«ԵՊՀ-ում այսօր սպասվում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն: Մամուլը հեղեղված է ստահոդ տեղեկություններով, որոնք, հասկանալի է, թե որտեղից են գալիս: Բայց որ դրանք տարածում է նաեւ մեր ընդդիմադիր գործընկեր Էդմոն Մարուքյանը, ինձ համար զարմանալի է»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա շարունակեց. «Չնայած, զարմանալի չէ, որքան գիտեմ՝ թեկնածուներից մեկի հետ պարոն Մարուքյանն ընկերական հարաբերություններ ունի: Եթե պարոն Մարուքյանը գիտի, թե ով է ընտրվելու, էլ ԵՊՀ խորհրդի նիստ չանենք, էլի…նման գրառումներն ազդում են հոգեբանական մթնոլորտի վրա: Նման հայտարարությունները ճնշում են գործադրում խորհրդի անդամների վրա՝ կամարտահայտման տեսանկյունից»:
Ապա Հովհաննիսյանը բոլորին խորհուրդ տվեց զերծ մնալ համալսարանների հետ կապված քաղաքական գրառումներ անելուց. «Դրանով դուք չեք նպաստում համալսարաններում լավ կրթական միջավայրի ստեղծմանը: Երբ դասախոսներին հետապնդում էին, որեւէ մեկն այստեղ չէր խոսում, իսկ հիմա խոսում են…»:
Կարդացեք նաև
Պատգամավորը հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն էր արել նաեւ Ագրարային համալսարանի ռեկտորի մասին. «Բայց նա գերժամանակակից բարեփոխումներ է իրականացնում համալսարանում: Կեղծ տեղեկություններ մի տարածեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ