Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Միմյանց նկատմամբ մարդկային սառնությունն ու անտարբերությունը հասել է այնպիսի անասելի չափերի, որ կարող է վտանգել Հայաստան պետության գոյությունը

Ապրիլ 21,2019 22:00
hayer

Մարդկային հարաբերությունների առումով այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստան երկրում, ապրիլյան շարժման ֆոնի վրա ամենաանհավանական պատահարն է, որը, ցավոք սրտի, աստիճանաբար իրողություն է դառնում: Որքանով մեր մեծերից լսել ու կարդացել եմ 37-ականների մասին, զարմանալիորեն մեծ նմանություն է նկատվում այդ ժամանակահատվածի իրավիճակի հետ և եթե պարզվի, որ այդ առումով չեմ սխալվում, ապա այսպես, թե այնպես այս իրավիճակը բարոյապես, հետագայում նաև ֆիզիկապես կսկսի քայքայել մեր երկիրը ու իրապես կվտանգի Հայաստանի ապագան:

Կարծում եմ՝ համարյա բոլորը կհամաձայնեն, որ կյանքում գոյություն ունեցող բազում արժեքներից ամենաորոշիչ և ամենաբարձր արժեքը մարդկային հարաբերությունների որակն է և մնացած բոլոր արժեքներն այսպես թե այնպես ածանցվում են սրանից: Այնպես որ, մեր երկրում առկա մարդկային հարաբերությունները բացառություն չեն, մանավանդ, որ վերջին ժամանակներում այդ որակը կարծես սրընթաց անկում է ապրում: Առաջին հայացքից սա չափազանց զարմանալի է, քանզի վերջին մոտ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած արտառոց իրադարձությունները պետք է որ բերեին ճիշտ հակառակ իրավիճակին, այնինչ այդ հարաբերությունները գնալով՝ օր-օրի ճերմակից վերածվում են սևի:

Ինչևէ, փաստը մնում է փաստ, ուստի փորձենք ներկայացնել, թե որոնք են այն հիմնական պատճառները, որոնք բերում են այս իրավիճակին, վտանգում երկրի հետագա կայունությունը և օր-օրի թուլացնում այն: Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի տերն ու պահապանը տվյալ երկրի ժողովուրդն ու ազգն է, հետևաբար ցանկացած երկիր ուժեղ է այնքանով, որքանով միասնական է նրա ժողովուրդը: Իսկ միասնականությունը ոչ այլ ինչ է, քան միմյանց նկատմամբ սիրով ու հարգանքով լցված հասարակություն: Որքան էլ ցավը ուժեղ լինի, պետք է աշխատենք կատարյալ անկեղծ ու ազնիվ վերլուծել ստեղծված իրավիճակը, որպեսզի խորությամբ ընկալենք դրա վտանգավոր հետևանքները և վայրկյան շուտ փորձենք դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Ապրիլյան իրադարձությունների ժամանակ աշխարհին ամենաշատը ցնցեց աշխարհով մեկ սփռված ողջ հայության միասնականությունը, որը բացառիկ էր իր տեսակով՝ խաղաղ, թավշյա, անցնցում, որի նմանը երբեք և ոչ մի երկրում երբևէ տեղի չէր ունեցել: Իսկ այդ միասնականությունը պայմանավորված էր զուտ մեկ հանգամանքով. բացառապես բոլորն ունեին ճիշտ մեկ գլխավոր նպատակ, որը կարելի է կարճ ձևակերպել այսպես. փոխել գործող իշխանություններին և երկրում հաստատել ժողովրդի իշխանություն: Այդ նպատակը ձևավորվել էր տասնյակ տարիների ընթացքում, այն կայուն էր, իր մեջ հեղհեղուկ տարրեր չէր պարունակում և ոչ մի պարագայում բեկման ենթակա չէր:

Ի պատիվ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի, նրա կողմից գրոյսմաստերական մակարդակով ղեկավարվեց այդ շարժումը, այն զարմացրեց, ինչ-որ իմաստով նաև անակնկալի բերեց աշխարհի բոլոր խոշոր երկրների ղեկավարներին ու անկախ նրանց վերաբերմունքից ու մոտեցումներից, նրանք պարտադրված ընդունեցին այդ հաղթանակը և արդյունքում լիարժեքորեն լեգիտիմացվեց Հայաստանում կատարվածը: Ավելին, աշխարհի բոլոր ժողովուրդները համոզվեցին, որ կապիտալի տիեզերական մրցավազքի այսպիսի պայմաններում անգամ հնարավոր է ցանկացած երկրում հաստատել ժողովրդի իշխանություն, եթե ժողովուրդը միասնական է և այն իր համար հստակ ու անփոփոխ նպատակ է: Իրականում Հայաստանում տեղի ունեցածը ժողովրդավարության մեծ դաս էր ողջ աշխարհի համար, որը հետագայում անպայմանորեն կմտնի պատմության դասագրքեր և մեծ սրբագրումներ կանի աշխարհի ժողովրդավարական կոչվող երկրների հետագա գործելաոճում:

Ապրիլյան հեղափոխությանը նախորդող տասնյակ տարիների ընթացքում ընդդիմության բազմաթիվ փորձերը՝ հեռացնել գործող իշխանություններին մշտապես պսակվում էր անհաջողությամբ և այդ ամենը բացատրվում էր զուտ այն պատճառով, որ պակասում էր ժողովրդի միասնականությունը: Եվ վերջապես, ապրիլյան շարժման ժամանակ ժողովուրդը ցուցաբերեց ֆանտաստիկ վճռական միասնականություն, որի արդյունքում տեղի ունեցավ իշխանության անհավանական փոփոխություն, որից հետո թվում էր, թե եղած ոգևորությունը պետք է բազմապատկվեր և ավելի ամրացներ նույն ժողովրդի միասնականությունը, սակայն ի զարմանք բոլոր սպասումների, այսօր կարծես տեղի է ունենում ճիշտ հակառակը, որը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:

Իհարկե, տրամաբանութունը տրամաբանություն, բայց ոչինչ հենց այնպես չի լինում և եթե վերլուծենք ապրիլից հետո՝ այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցածը, ապա անպայման վեր կհանենք այն պատճառները, որոնք բերել են նշված իրավիճակին: Այդ պատճառներն իրականում շատ են, այնպես որ փորձենք բարձրաձայնել դրանցից գլխավորների մասին: Նախ հիշենք, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ բազմաթիվ ու բազմապիսի շատ հարցերին զուգահեռ, շարժման առանցքային դեվիզը գործող իշխանությունների կոռումպացված լինելն ու իրադարձություններին մասնակից՝ բացառապես բոլոր մարդկանց կողմից կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղելու պատրաստակամությունն ու անհրաժեշտությունն էր, որոնք սոսնձում, ամրացնում ու դրանով ապահովում էին  ժողովրդի միասնականությունը:

Սակայն մի բան է խոսքը, մեկ այլ բան՝ գործը, քանզի ինչպես ժողովուրդն է ասում, լեզվի տակ փուշ չկա, որ ստի դեպքում ծակի: Փաստացի, կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին բարձրաձայնողներից շատերն այդ օրերին լավ չէին պատկերացնում, որ հետագայում այդ գործընթացն անուղղակիորեն կարող էր հարվածել նաև իրենց, քանզի նրանց մի մասը պետք է տեղեկատվություն՝ գործ տար իրեն հայտնի կոռուպցիոն դեպքերի մասին, որը չափազանց վատ զբաղմունք է, իսկ որոշ մասն էլ որպես բարեկամ, հարազատ, հարևան, ծանոթ, ծանոթի-ծանոթ երբևէ սնվել էր այդ կոռուպցիոն գումարներից ու այսօր պետք է ուրանա իրեն հաց տվողին:

Եվ այս ամենն իրենց կաշվի վրա զգալով, նրանք այսօր փաստացի որոշակիորեն դժգոհում են հեղափոխությամբ իշխանության եկած իշխանությունների գործելաոճից և ամեն առիթով բարձրաձայնում, որ իրենք շարժման հաղթանակից այլ բան էին ակնկալում, իսկ այսօր այլ բանի են ականատես լինում: Այլ խոսքով ասած, այդ մարդիկ ուզում են, որ եթե վատ բան է պատահելու, ապա թող այն պատահի միայն ուրիշների, այլ ոչ իրենց հետ: Փաստացի, իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ ընդգծված պայքարը ապրիլյան շարժման մասնակիցների որոշ շերտի համար այսօր դարձել է անընդունելի և նրանք այլ հիմնավորումներ չունենալով, դժգոհում են, թե ինչու պետք է բռնեն հենց այս օլիգարխին, այլ ոչ թե մյուսին և այլ նման բաներ:

Այս շերտի մարդկանց թիվը փոքր չէ և նրանք փաստացի սկսել են լքել նոր իշխանություններին սատարողների նավը: Սա մի մեծ խումբ: Երկրորդ. արդեն ամիսներ շարունակ համարյա բոլոր գները Հայաստանում շարունակաբար աճում են, որն ամենացավոտ և ուղղակի հարվածն է ժողովրդին, որն էլ մասսայական դժգոհությունների պատճառ է դառնում և այդ մասսաների մի մասն է միայն ըմբռնումով մոտենում տեղի ունեցող գնաճին: Սա արդեն ոչ թե խումբ է, այլ ժողովրդի ճնշող մեծամասնությունը:

Վերջապես, նայելով մեր շուրջը, պարզորոշ նկատում ենք, որ համարյա բոլորի մեջ մեռել է միմյանց օգնելու ձգտումը, մարդիկ դարձել են շատ սառը և չհաշված որոշակի բացառությունները, նրանք բացի իրենցից որևէ մեկի՝ նույնիսկ հարազատ եղբոր, քրոջ մասին ընդհանրապես չեն մտածում, քանզի իրենց առջև նման խնդիր չեն դրել: Նրանց մոտ աշխատում է դարերից եկող ժողովրդական ասացվածքի սկզբունքը. կուշտն ինչ գիտի սովածի ղադրը…: Սա հերթական և միաժամանակ ամենավտանգավոր խումբն է, քանզի մարդկային արտաքինով այդ տեսակը իրականում որևէ կապ չունի ժողովուրդ հասկացության հետ:

Տերը շատ գթասիրտ է և լոկ դրանով է պայմանավորված, որ այդ տեսակին չի մեկուսացնում ժողովրդից: Բարձրաձայնենք ձևավորվող մյուս նմանատիպ խմբի մասին, որը քանակապես աճելու մեծ միտում ունի: Նոր իշխանությունների ձևավորումից հետո, նրանք ձեռնմուխ եղան պետական կառավարման համակարգից մինչև ամենաստորին օղակների որոշակի օպտիմալացմանը, որն ուղեկցվում է մարդկային ռեսուրսի՝ անձնակազմերի և տարատեսակ ռեսուրսների էական կրճատումներով, որն էլ իր հերթին ուղեկցվում է կրճատման վտանգի առջև հայտված աշխատակիցների մեծագույն դժգոհություններով:

Դեռևս չկրճատված աշխատակիցները մեծագույն վախ են ապրում, որ հաջորդն իրենք են լինելու և դրանից դրդված նախ ամեն ինչ անում են հիերարխիայում առկա բոլոր վերադասներին հաճոյանալ ու դուր գալ, իսկ իրենց անմիջական աշխատակազմերում ոչնչի առջև կանգ չեն առնում կոլեգաների տակը փորելու, նրանց պախարակելու ու նրանցից անընդհատ բամբասելու, որպեսզի հաջորդ կրճատումների ժամանակ կողքիններին փուռը տան, իրենք չոր դուրս գան ու մնան աշխատելու: Այդ ճանապարհին նրանք թքում են բարոյականության բոլոր արժեքների վրա, ոչնչի առջև կանգ չեն առնում և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ աշխարհի վերջն է և իրենք ամեն ինչ անում են այդ վերջին օրը վայելելու համար:

Նրանք իրենց թույլ են տալիս անել քայլեր, որոնց վերաբերյալ ոչ վաղ անցյալում կոկորդ պատռելով միշտ հակառակի մասին են բարձրաձայնել: Եթե փորձենք գնահատել նրանց արարքները, ապա բարոյականության սանդղակում դրանք շատ ավելի մեծ արժեք կունենան, քան նողկանք պարամետրը: Չափազանց անբարո է, երբ նույն մարդկանց հետ ամեն օր ընդմիջման ես նստում, հաց կիսում, իսկ մինչ այդ և դրանից հետո մշտապես բամբասում, պախարակում և սևացնում այդ նույն մարդկանց:

Ցավոք, այսօր համարյա աշխատանքային կոլեկտիվների մեծ մասում է առկա նմանատիպ իրավիճակը, այնպես որ այս իրավիճակում ինչ խոսք կարող է գնալ միասնականության մասին: Վերը թվարկած պատճառները գոյություն ունեցող պատճառների բազմության մի մասն են միայն և մեծ ցավով կարելի է արձանագրել, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ աշխարհին զարմանք պատճառած միասնականությունը փոխանակ էլ ավելի ամրակուռ դառնալու, շատ կարճ ժամանակում ճաքեր տվեց, քայքայվեց և այսօր էլ ինտենսիվորեն շարունակում է մարել:

Ամփոփելով ասվածը, կարելի է մեծ ցավով արձանագրել, որ ապրիլյան այնքան սպասված իրադարձությունները, որը իրականություն դարձրեց ժողովրդի տասնամյակներ փայփայած երազանքը՝ երկրում հաստատել ժողովրդի իշխանություն, լիովին իրականություն դարձավ, սակայն վերը նշված և նմանատիպ մի շարք այլ հանգամանքների պատճառով այն կարճ կյանք կունենա, քանզի վերը նշված իրավիճակը ուղղակիորեն խոչընդոտում է ժողովրդի միասնականության կայացմանն ու ամրապնդմանը:

Իսկ վերջում, որպես կոչ բարձրաձայնենք հետևյալը. անկախ նրանից՝ որ ուժն է այսօր իշխանության ղեկին և ապագայում ովքեր են գալու, առաջին հերթին պետք է գերխնդիր լինի ժողովրդի միասնականության ապահովումը, որն էլ իր հերթին Հայաստանի նորմալ ապագայի ապահովման ամենակարևոր գրավականն է…

 

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930