Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու պատմական շքեղ փողոցը քանդվում է

Սեպտեմբեր 09,2019 22:25

Լուսանկարներում Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Շիրազի անվան փողոցն է, որի վերանորոգումը սկսվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այս քաղաքի պատմական կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու ծրագրի շրջանակներում։ Փողոցի պաշտոնական բացումն էլ կատարվեց այս տարվա օգոստոսի 25-ին՝ Գյումրու տոնին, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր ընտանիքով։

Սակայն, ինչպես պնդում են այս փողոցի բնակիչները, մի հատվածն արագ քանդվում է, պատճառն այն է, որ այս փողոցից դեպի հարակից սեփական տներ տանող նրբանցքը ասֆալտապատման ժամանակ անտեսվել է։ Անձրևաջրերը դար հիշեցնող հատվածից հոսում են դեպի Շիրազի փողոց՝ ցեխն ու խոշոր քարերը թափելով այնտեղ ու փչացնելով նոր փռված ասֆալտը։

Aravot.am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին փոխանցեց բնակիչների մտահոգությունը՝ հետաքրքրվելով՝ մի՞թե հնարավոր չէ մոտ 10 մետր երկարություն ունեցող նրբանցքը ևս ասֆալտապատել ՝ կանխելով պատմական փողոցի քարուքանդ լինելը։

Քաղաքի ճարտարապետն ասաց․ «Բնակիչները մեզ բողոք էին ներկայացրել նաև ձմռանը՝ խնդրելով լուծել ասֆալտի հարցը։ Մենք բանակցեցինք շինարարների հետ, որպեսզի նախագծի փոփոխություն անեին, այդ 10 մետրը ևս ներառեին, սակայն նախագիծը չփոխվեց, ու այն մնաց անլուծելի։ Նույնիսկ բնակիչների կողմից առաջ էր քաշվել աստիճաններ տեղադրելու հարցը»։

Մեր ճշտող հարցին՝ մի՞թե հնարավոր չէ համայնքը իր միջոցներով լուծի այդ 10 մետրն ասֆալտապատելու հարցը, քաղաքի գլխավոր ճարտարապետն ասաց, որ փողոցը վերանորոգող շինարարը, թերևս, հնարավորություն ունի հարակից, անցումային 5-10 մետր հատվածները ներառելու, բայց համայնքը չի կարող 10 մետրանոց ծրագիր իրականացնել, եթե այս պահին սկսի այդ 10 մետր հատվածը ասֆալտապատել, ապա ստիպված կլինի ամբողջ նրբանցքը վերանորոգել՝ հասնելով թիվ 14 փողոց, հետևաբար և պիտի մտածել նրբանցքների համար առանձին ծրագիր մշակելու մասին։

Հիշեցնենք, որ 700 մետր երկարություն ունեցող այս փողոցը վերանորոգվեց Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, շինաշխատանքներ իրականացնողը «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունն էր։

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր պատմական այս փողոցում կարմիր ասֆալտ փռել, սակայն քաղաքային իշխանությունները, որոշակի հաշվարկներ կատարելով, հրաժարվեցին՝ ծախսատար լինելու պատճառաբանությամբ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30