Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պաշտպանում եմ Քոչարյանին՝ պաշտպանելով նաեւ ինձ դրանով»

Օգոստոս 02,2019 14:00

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ եթե Քոչարյանը չտար հրաման արտակարգ դրության, զոհեր լինեին, այսօր ես կողմ կլինեի, որ նրա նկատմամբ գործ հարուցեին պաշտոնական պարտականությունները չկատարելու, անգործության համար:

ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ ասուլիս էր հրավիրել եւ պատմում էր, թե ինչքան լավն են եղել Քոչարյանի ղեկավարած տարիները Հայաստանի համար:
«Առավոտի» հետ զրույցում հարցին՝ ձեր ասուլիսից հետո ուզեք, թե չուզեք՝ մարդիկ խոսելու են այն մասին, որ Քոչարյանին եք աջակցում, ուրեմն ձեզ փող են տվել՝ խոսում եք, կարո՞ղ եք ցրել հասարակության այս մտայնությունը՝ Մարգարյանը պատասխանեց. «Իմ պատգամավորության 5 տարիների շրջանում ես միշտ ունեցել եմ ոչ թե անձնական, օդի մեջ ելույթ, որ էս ինչ վատն եք դուք, այլ եղել եմ ընդդիմադիր գործիչ, ասել եմ՝ սա վատն է, պետք է սա անել: Երբ որ այսպիսի ելույթ եմ ունեցել, հաջորդ օրը մամուլը սկսել է գրել, որ ա՛յ քոչարյանական թեւն է սա, Քոչարյանից է: Քոչարյանն այդ տարիներին բացարձակ որեւէ առնչություն չուներ քաղաքականության հետ: Հիմա ինչքան էլ ասենք այդպես չի, անիմաստ է այդ մասին խոսելը: Ես ինձ վատ չեմ զգում, եթե ասեմ, որ Քոչարյանին պաշտպանում եմ: Ես պաշտպանում եմ Քոչարյանին՝ պաշտպանելով նաեւ ինձ դրանով: Մի բանը, որ անում են մեկի նկատմամբ, այն էլ՝ նախկինում նախագահ Ղարաբաղում եւ Հայաստանում, ուրեմն ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ կարող են անել եւ մարդ չի էլ իմանա: Այսինքն, պետք է երկրում վերացնել անելու այդ սովորույթը, անելու ձեւը, ոչ թե ասել՝ էս մեկին պաշտպանենք կամ էն մեկին»:

Հարցին՝ ի՞նչն է անարդարացի այս պահին Քոչարյանի նկատմամբ՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Այն մոլուցքը, որով ամեն ինչով իրեն ուզում են բանտում պահել: Քրեական գործում, ուղիղ մեկ տարի է, այդպես էլ որեւէ համոզիչ բան չասվեց: Ինչ խոսվում է քրեական գործի մասին, ով խոսում է՝ դա կլինեն քննիչները, դատի ժամանակ ելույթներ, դրանք գնում են Մարտի 1-ին զոհերը, բայց զոհերով ոչ մի գործ չի հարուցվել: Զոհերով Քոչարյանն էլ նույն բանն է ասել՝ եղբայր, հարուցեք գործ այդ հոդվածով: Քոչարյանի դեմ չկա հարուցված որեւէ գործ, որ ինքն է մեղավոր զոհերի համար: Եթե չկա, սահմանադրական կարգի տապալման մասին որեւէ տրամաբանական բացատրություն առ այսօր չի տրվել»:

Մեր դիտարկմանը, որ պատճառահետեւանքային կապ կա, տրամաբանական շղթայով եթե գնանք, եթե ապացուցվեց, որ Քոչարյանը սահմանադրական կարգ է տապալել, հրաման է տվել բանակը հանելու ցուցարարների դեմ, ցուցարարների վրա կրակել են, եղել են զոհեր՝ Մարգարյանը պատասխանեց. «Կարող է Քոչարյանը որ չտար հրաման արտակարգ դրության, զոհեր լինեին, այսօր ես կողմ կլինեի, որ նրա նկատմամբ գործ հարուցեին պաշտոնական պարտականությունները չկատարելու, անգործության համար: Երբ քաղաքում գնում է այնպիսի իրավիճակ, որ շատ, սարսափելի լարված իրավիճակ է, ես հիշում եմ, ժողովրդի մեջ եմ եղել, տեսել եմ ամեն ինչը…»: Հարցին՝ ի՞նչ եք տեսել Մարտի 1-ին՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Հարբած մարդիկ եմ տեսել, զենքեր չեմ տեսել իմ աչքով, բայց մթնոլորտը շիկացած էր, մի բառ բավական էր, որ լարված մասսան ամեն ինչի գնար: Բնականաբար, այդ օրը խանութները ջարդեցին, անկարգություններ կային ու էդ պարագայում կենսական ապահովման օբյեկտներ կային, որոնք պիտի պահպանվեին եւ բանակի օրենքով դա բանակի վրա էր դրված, այդ օբյեկտները չպաշտպանելը եւ բանակը չբերելը, եթե մի բան լիներ, ես կարծում եմ, որ արժեր դրա համար դատել: Կա իրավիճակ, որ անում ես: Զոհեր են եղե՞լ՝ ապացուցեք Քոչարյանի մեղքը: Կամ երկու երկրի ղեկավար է եղել, ՀՀ վարչապետ է եղել, որի օրոք, այնուամենայնիվ, իրենց կողմից ասում են վատ բաներ, ես էլ ասում եմ՝ նաեւ լավ բաներ են եղել, բազմաթիվ լավ բաներ են եղել, ես լավ հիշում եմ: Հիմա ի՞նչն է խնդիրը, որ անպայման ինքը պիտի կալանքի տակ լինի, բանտում լինի»:

Դիտարկմանը, որ Քոչարյանը, լինելով բարձր պաշտոնների, լուրջ լծակներ ունի ազդելու գործի ընթացքի վրա՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Հիմա ես չեմ ուզում անուններ տալ, բայց երբ իրենց թիմակից երկու պաշտոնյան… գործ է հարուցվում իր նկատմամբ, ոչ ոք չի ասում, որ պիտի կալանավորեն: Իրենք ուզում են անպայման Քոչարյանին նստացնեն, սա՛ է խնդիրը: Դա երեւում է իրենց վարքից, դատարանների նկատմամբ ճնշումներից, ամեն ինչից: Սա ինձ անհանգստացնում է, եղբա՛յր դու շարքային քաղաքացի չես, որ ասես՝ դրան պիտի խփել, սպանել եւ այլն: Դու երկրի ղեկավար ես այլեւս, ժուռնալիստ չես, քաղաքական գործիչ չես ազատ, ընդդիմադիր չես, պատգամավոր չես, դու երկրի ղեկավար ես: Իր պահվածքը պետք է լինի իդեալական, աստվածային, ինքը պիտի լինի արդարադատության մարմնավորում, բայց լրիվ հակառակն է գնում: Եթե ես չասեմ՝ ինչո՞ւ եք Քոչարյանին դատում, սա նշանակում է, որ եթե լռելով մեկն անցնի, մյուսն է գնում, մյուսը եւ դա կդառնա նորմ երկրում»:

Ըստ Ստեփան Մարգարյանի, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը, որն առաջադրվել է Քոչարյանին, անհեթեթություն է. «Ո՞րն էր սահմանադրական կարգի տապալումը, այսինքն, ինչո՞վ ենք հիմնավորում: Սահմանադրական կարգի տապալում կլիներ, եթե ընդդիմությունը հաղթած լիներ, քվեները ձեռքները լինեին հստակ, ամեն ինչ արած՝ Քոչարյանը զորքը մտցներ, ասեր՝ թույլ չեմ տալիս: Դա կլիներ տապալում, հիմա ի՞նչ է եղել»:

Երբ հիշեցրինք, թե Մարտի 1-ի հավաքը ինչի հետեւանք էր, հետընտրական գործընթացներ էին, որովհետեւ հասարակությունը ընտրությունների այդ արդյունքները չէր ընդունում, գտնում էին, որ ընտրություններին ընդդիմությունն է հենց հաղթած եղել՝ Ստեփան Մարգարյանն ի պատասխան ասաց. «Ո՞ւր է փաստը, ինչ-որ մի բան, որ ինձ համոզեր: Ասեք, ես հիմա վեր եմ կենում եւ հայտարարում եմ, որ նախորդ ընտրություններին մենք հաղթել էինք 100%-ով, մեր ընտրությունները կեղծել էին, կհավատա՞ք դրան»:

Մեր դիտարկմանը՝ փաստը հակաքոչարյանական մթնոլորտն է, որը ձեւավորվել էր՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Դա իրավական կատեգորիա չի, ոչ մի կապ չունի արդարադատական գործընթացի հետ: Չի կարելի երկրի նախագահին դատել, առանց հիմնավոր փաստերի կալանավորելու նախադեպ ստեղծել, դա շատ վատ բաների կբերի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garo says:

    Իսկ եթե ապացուցվի, որ խաղաղ ցուցարարները մոլոտովի կոկտեյլներով, մետաղյա ձողերով գրոհել են ներքին զորքերի 18ամյա զինվորների վրա: Ոստիկանությունն ու ներքին զորքերնել պատասխանել են չերյոմուխաներով ու մակարովի ատրճանակից կրակելով:
    Կարելիա ասել էտ ապացուցվածա: Առնվազն 5ցուցարար սպանվելա չերյումուխայով ու մակարովի ատրճանակով:
    Բանակը սովորաբար չերյոմուխայով չի կրակում:

    Միակ իբր բացահայտված սպանության համար մեղադրանքը առաջադրվածա ներքին զորքերի սպայի, այսինքն նիկոլենց հետաքննությունովել ապացուցվածա, որ բանակը ցուցարարների հետ չի բախվել:

  2. Anonymous says:

    Պարոն Մարգարյան Իսկ ինչու հոկտեմբերի 27-ին չմեղադրեցիք Քոչարյանին իր պարտականությունները չկատարելու համար: Հանրապետության նախագահը ապահովում է օրենսդիր և գործադիր մարմինների բնականոն աշխատանքը, Այնպես որ ստի ոտը կարճ է

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031