Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ ջան, գնացեք, օտար լեզու սովորեք». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 22,2019 17:36

«Մենք տնտեսական հեղափոխություն չենք անելու, հնարավորության ենք ստեղծելու, եթե քաղաքացին ուզում է, թող անի»,- այսօր Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում, տնտեսագիտական հանրույթի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ ժամանակին իրեն եւ իր թիմին քննադատում եւ հեգնում էին` պատասխանատվությունն իրենց վրայից գցելու համար, բայց քաղաքական հեղափոխության մասով այսօր արդյունքն ակնհայտ է: «Դա մեզ ծանոթ խոսակցություն է, գիտենք թե ինչպես վարվել դրանց հետ»,- ասաց նա:

Հանդիպման սկզբում, ի դեպ, ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ հարցերի բովանդակության մեջ սահմանափակումներ չկան, նախապես համաձայնություններ էլ չկան եւ հիշեց, որ ժամանակին, նման հանդիպումներից առաջ, հարցերի բովանդակությունը համաձայնեցնում էին: Նա նաեւ ասաց, որ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխության «պուսկը» տալու համար իրենք պատրաստվում են մեծ համաժողով կազմակերպել, որտեղ «մտքեր եւ գաղափարներ կգեներացվեն»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, Հայաստանը պետք է լինի բարձր որակավորմամբ աշխատուժի երկիր, ՀՀ-ն 10 տարի հետո պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, որտեղ տանող 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիական ոլորտի, արմատական փոփոխություններ պետք է լինեն կրթության ոլորտում, որ ուսանողը ԲՈՒՀ-ից դուրս գա բարձր որակավորմամբ մասնագետ:

«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարեւորագույն գործիքներից մեկը ՀՀ հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ առաջիկա 3-4 տարիներին եկամտահարկը մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի»,- ասաց վարչապետը։

Բայց կառավարությունում հասկանում են, որ հնարավոր չէ խուսափել շերտավորումներից, ուստի զարգացման ռելսերի վրա պետք է դնեն նաեւ գյուղատնտեսությունը եւ զբոսաշրջությունը, որպեսզի ավելի ցածր որակավորմամբ մասնագետների զբաղվածության հարց չառաջանա:

Այս ամենի համար հիմնական գործիքը լինելու է յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, քաղաքացիներին խրախուսելը:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց`արդյոք հայաստանյան ԲՈՒՀ-երի շրջանավարտներն այսօր լավ մասնագետներ են: ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը արձագանքեց` համաձայն է վարչապետի հետ, իրենք լավ կադրեր չեն պատրաստում: Դա դուր չեկավ հանդիպմանը ներկա տնտեսագետ, համալսարանի դասախոս Վարդան Բոստանջյանին: «Ինչո՞ւ եք այդպես ասում»,- տեղից դեկանին սաստեց նա: Դեկանը պնդեց`լավ է անում, գիտի, թե ինչ է ասում:

Այլ մանրամասները`շուտով տեսանյութում

Ավելի ուշ Վարդան Բոստանջյանը արձագանքեց նաեւ վարչապետին` նկատելով, քաղաքական եւ տնտեսական հեղափոխությունների միջեւ տարբերություն կա. «Քաղաքական հեղափոխության հիմքում ընկած էր ատելությունը, անհանդուրժողականությունը, իսկ տնտեսական հեղափոխության առումով մարդկանց մտածողությունը, հոգեբանությունը պետք է փոխվի»: Վարչապետը համաձայնեց`քաղաքական եւ տնտեսական հեղափոխությունները տարբեր են, բայց խնդրի լուծման ալգորիթմը, կարծում է, նույնն է. «Քաղաքական հեղափոխության պարագայում, եթե ընդունենք ատելությունը, ինչն էր ինքն ատում, այն, որ ընտրելու հնարավորություն իրեն չէր տրվում, բռնություններ, ամենաթողություն և այլն: Տնտեսական հեղափոխության պարագայում ատելության նոր օբյեկտ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք, որ մենք սկսենք ատել մեր աղքատությունը: Խեղճությունը, նախաձեռնողականության բացակայությունն ատել, մենք ուզում ենք մարդկանց օգնել, որպեսզի իրենք իրենց ուժը գիտակցեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա համոզված է, ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիների առնվազն մի մասը, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ եւ 3 լեզուների իմացություն: «Չի կարող կրթություն, գիտելիք, հմտություն ունեցող մարդը որևէ ոլորտում աշխատանք չգտնել: Եթե չի կարող գտնել, ապա կարող է ստեղծել»,- ասաց նա` քաղաքացիներին կոչ անելով. «Ժողովուրդ ջան, գնացեք, օտար լեզու սովորեք»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930