. «Այդ ամենը կա տեսագրված, ես մատնացույց արեցի հարվածողին, բայց նրանք նույնիսկ չփորձեցին նրա ինքնությունը պարզել»:

Aravot.am-ի հարցին՝ տարածքի սեփականատերը ուզում է խզե՞լ պայմանագիրը, պարոն Ղլեչյանն ասաց, որ եթե, նույնիսկ նման մտադրություն ունի, ապա չի կարող միակողմանի խզել.«Ինչը չի հասկանում  նաեւ ոստիկանությունը եւ այնպիսի դիրք է բռնել, որ, եթե տարածքի սեփականատերն ուզում է դուրս գաք, պիտի դուրս գաք»:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության պատասխանատուների հետ, սակայն խոսել չհաջողվեց: Նրանց գրասենյակ մեր զանգերը՝ 010.23.00.17 հեռախոսահամարով մնացին անպատասխան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031