Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մանկական նորաձևություն. ինչպե՞ս սկսել երեխայի մոդելային կարիերան

Ապրիլ 16,2019 23:00

Մանկական նորաձևությունը Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում: Մայրիկներից շատերն են հետաքրքրված իրենց երեխաների՝ մոդելային կարիերայով:

Ինչպե՞ս սկսել երեխայի մոդելային կարիերան, ի՞նչ է այն տալիս փոքրիկին, ի՞նչ անել, որ երեխայի տեսքը և′ լինի նորաձև, և′ թրենդային, և′ պահպանի իր մանկականությունը: Aravot.am-ն այս հարցերի շուրջ զրուցեց Kids Fashion Day նախագծի կազմակերպիչներից Կարմեն Ղազարյանի հետ:

Հետաքրքրվեցինք ՝ մանկական նորաձևությունը Հայաստանում ի՞նչ տարածում ունի, որքանո՞վ են ծնողները հետաքրքրված իրենց երեխաների՝ մոդելային կարիերայով, Կարմեն Ղազարյանը պատասխանեց. «Մենք՝ Kids Fashion Day միջոցառման կազմակերպիչներս, ես և Ռուբինա Գրիգորյանը, ամեն կերպ փորձում ենք մանկական նորաձևությունը մեկ այլ հարթության վրա դնել: Փորձում ենք մեր բալիկներին առաջարկել լավագույն բեմերը, լավագույնն ենք ուզում ապահովել մեր բալիկներին: Հետաքրքրությունը կապված երեխաների նորաձևության հետ գնալով աճում է: Իսկ ներգրավելով մանկական նորաձևության մեջ՝ երեխաները դառնում են ավելի շփվող, ինքնավստահ: Մենք փորձում ենք  նորաձևություն ասվածի և մանուկ, երեխա մնալու կապը պահպանել: Ամեն ինչ անում ենք, որ այդ չափը չանցնենք, և դա գնահատվում է մայրիկների կողմից. տեսնել իրենց երեխաներին բեմից, բայց ճիշտ մատուցմամբ: Օրինակ՝ շպար և վարսահարդարում արվում է, բայց շատ թեթև՝ երեխայի տարիքին, դիմագծերին համապատասխան»:

Մեր հարցին՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է տալիս երեխային այն, որ նա մոդել է դառնում և մասնակցում ցուցադրությունների, Կարմեն Ղազարյանը պատասխանեց. «Կան բալիկներ, որոնք ապրում են այդ ամենով. թե′ նախապատրաստական ընթացքը, դեֆիլեի դասընթացները, ետնաբեմային կյանքը, թե′ հագուստ փորձելը, լույսերը: Կան բալիկներ, որոնք հստակ բեմի համար են և այդ մեկ քայլը, որ նրանք անում են՝ մեկ հագուստի ցուցադրությունը, լուրջ զգացմունքներ, ինքնավստահություն է ներշնչում նրանց, այնքան էմոցիաներ են վերցնում այդ ամենից: Բալիկների համար այդ միջոցառումները կյանքի մի ընթացք ենք, որոնք նրանք վայելում են»:

Այսօր շատ մայրիկներ ցանկանում են, որ իրենց երեխաները ևս բարձրանան բեմ, զգան իրենց մոդել: Հետաքրքրվեցինք՝ որտեղի՞ց պետք է սկսի մայրիկը, որպեսզի իր երեխան դառնա մոդել և ո՞ր տարիքից է նպատակահարմար, որ երեխան ներգրավվի մոդելային գործունեության մեջ: Կարմեն Ղազարյանը պատասխանեց. «Թվում է՝ հասուն տարիքի երեխաների հետ ավելի հեշտ է աշխատել, բայց փաստեմ՝ մենք ունենք երեք-չորս տարեկան երեխաներ, որոնք շատ ավելի պատրաստված են, ինքնուրույն, հեշտ է նրանց հետ  աշխատելը, քան 13 տարեկան երեխայի հետ: Առհասարակ հիմնականում հինգ-վեց  տարեկանից ենք մենք փորձում երեխաներին ներառել, բայց նորից եմ կրկնում, մենք բացառության կարգով  ունենք երեք-չորս տարեկան երեխաներ, որոնց հետ շփվելիս ապշած եմ մնում՝ որքան պատրաստված ու կայուն անձ է: Ցանկացած ասված ընկալում է ամբողջությամբ: Վերցնում է այն, ինչ ասում ես և պատրաստ է դա կատարել»:

Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում կա՞ մոդելային դպրոց, Kids Fashion Day նախագծի համակազմակերպիչ Կարմեն Ղազարյանը նշեց, թե անկեղծ ասած չի հետաքրքրվել, բայց իրենք փորձելու են ավելի զարգացնել այս ոլորտը, քանի որ հետաքրքրությունը մեծ է. «Գուցե հատուկ կուրսեր լինեն, որոնք բալիկին էլ ավելի ինքնավստահ ու էլ ավելի պրոֆեսիոնալ կդարձնեն, բայց ամեն ինչ պետք է լինի պրոֆեսիոնալ»:

Կարմեն Ղազարյանին խնդրեցինք խորհուրդներ տալ մայրիկներին՝ ինչպե՞ս հագցնեն իրենց երեխաներին, որպեսզի և′ թրենդային լինեն, և′ միևնույն ժամանակ պահպանեն իրենց մանկականությունը: Նա նշեց. «Ինքս մայր եմ, ունեմ  երկու բալիկ և հիմնականում առաջնորդվում եմ հետևյալ մոտեցմամբ՝ հագուստը պետք է համահունչ լինի երեխային: Ես երբեք չեմ նախընտրել այդ մուլտային տարբերակները. մի ճշմարտություն կա. ճաշակը զարգանում է մանկուց, շատ վաղ տարիքից: Մեծականն էլ ենք բացառում: Պետք է ընտրել տարիքին համապատասխան ոչ շատ մանկական, ոչ դեպի մեծականը գնացող հագուստ, որ բալիկն իրեն հարմարավետ զգա այդ հագուստում, նաև դուրեկան լինի թե ծնողին»:

 

Նշենք, որ օրեր առաջ Երևանում կայացավ Kids Fashion Day նախագծի գարուն-ամառ-2019 ցուցադրությունը, որին մասնակցեցին փոքրիկ մոդելներ՝ ներկայացնելով մայրաքաղաքի բրենդային հագուստ-սրահների և հայ դիզայներների տեսականիները: Կարմեն Ղազարյանը նշեց, որ իրենց համար կարևոր է պրոֆեսիոնալիզմը: Այս առիթով ասաց. «Սովորաբար ասում են՝ երեխա է, այդ տարբերակով անցնում, գնում է: Բայց մեզ համար կապ  չունի՝ երեխա է: Նա լավագույնին է արժանի. փորձում ենք մեր ուժերի սահմաններում լավագույնն ապահովել երեխայի համար, որ և′ ծնողն իրեն հարմարավետ զգա, և′ երեխան իրեն շատ-շատ կարևոր»:

Կարմեն Ղազարյանը վստահեցրեց՝ իրենց ծրագրերը կլինեն շարունակական: Գուցե առաջիկայում այն փորձառու երեխա-մոդելներին, որոնք առաջին օրվանից իրենց հետ են, հնարավորություն տրվի մասնակցել նաև արտասահմանյան նորաձևության ցուցադրությունների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրեց Կարմեն Ղազարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930