Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ծաղկաձոր, ռոբոտաշինություն, բակային խաղեր, լողավազան, լեգո. ինչպե՞ս կազմակերպել երեխայի գարնանային արձակուրդները

Մարտ 26,2019 23:00

ՀՀ հանրակրթական դպրոցներում այժմ գարնանային արձակուրդներ են: Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդներն այս տարի մարտի 18-ից 31-ն են, 2-12-րդ դասարանցիներինը`մարտի 25-ից 31-ը:

Գարնանային արձակուրդների առիթով դպրոցականների ու ծնողների մեծամասնությունն ուրախ է, քանի որ ազատվել են ամենօրյա ռեժիմից ու տնային հանձնարարություններ կատարելուց:

Արձակուրդների ընթացքում էլ շատ ծնողների կարծիքով՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կազմակերպել երեխաների ժամանցն ու հանգիստը: Կրթական տարբեր կենտրոններում կազմակերպվում են գարնանային արձակուրդների համար հատուկ ծրագրեր:

Օրինակ՝ Էվրիկա դպրոցի (Eureka polylingual international secondary school) սաները գարնանային արձակուրդներն անցկացնում են Ծաղկաձորում: Դպրոցի փոխտնօրեն Ալլա Այվազյանը Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց էքսկուրսիաների դերը կրթության կազմակերպման գործում. «Երեխայի դաստիարակության, աշխարհայացքի ձևավորման հարցում էքսկուրսիան շատ կարևոր կրթական բաղադրիչ է: Իսկ բնության գրկում լինելը, հայրենիքի տարբեր տեսարժան վայրերին ծանոթանալը գումարվում է սրան ու ամբողջական դարձնում ուսուցչի՝ ֆորմալ կրթությունը, դասասենյակում տրված գիտելիքը»:

Ալլա Այվազյանը պատմեց՝ Ծաղկաձորում օրերը հագեցած են անցնում. ծանոթացել են Ծաղկաձորի տեսարժան վայրերին, բնությանը, պատմամշակութային հուշարձաններին, եղել են Կեչառիսի վանական համալիրում, ճոպանուղիում, Օրբելի եղբայրների տուն-թանգարանում: Երեխաներն ամեն օր այցելում են լողավազան, զբաղվում նաև ակտիվ սպորտաձևերով: Ըստ Ալլա Այվազյանի՝ բնության գրկում արձակուրդներն անցկացնելը մի քանի առավելություններ ունի. «Դա նպաստում է, որ երեխաները կտրվեն քաղաքի միջավայրից, լինեն բնության գրկում, իրար հետ շփվեն իրենց համար ոչ սովորական պայմաններում: Երեխաներ կան, որ առաջին անգամ են ծնողներից հեռու գիշերն անցկացնելու. դա փորձություն է նրանց համար: Իսկ աշխատող ծնողներին այս ծրագիրը հնարավորություն է տալիս ապահով ձեռքերում թողնել երեխաներին ու համոզված լինել, որ իրենց ուսուցիչների հետ միասին շատ հետաքրքիր ժամանակ կանցկացնեն»:

Զրույցի ավարտին Ալլա Այվազյանը հորդորեց ծնողներին երեխաների համար հնարավորինս շատ առիթներ ստեղծել լինել բնության գրկում, առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպել արշավներ, քանի որ դա դաստիարակչական ու հոգեբանական առումով երեխայի վրա դրական ազդեցություն է գործում:

Mind center ապագայի մասնագիտությունների կենտրոնում իրենց գարնանային արձակուրդներն են անցկացնում 6-10 տարեկան երեխաները: Օրական հինգ ժամվա ընթացքում գարնանային արձակուրդների ծրագրի շրջանակում նրանք ուսումնասիրում են շախմատ, ռոբոտաշինություն, լեգո կոնստրուկտորներով ինժեներություն, սնվում են, նկարում և այլն: Mind center-ի հիմնադիր-տնօրեն Անի Խաչատրյանը մանրամասնեց. «Մեր հիմնական ուղղվածությունը ինժեներատեխնիկական է. ռոբոտաշինություն, ծրագրավորման հիմունքներ, այսինքն՝ զարգացնում ենք երեխաների տրամաբանությունը: Մենք ոչ մի դպրոցական առաջադրանք, տնային հանձնարարություն չենք կատարում, ուղղակի երեխաները հանգստանում են իրենց սիրելի զբաղմունքներով և այդ ընթացքում սովորում և զարգացնում են իրենց ինժեներատեխնիկական տրամաբանական մտածողությունը: Կազմակերպում ենք նաև այցեր տարբեր հաստատություններ: Օրինակ՝ ամռան արձակուրդներին այցելել ենք Գնացքների թանգարան՝ Երկաթուղուն կից, Երկրաբանության թանգարան: Երբեմն նաև միասին ենք բացահայտումներ անում»:

Անի Խաչատրյանը վստահեցրեց՝ այդ հինգ ժամն այնպես է ընտրված, որ երեխաներին չծանրաբեռնեն. նրանք նաև տանը հնարավորություն ունենա ժամանակ անցկացնելու, հանգստանալու:

Mind center-ում կա նաև նորամուծություն. ուսումնասիրում են Scratch ծրագրավորում, երբ երեխաները օգտագործելով համակարգիչ կարողանում են ինքնուրույն խաղ ստեղծել և չտարվել տարբեր համակարգիչներով ու պլանշետներով, այլ այդ գործիքն օգտագործել ի նպաստ իրենց:

ՏաՏա. մայրիկիս օգնականը խնամքի և զարգացման կենտրոնում իրենց գարնանային արձակուրդներն են անցկացնում 6-13 տարեկան երեխաները: Շախմատ, ստեղծագործության ժամ, արվեստանոց, տարբեր բնական նյութերով՝ կավ, թելեր աշխատանք, բակային խաղեր, նկարչություն: ՏաՏայում էլ այսպես են անցնում գարնանային արձակուրդները: Կենտրոնի ավագ մասնագետ Քնարիկ Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Մեր մոտեցումը խաղի մեթոդն է. ամեն ինչ վերածել խաղի ու հաճույք ստանալ: Մենք առաջնորդվում ենք բոլորս մեկի համար և մեկը բոլորի համար սկզբունքով: Մեզ համար կարևոր է միմյանց նկատմամբ հարգանքը, հոգեբանական առողջ միջավայրի ապահովումը: Ցանկացած մեկը, որ կմիանա մեր մեծ թիմին, իր տեսակից բխող, թույլ ենք տալիս հասկանալ արդյոք ինքը կդառնա՞ այն մեկը, որը կկարողանա ավելի համով դարձնել մեր միջավայրը: Ստեղծում ենք հարթակ, որ երեխաները առավելագույնը զգան այդ ամենը: Դա դառնում է ապրելաոճ»:

Քնարիկ Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ հնարավորություն են տալիս երեխաներին ազատ խաղալ միմյանց հետ, շփվել, խաղալ և մյուսների հետ կիսվել տնից իրենց բերած խաղերով. «Միջամտում ենք, բայց նրբանկատորեն, որ իրենք չզգան: Կարևոր է նրբորեն գծել միջամտության սահմանը: Հասկանում ենք, որ դպրոցից հետո երեխաները կարիք ունեն լիցքաթափվելու, բայց նաև ամեն օր ընդամենը մեկ ժամ անդրադառնում ենք իրենց արձակուրդային հանձնարարություններին, քանի որ հասկանում ենք, որ կա հստակ համակարգ, և երեխան վերջում պետք է կատարված աշխատանք ներկայացնի: Փորձում ենք կաթիլ առ կաթիլ օգնելով՝ լուծել այդ հանձնարարությունը, որ դա իրենց համար խնդիր չդառնա, հետո էլ ասեն՝ հանգստացանք, հիմա արդեն տանջվում ենք»:

ՏաՏա. մայրիկիս օգնականը կենտրոնում իրենց գարնանային արձակուրդներն անցկացնող երեխաները հինգշաբթի կմեկնեն Ծաղկաձոր: Ըստ Քնարիկ Մարտիրոսյանի՝ հերթական այլընտրանքային այս ծրագրի ընթացքում էլ շեշտը դնում են ինքնուրույնության, կենդանի շփման, հանգստի վրա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031