Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը բացատրում է ռուսական ներդրումների պակասը. «Հրապարակ»

Մայիս 31,2019 11:46

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան  Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքան է կազմել ռուսական կապիտալի ներհոսքը կամ, այսպես ասած, ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում։ Պարոն Խաչատրյանը դժվարացավ միանգամից հստակ թիվ ասել, բացեց ձեռքի թղթապանակն ու ինչ–որ վիճակագրական տվյալներ պարունակող թղթերի մեջ փորձեց գտնել Ռուսաստանից եկող ներդրումների թիվը՝ 90.1 մլն դոլար։ Պարզվեց՝ դրանք ոչ թե ուղիղ ներդրումներ են, այլ՝ «կուտակային», որոնք հետո պետք է մեթոդաբանորեն հաշվել՝ գումարել, հանել, բաժանել, բազմապատկել, հետո այդ ամենի դիսկրիմինանտը որոշել, ապա ալգորիթմն ու ինտեգրալը հաշվել։ Վերջում էլ երեւի մի երկու հեղափոխական գործակից արժե ավելացնել, որ բազմապատկենք՝ մի քիչ թիվը բարձր կանգնի, որպեսզի վերջապես հասկանանք, թե այդ ներդրումների «զուտ քաշը» որքան է։

Բայց Տիգրան Խաչատրյանը՝ որպես փորձառու տնտեսագետ եւ մեր ներդրումների իրական պատկերին ու միտումներին քաջատեղյակ մարդ, արդեն կռահել էր, թե հարցն ինչու ենք տալիս, ու առաջ անցնելով՝ միանգամից կանխեց մեզ. «Ասում եք՝ ռուսական ներդրումները նվազո՞ւմ են, թե՞ չէ, կամ իրենք արգելո՞ւմ են, թե՞ չէ»։

Պարոն Խաչատրյանը շատ ճիշտ էր կռահել, քանզի կա՛մ կարդացել էր մեր նախորդ հոդվածը, ըստ որի՝  տեղեկություններ կան, որ ՌԴ իշխանություններն արգելել են տեղի հայ գործարարներին ներդրումներ անել Հայաստանում, կա՛մ ինքն էլ ուներ նման ռեալ ինֆորմացիա։

«Ես էսպիսի բան եմ լսել, որ իրենց մոտ, ընդհանուր առմամբ, բոլոր դուրս գնացող խոշոր գումարների նկատմամբ կա զգայունություն։ Նույնը պատկերացնենք Հայաստանում, եթե մենք էսօր՝ որպես հասարակություն, լսում ենք, որ հայկական կապիտալը գնում է որեւէ երկիր, այդ թվում՝ մեր հարեւան Վրաստան, ինչ– որ մի զգացողություն ենք ունենում, որ եթե էդ ներդրումները կարող էին կատարվել Հայաստանում, ինչո՞ւ են գնում Վրաստան, չէ՞։ Այդ նույն տիպի զգացողություն, իմ պատկերացմամբ, կա նաեւ Ռուսաստանում։ Այսինքն՝ իրենք ունեն տնտեսության մեջ ներդրումների մեծ պահանջ, պակաս, կարիք եւ երբ որ տեսնում են, որ թեկուզ բարեկամ երկրներ որոշակի հոսքեր են լինում, հարց են տալիս, ասում են՝ բա ինչո՞ւ էդ տեսակ բաներ»,– ներդրումների պակասն ավելի շատ բարոյական հարթության մեջ փորձեց բացատրել Տիգրան Խաչատրյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031