Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորագավիթ» մաքսակետի աշխատակիցը աշխատանքից ազատման դիմումն արդեն գրել է

Ապրիլ 10,2019 17:50

Aravot.am-ը տեղեկացավ, որ մաքսատան աշխատակիցը՝ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմումն արդեն գրել է: Հիշեցնենք, որ երեկ «Նորագավիթ» ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մաքսատուն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցի ժամանակ, մտնելով սենյակներից մեկը եւ տեսնելով մի անկյունում հատակին դրված ՀՀ դրոշը, Հայկ Մարտիրոսյանին եւ սենյակի մյուս աշխատակիցներին հրահանգել էր «դիմում գրել»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նորություն կա վարչապետի հանձնարարականից, մաքսատան աշխատակցի՝ Հայկ Մարտիրոսյանի եւ մյուսների գործն ի՞նչ ընթացքում է, Պետական եկամուտների կոմիտեից պատասխանեցին, որ դեռեւս պաշտոնական ոչինչ չկա, վարչապետի հանձնարարականը հստակ է, եւ ՊԵԿ-ը լրացուցիչ կտեղեկացնի:

Վարչապետը մասնավորապես ասել էր՝ «Այստեղ քանի մարդ է աշխատում: Երկու-երե՞ք: Ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի պայմաններում՝ ոչ ոք չաշխատի այդտեղ, բոլորը հեռացվեն աշխատանքից»:

Վարչապետը դժգոհել էր նաեւ մաքսատան կեղտոտ վիճակից, ապա դառնալով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանին, ասել՝ պարգեւավճարները կկրճատեք, այստեղ մաքրություն կապահովեք:

Վարչապետի հեռանալուց հետո լրագրողների, նաեւ Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ այդ սենյակում, որտեղ կատարվում է ավտոմեքենաների նախնական զննությունը, աշխատողների թվաքանակը տարբեր է լինում՝ մեկ, երկու, երեք, ըստ ծանրաբեռնվածության աստիճանի եւ ամեն անգամ ՊԵԿ-ի մի աշխատող է այդ գործառույթն իրականացնում:

Հարցին՝ գույքի կառավարմամբ ո՞վ է զբաղվում, Հայկ Մարտիրոսյանն ասել էր, որ սենյակը նախկինում ոստիկաններին է պատկանել: Նա նաեւ պատմեց, թե ինչպես է դրոշը հայտնվել այդ անկյունում՝ նշելով, որ դռան վերեւում կախված է եղել եւ պոկվելուց հետո, դրել են այդտեղ՝ կրկին փակցնելու նպատակով:

Այս միջադեպից հետո, սակայն, մի շարք իրավաբաններ իրենց հարցազրույցներում նշեցին, որ վարչապետն իրավունք չունի նրան եւ մյուս աշխատակիցներին աշխատանքից ազատելու: ՀՀ կառավարության 10 մարտի 2016 թվականի թիվ 224 – Ն որոշմամբ՝ մաքսատան աշխատակիցներին աշխատանքից կարող են ազատել կոմիտեի նախագահը կամ աշխատակազմի ղեկավարը` կախված նրանց զբաղեցրած պաշտոնից եւ դասային աստիճանից: Եվ հարց է՝ ծառայողական քննությունից հետո հիմքեր կլինե՞ն Հայկ Մարտիրոսյանին ազատելու, թե՞ոչ:
Եթե, նույնիսկ, հարցը դիտարկվի էթիկայի դաշտում,ապա իրավական ոլորտի մասնագետների դիտարկմամբ, այնպես չէ, որ դրոշն անարգված վիճակում է եղել, գցված հատակին, այն դրված է եղել ինչ-որ տեղ եւ դա էթիկայի կոպիտ խախտում համարել չի կարելի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930