Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան. «Ասում են, թե որոշողը ժողովուրդն է, բայց հայտ են ներկայացնում, որ իրենց քաղաքական ուժը պետք է որոշի, թե ժողովուրդն ինչ կարող է որոշել». «Իրատես»

Հուլիս 16,2019 08:31

Հատված «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին օգնական ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հարցազրույցից:

– Նախապես հայտարարված ի՞նչ «սկզբունքներից» են իշխանությունները հետ կանգնել:

-Պայմանավորվածությունների առաջին խախտումը եղել է օլիգարխիկ շրջանակներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալը: Հարթակից հստակ հայտարարվել է, որ այնպիսի քաղաքականություն են մշակելու, որ այդ մարդիկ ոչ թե առաջադրվելու արգելք ունենան՝ ձեռք ու ոտք կապելով, այլ որ իրենք անձամբ դրա մոտիվացիան չունենան ու չցանկանան Ազգային ժողովում լինել: Այդպիսի քաղաքականություն չի մշակվել, ու Ազգային ժողովում այսօր կա օլիգարխիկ խմբակցություն, իսկ հարցը մեր կողմից բարձրաձայնելուց հետո պետական կառավարման ամբողջ համակարգը լծվել է այդ խնդիրը լղոզելուն՝ հատուկ քննչական ծառայությունը, գլխավոր դատախազը, էթիկայի հանձնաժողովը, Ազգային ժողովի խորհուրդը, խմբակցությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր ասուլիսներից մեկի ժամանակ այն գցել է իրավապահների վրա ու քաղաքական որևէ գնահատական չի տվել: Փաստական հանգամանքներով ներկայացրել ենք, որ տվյալ մարդը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, իր բիզնես շահերն է ներկայացնում խորհրդարանում:

Ասել էին նաև, որ նոր Ընտրական օրենսգրքի լինելիության պայմաններում միայն կգնան արտահերթ ընտրությունների, բայց արտահերթ ընտրություններն անց են կացվել առանց նոր ԸՕ-ի: Ավելին՝ իրենք կանխատեսելի միջավայր են փոխել: Այսինքն, բոլորը պատրաստվում էին մայիսի ընտրություններին, բայց դրանք դեկտեմբերին տեղի ունեցան: Շատ ավելի ցածր անցողիկ շեմի տրամաբանությամբ էին առաջնորդվում, իսկ անցողիկ շեմի փոփոխություն տեղի չունեցավ: Եվ երբ արդեն Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրված էր, ու ԸՕ-ն անցկացնելը` այլևս անհնար, դա եղավ վերջին շտրիխը, ու ես ազատման դիմում գրեցի:

Ասում են, թե որոշողը ժողովուրդն է, բայց հայտ են ներկայացնում, որ իրենց քաղաքական ուժը պետք է որոշի, թե ժողովուրդն ինչ կարող է որոշել: Խաղի կանոններն այդպես չեն լինում: Ժողովուրդը կարող է որոշել ամեն ինչ մարդու իրավունքների և համընդհանուր ազատությունների շրջանակներում: Ցանկացած բան, որ չի խախտում որևէ մեկի իրավունքը, կարող է որոշել: Հարցը վերևից է դրվում՝ իմպերատիվ ձևով, որ այսպես է լինելու ու վերջ, կոմպրոմիս լինել չի կարող:

Մյուսը Սահմանադրության հետ կապված խնդիրն է: ՀՀ-ում ես չգիտեմ մի ուժ, որ կասկած ունենա` գործող Սահմանադրությունը կեղծվա՞ծ է, թե՞ ոչ, ժողովրդի կամքը չարտահայտող Սահմանադրություն ունենք հիմա, ու կանգնել հայտարարել, թե նոր ենք ընդունել այն, թողնենք մի քիչ աշխատի, հետո կտեսնենք՝ ինչ ենք անում, անթույլատրելի է: Կարծես երեխայի համար հեծանիվ գնած լինեն, ու ասում են` բալիկ ջան, սպասիր, մի քիչ կմաշվի, նորը կգնենք: Սա մանկամիտ մոտեցում է:

-Նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի հագով, բայց նա այդ կոստյումը կարծես չի ուզում հանել:

-Կառավարողների մեջ վախի զգացում եմ նկատում, այն առումով, որ այժմ որոշակիորեն կարգուկանոն կա: Իսկ եթե ասեն, թե Սահմանադրությունը կեղծված է, ապա ինչ հայտարարություն էլ անեն, նրանց հակադարձելու են՝ եթե մայր օրենքը կեղծված է, դուք իրավական ի՞նչ հիմքերով եք նման հայտարարություն անում: Առկա իրավիճակն ամբողջությամբ չգիտակցելը նույնպես կարող է պատճառ լինել Ձեր նշածի համար: Այսօր երկրում մեկ լեգիտիմ բան կա. դա Նիկոլ Փաշինյանի անձն է: Իրավական որևէ այլ ակտ, հարաբերություններ կանոնակարգելու այլ ձև, քան Նիկոլ Փաշինյանի կամքը, չկա: Բայց այդ լեգիտիմությունն անծայրածիր չէ: Եթե մի օր այն պակասեց, մարդկանց միջև վեճերը կանոնակարգելու խնդիր է առաջանալու: Եթե մարդիկ Սահմանադրության հետ համաձայն չեն, դա շատ վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել:

Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031