Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ռուբեն Սահակյանը Քոչարյանի գործով դատավորի մասին. «Այս անձնավորությունը կատարում է հիմնականում պատվեր»

Հունիս 21,2019 16:29

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում անդրադառնալով Քոչարյանին մեղսագրվող հանցանքին, ներկայացրեց նախադեպային որոշ որոշումներ, որոնց մասին գիտի նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը վարույթը կասեցրել է եւ դիմել ՍԴ:

«Դատավոր Գրիգորյանը գիտի, որ մենք ներկայացնում ենք նաեւ 2009 թվականի մարտի 31-ի գլխավոր դատախազության 6 դատախազների կայացրած որոշումները, համաձայն որոնց, դադարեցվել է 7 ակտիվիստների՝ Ալեքսանդր Արզումանյանի եւ մյուսների քրեական հետապնդումը: Այսինքն՝ դատարանը գիտի, որ արարքը 300.1 հոդվածով սահմանված, հանցագործություն է համարվում 2009 մարտի 24-ից: Սա մի պարզ տրամաբանություն է, որ այդ հոդվածը գոյություն չի ունեցել 2008 թվականին»,-ասաց փաստաբանը:

Նա մեկ այլ որոշում էլ ներկայացրեց. «Հայաստանի հանրապետության դեմ եղել է մի նախադեպային որոշում՝ Եվրոպական դատարանի՝ Հարություն Հարությունյանն ընդդեմ Հայաստանի: Ընդ որում, այս գործով անցել է ոչ միայն Հարությունյանն, այսպես ասած՝ որպես զոհ, այլ եւս 18 հոգի: Նրանք դիմել են եւ ասել են՝ արարքը, որի մեջ մեզ մեղադրում են այսօր, խոսքը 2006 թվականի մասին է, հանցագործություն չի համարվել: Եվ ՄԻԵԴ-ը որոշել է՝ ճիշտ է, չի համարվում: Ու կարեւոր փաստ հաստատվեց՝ արարքը, որի կատարման մեջ կասկածվում է Ռոբերտ Քոչարյանը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել: Իհարկե, ՄԻԵԴ որոշման մեջ Քոչարյան անուն չկար, գրված էր՝ անձը: Քոչարյանը նույնպես անձ է»:

Ռուբեն Սահակյանի խոսքերով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանն իմանալով նախադեպային որոշումների մասին, նրա մոտ կասկած է առաջացել եւ դիմել է ՍԴ. «Դա իր իրավունքն էր, ո՞վ իրավունք ունի բռնանալ իր վրա, բռնանալ կարող էր մի կերպ. Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսած լիներ այդ գործողությունը վերաքննության կարգով բողոքարկելու ընթացակարգը: Չկա: Ո՞վ իրավունք տվեց բողոքարկել եւ ո՞վ իրավունք տվեց դատավոր Դանիելյանին ընդունել այդ բողոքը վարույթ: Միայն նրա անձը, նրա կերպարը, որի մասին մենք մեր կարծիքը հայտնել ենք, ասելով՝ սա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքն է այդ անձի մասին, այլ ՀՀ փաստաբանների 90% -ի: Մեզ միացավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Ընդ որում, ասեմ՝ Արմեն Դանիելյանը (լուսանկարում) բավականին բարձր պրոֆեսիոնալ է իր մասնագիտության մեջ, այլ հարց է մարդկային հատկանիշները՝ կարողանո՞ւմ է ճիշտ, օրենքի տառին համապատասխան կիրառել, թե՞ անընդհատ քիթը պահում է այն ուղղությամբ, թե ինչպես է մտածում իշխանությունը ՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի, ժամանակին Սերժ Սարգսյանի, այսօր էլ՝ այսօրվա իշխանությունը»:

Սահակյանը վստահեցրեց, որ շատ հաճախ փաստաբանները դիմում էին Վերաքննիչ եւ խնդրում իրենց գործը չմակագրել դատավոր Դանիելյանին. «Սա վկայում է, որ այս անձնավորությունը կատարում է հիմնականում պատվեր: Կարող է պատվերն իջեցված չլինի, բայց բավական է ինքը զգա, թե՝ ինչպես է մտածում դատախազությունը ՝ այդ մասին անմիջապես արձագանքում է: Փաստաբան Երվանդ Վարոսյանը նկարագրել է մի դեպք, երբ 2 երիտասարդի եւ ոստիկանների միջեւ բախում էր եղել, մի քանի ոստիկան էին անցնում գործով, դատախազությունը Վերաքննիչ էր դիմել, այս երիտասարդներին կալանավորել էր դատավոր Դանիելյանը: Մի քանի ամիս անց պարզվել է, որ իրականությունն այլ է, երիտասարդներին բաց էին թողել, ոստիկաններին կալանավորել: Դանիելյանն ապօրինի ակտ էր կայացրել, պետք էր քրեական պատասխանատվության նրան ենթարկել»:

Անդրադառնալով երեկվա դատական նիստին, Սահակյանն ասաց. «Ինձ մոտ տպավորություն էր, որ դա նախապես ծրագրված գործողություն էր, նախապես որոշված էր, որ դատավորը մի քանի անգամ հարցեր կուղղի, Խուդոյանին հարցնում էր՝ դուք սա՞ եք անելու, նա՞ եք անելու: Բայց ես չէի պատկերացնի, որ այս աստիճանի լկտիություն կլիներ Վերաքննիչ դատարանի անդամի կողմից»:

Դատավոր Դանիելյանը երեկ տուժողի իրավահաջորդներից հերթականին լսելուց հետո, ինչպես պատմեց Սահակյանը, ասաց՝ հիմա դատարանը տեղում խորհրդակցելով՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումը կանի 1-2 րոպեից. «Մի երկու շարժում արեց, որը տեւեց 5 վայրկյան, հետո անմիջապես գլուխը կախեց եւ կարդաց՝ հարկ եմ համարում արձանագրել՝ թեեւ մենք ընթացակարգ էինք սահմանել եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ ուներ պատրաստի գրված 5 տող: Ե՞րբ էր գրել, չէ՞ որ նա դեռ չէր լսել դատախազներին եւ տուժողների կարծիքը, վաղօրո՞ք, իհարկե, վաղօրոք: Ո՞ւմ հետ էր համագործակցել: Գիտեմ, բայց չեմ կարող բարձրաձայնել, որովհետեւ չեմ կարող ապացուցել: Մենք տեսանք, որ այդ անձնավորությունը պատրաստ է ամեն ինչ անել դատախազության կարծիքը պաշտպանելու համար»:

Անդրադառնալով Քոչարյանի անձեռնմխելիությանը, Ռուբեն Սահակյանն ասաց. «Սահմանադրության նորմով ՀՀ նախագահն իր կարգավիճակից բխող գործողություններում անձեռնմխելի է, սա առանձնացրել է, (կոպիտ թող չհնչի), ասել է՝ ինչ-որ կանես՝ առանց վախենալու արա այն գործողությունները, որոնք բխում են քո կարգավիճակից: Դու իրավունք ունես, արտակարգ դրություն մտցնես՝ մտցրու, դու իրավունք ունես պատերազմ հայտարարել՝ հայտարարի, իրավունք ունես զանազան գործողություններ իրականացնես, որոնք կարող են բացասական երեւույթներ առաջացնեն հետագայում, եւ հետո քեզ կմեղադրեն, թե՝ ինչո՞ւ դու քո կարգավիճակից բխող գործողությունները կատարեցիր՝ պետք է լիներ երկու զոհ, եղավ այսքան զոհ կամ պետությունը խոշոր վնասներ կրեց: Սա արել են, որպեսզի նախագահն անկաշկանդ գործի: Եվ սա միայն Հայաստանում չէ: Սա Ֆրանսիայում էլ կա, Սարկոզիի նկատմամբ 9 քրեական գործ կա հարուցված: Չեն կարողանում քրեական պատասխանատվության ենթարկել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930