Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիկ Հակոբյանը չկա, բայց կա իր գրությունը». Հայկ Ալումյան

Սեպտեմբեր 02,2019 14:30

Քոչարյանի վարկածը, որ Մարտի 1-ին ցուցարարները զինված են եղել, պաշտպանները փորձում են ապացուցել՝ վկայակոչելով ԱԱԾ նախկին պետ, հանգուցյալ Գորիկ Հակոբյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն օրերս հրապարակեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրերը՝ ցույց տալու, որ մինչեւ Մարտի 1-ը նա էլ է բանակն օգտագործել՝ զանգվածային անկարգությունների ժամանակ:

Որպես օրինակ, Ալումյանը բերեց 1993-ի փետրվարի 8-ին արձակած հրամանագրերից մեկը, որն ասում է՝ «Արմավիրի մարզի Ջանֆիդա եւ Փշատավան գյուղերում զինված խմբավորումների հրահրած հակաօրինական, հակահասարակական գործողությունները կանխելու, Թուրքիայի հետ ՀՀ սահմանամերձ գոտում ՀՀ անվտանգությունն ապահովող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու եւ կարգուկանոնը վերականգնելու նպատակով որոշում եմ Արմավիրի շրջանում հայտարարել արտակարգ դրություն՝ մեկ ամիս ժամանակով: Սույն հրամանագրի կատարման պարտականությունը դնել ՀՀ ներքին զորքերի, ՊՆ-ի եւ ազգային անվտանգության պետական վարչության վրա»:

«Առավոտը» պարոն Ալումյանին հարցրեց՝ ձեր մատնանշած հրամանագրից պարզ է, որ այն հետապնդում է Թուրքիայի հետ ՀՀ սահմանամերձ գոտում երկրի անվտանգությունը պահելու, վտանգավոր միջադեպերից խուսափելու նպատակ, ու, բացի այդ, տվյալ դեպքում եղել են զինված խմբավորումներ, իսկ Մարտի 1-ի հավաքը Երեւանում էր, սահմանի խնդիրը չկար, հետեւաբար չի՞ ստացվում, որ ձեր բերած օրինակը տեղին չէր: Պարոն Ալումյանը պատասխանեց. «Դա պատճառներից մեկն էր բերված, որ քանի որ սահմանին մոտ է գտնվում Ջանֆիդա գյուղը, Թուրքիայի սահման է եւ այլն,… բայց ամեն նախագահ ինքն է որոշում՝ տվյալ իրավիճակը անվտանգության համար սպառնալիք պարունակո՞ւմ է, թե՞ չէ, որովհետեւ սահմանադրությամբ տրված է նախագահին: Մի դեպքում անվտանգությանն է սպառնում, որովհետեւ Թուրքիայի սահմանին մոտ է, մյուս դեպքում, որովհետեւ այդ տեղը, որտեղ կատարվում են այդ իրադարձությունները, շատ մոտ է, ենթադրենք, կառավարության շենքին կամ Կենտրոնական բանկին: Ամեն դեպքում մի բանը կարող էր լինել որոշիչ: 1996-ին էլ զորքեր են բերվել, որովհետեւ գրոհում էին Ազգային ժողովը: Ամեն իրավիճակում ինչ-որ գործոն կարող է որոշիչ դեր խաղալ: Դա հո չպիտի՞ մեկը մյուսի պատճենը լինի: Ամբողջ գաղափարն այն է, որ երբ անձն ընտրվում է նախագահ, իրեն ընտրում են՝ լիազորությունն էլ են տալիս հետը միասին, որ սրանից հետո դու կորոշես՝ երկրի անվտանգությանն ինչի արդյունքում է սպառնալիք»:

Երբ Հայկ Ալումյանին հարցրել էինք՝ դուք այս ամենը ներկայացնում եք՝ ելնելով այն կանխավարկածից, թե ցուցարարները խաղաղ չեն եղել, մինչդեռ մեղադրանքում եւ հասարակության շրջանում հակառակ վարկածն է՝ ցուցարարները խաղաղ են եղել՝ նա պատասխանել էր՝ «Լավ, եթե ցուցարարները զինված չեն եղել, որտեղի՞ց այսպիսի հարաբերակցությունը՝ 32 վիրավոր ցուցարար, 187 վիրավոր ոստիկան, այն դեպքում, երբ ոստիկաններն ամբողջությամբ հատուկ համազգեստով են եղել՝ սաղավարտ, վահան, ոտքերը պաշտպանող հատուկ հագուստ ու այդ պայմաններում 187 ոստիկան է վիրավորվել, ընդ որում՝ այրվածքներ են ստացել եւ բեկորային վիրավորումներ: Բա այդ հարաբերակցությունը որտեղի՞ց»:

Ալումյանին հիշեցրինք, որ մինչեւ Մարտի 1-ի բախումները, արյունալի դեպքերը, որեւէ միջադեպ չէր գրանցվել, ուստի ինչպե՞ս կարող են հետո պնդել, որ ցուցարարները զինված են եղել՝ նա պատասխանեց. «Եղել է, եղել է: Դա էլ կարող եմ ասել: Գորիկ Հակոբյանը անընդհատ Ռոբերտ Քոչարյանին, նույնիսկ երբ նա Մոսկվայում է լինում, անընդհատ զանգում է ու ասում՝ էստեղ վիճակը վատ է, հավաքվածների մեջ զինված մարդիկ կան, դրա համար է Ռոբերտ Քոչարյանն այնտեղից գալիս»:

Մեր դիտարկմանը, որ հիմա Գորիկ Հակոբյանը չկա ու իրեն կարելի է վերագրել ինչ ասես, ճի՞շտ է վկայակոչել մարդու, որը մահացել է, Ալումյանը հակադարձեց. «Գորիկ Հակոբյանը չկա, բայց կա իր գրությունը»:
Հարցին՝ Գորիկ Հակոբյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նույն «նավի մեջ էին», նրանք կարող էին այդ ամենը պոստ-ֆակտում սարքել անգամ գրավոր գրություններով, հնարավոր չի՞, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Լավ, այնտեղից գնացին այնտեղ, ու զենքը հենց այդ պահի՞ն հայտնվեց ձեռքներին»:

Ալումյանին հարցրինք՝ որ ասում եք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը զորք է հանել 93-ին, 96-ին, ու հիմա Քոչարյանին, եթե այդ նույն բանի համար կալանավորում են, ուզում եք ասել՝ թող Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն էլ կալանավորեն, եթե Տեր-Պետրոսյանին կալանավորեն, ամեն ինչ տե՞ղը կընկնի այդ դեպքում, նա պատասխանեց. «Չէ, ես ուզում եմ ցույց տալ, որ այս գործը քաղաքական աստառ ունի, որովհետեւ եթե խոսքը զուտ քրեաիրավական ոլորտից է, ուրեմն նույն արարքը մեկ՝ էստեղ, մեկ՝ էնտեղ, ընդ որում, էստեղ ավելի մեծ մասշտաբներով, բայց էս մարդուն՝ ոչ մի բան, իսկ էն մարդուն դրել են մինչեւ վերջ… դատավորներն էլ են ասում՝ հիմնավոր չի, էլի, թե՝ չէ՛, պիտի կալանավորեք, դատարանները կփակենք, ձեզ վեթթինգ կանենք… հասկանո՞ւմ եք, չի կարելի էլի էդպես»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30