ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ արտառոց հայտարարություն արեց ասելով, թե ԼՂ իշխանությունները նախկինում տեղյակ չեն եղել բանակցություններից, և Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերն ինքն է փոխանցել նրանց։
«Երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել։ Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել ինչ է բանակցվել դրանից առաջ, տեղյակ չեն եղել»,– ասել է Ն.Փաշինյանը։
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «168 ժամի» հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն «ինքնագոլ» անվանեց։ «Ես կարծում եմ՝ Հայաստանում և Արցախում, և ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում Փաշինյանի այս հայտարարությունը զավեշտ է առաջացրել։ Եթե Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացից, ապա ՄԽ համանախագահները, պարոն Անջեյ Կասպրչիկը, որը ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչն է, տարին մի քանի անգամ գնում էին Ստեփանակերտ, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և արտգործնախարարի հետ հանդիպում, ի՞նչ էին քննարկում՝ եղանակի տեսությո՞ւն, թե՞ տուրիստ էին գնում։ ՀՀ իշխանությունները, ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը գնում էին Արցախ, փակ հանդիպում ղեկավարության հետ, զորավարժություններ էին իրականացվում, պաշտոնական տեղեկություն էր հրապարակվում, որ քննարկվել է Արցախի հարցը, դա ի՞նչ էր։ Հենց Փաշինյանն ու ԱԺ այլ պատգամավորներ այցելել են Արցախ, քննարկել են Ղարաբաղյան կարգավորման գործընթաց։ Ի՞նչ է նշանակում՝ Արցախի ղեկավարությունը տեղյակ չէր»,– ասաց Է.Շարմազանովը։
Ըստ նրա՝ Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն էլ իր հնչեցրած գնահատականներում հստակ ասում է այդ մասին, պարզապես կոռեկտություն է պահում և չի խտացնում գույները։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ Ն.Փաշինյանը խոսել է ԼՂ իշխանություններին փաստաթղթեր փոխանցելու մասին, Է.Շարմազանովը պատասխանեց, թե փաստաթղթեր փոխանցելը մի բան է, բայց տեղյակ չլինելը՝ այլ. «Կարող է փաստաթղթեր չփոխանցեմ, բայց ամեն ինչ ասեմ։ Փաշինյանը բառացի անում է զավեշտալի խայտառակ հայտարարություն։ Պաշտոնապես հարյուրավոր մամլո հաղորդագրություններ են եղել, որտեղ քննարկվել է Ղարաբաղյան բանակցությունների ընթացքը։ Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ են քննարկել։ Այդ մարդը չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում պետության ղեկավար լինելը։ Քո կարծիքները կարդում են Մոսկվայում, Վաշինգտոնում, Բաքվում, Անկարայում։ Բաքվում ու Անկարայում կասեն՝ ինչ լավ նվեր ենք ստացել՝ Փաշինյանի դեմքով»:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում


















































