Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ. մտահոգիչ է մեկ տարվա ընթացքում 80 հազար դրամով թանկացումը. «Ժողովուրդ»

Հուլիս 11,2019 12:53

Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ։ Ընդ որում՝ այս տարվա մայիսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, Երեւանի տարբեր վարչական շրջաններում դրանց գինը բարձրացել է, իսկ ՀՀ մարզային քաղաքներում, հակառակը, էժանացել կամ էլ գները պահպանել են նախորդ տարվա մակարդակը։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ի միջին գինը մայիսին կազմել է 595 հազար դրամ կամ 1234 դոլար, ապրիլին՝ 590 հազար դրամ։ Իսկ, ահա, նախորդ տարվա մայիսի համեմատ՝ այս տարվա նույն ժամանակահատվածում Երեւանի կենտրոնում բնակարանները վաճառվել են մեկ քմ-ն 515 հազար դրամով։

Համաձայնեք, որ մտահոգիչ է մեկ տարվա ընթացքում 80 հազար դրամով թանկացումը։ Ավելին, ըստ անշարժ գույքի շուկայի մասնագետների՝ մեկ ամսվա ընթացքում 5000 դրամով թանկացումը եւս մտահոգող է։

Մայրաքաղաքի մյուս բանուկ թաղամասում՝ Արաբկիր վարչական շրջանում եւս բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է. այստեղ եթե ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել Է 404 հազար 100 դրամով ապա մայիսին այն ունեցել Է 408 հազար դրամ արժեքը։ Իսկ, ահա, նախորդ տարվա մայիսին այն վաճառվել է 363 հազար 500 դրամով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ Երեւանի մյուս վարչական շրջաններում նույնպես բնակարանի թանկացում է արձանագրվել։ Օրինակ՝ Աջափնյակ վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 275 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 278 հազար 200 դրամ, Ավանում՝ 268 հազար 100 դրամից դարձել է 270 հազար 100 դրամ։

Իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթունում 296 հազար 100 դրամից բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է՝ դառնալով 300 հազար դրամ, Դավթաշենում՝ 312 հազար դրամից դարձել է 314 հազար 500 դրամ։

Ըստ մասնագետների՝ անշարժ գույքի շուկայի աշխուժացմանը նպաստել են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք հնարավորություն են տվել պայմանագրային աշխատողներին նորակառույցներում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերել եկամտահարկի հաշվին։

Իսկ, ահա, երկրորդ պատճառը բանկերի կողմից վարվող քաղաքականությունն է, ինչի արդյունքում նվազել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքը։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031