Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ վնասակար նյութերի անցումը Սեւան լինի կրկնվող գործընթաց». Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի խնդրի մասին

Օգոստոս 26,2019 18:15

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել էր հանքի շահագործման հետեւանքով Սեւանի հնարավոր աղտոտմանը՝ ասելով. «Փորձագետներն ասում են՝ եթե ընդունենք, որ երկրաշարժ կլինի, ջրերը կլցվեն Կեչուտի ջրամբար, հետո՝ Սևան կհասնեն…բայց դա որոշակի ազդեցություն չի ունենա Սևանի կոնցենտրացիայի վրա»: «Համաձայն չեմ դրա հետ, որովհետեւ երկրաշարժն այնպիսի երեւույթ է, որ միանշանակ կանխատեսել հնարավոր չէ: Ավելին, հնարավոր է՝ ջրային ռեսուրսների հարաբերությունն այնպես փոխվի, որ մի անգամ չէ, որ վնասակար այդ նյութերը կանցնեն Սեւան: Դա կլինի կրկնվող գործընթաց, ուստի ասել, որ հանքի շահագործումը Սեւանին վնաս չի տա, ճիշտ չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում Սեւանի հետ կապված Յուրա Իվանյանի դիտարկման վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց բնապահպան, ՄԱԿ-ի ազգային փորձագետ Կարինե Դանիելյանը՝ շեշտելով՝ փորձը ցույց է տալիս, որ ստորգետնյա եւ վերգետնյա ջրերն իրար հետ կապված են:

Հիշեցնենք, որ ըստ հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության 2016թ.-ի ուսումնասիրության տվյալների՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերը կարող էին լցվել Կեչուտի թունել ու հասնել Սեւանին, իսկ «ԷԼԱՐԴ»-ի փորձաքննության համաձայն՝ դա հերքվում է։ Ասուլիսի ընթացքում Յուրա Իվանյանը նաեւ ասել էր, որ Ամուլսարի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի է համարում, եթե «Լիդիան Արմենիա»-ի կողմից մեղմման միջոցները կիրառվեն լրացուցիչ միջոցառումներով: Այս առնչությամբ էլ Կարինե Դանիելյանը նկատեց՝ մինչեւ հիմա մենք մետաղական հանքարդյունաբերությունում, եւ ոչ միայն, որեւէ դրական փորձ չենք ունեցել, ուստի հավատալ չենք կարող:

«Ամուլսարի հանքը բարդ է եւ տեսակով յուրահատուկ, ինչը փաստված է նաեւ «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունում: Դրանում, ի դեպ, մեծաքանակ ռիսկեր կան նաեւ: Ասվում է, թե որքան թերի է հանքարդյունաբերողի կողմից կատարված ուսումնասիրությունը»,-եզրափակեց Կարինե Դանիելյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031