Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը չի պատկերացնում՝ ինչպիսի քաղաքական գործիչ կարող է լինել Վանեցյանը

Սեպտեմբեր 17,2019 20:07

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը չի պատկերացնում՝ ինչպիսի՞ քաղաքական գործիչ կարող է լինել ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ երեկ պարոն Վանեցյանը հրաժարական ներկայացրեց զբաղեցրած պաշտոնից:

Այսօր Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է մի օր մտնի քաղաքականություն:

Պարոն Սաքունցի խոսքով, հեղափոխությունից հետո բնական է, որ պետք է ձեւավորվեն նոր քաղաքական կուսակցություններ, ուժեր, որոնք, այս տարիներին, առնչություն չեն ունեցել պետության զավթման այդ քաղաքական համակարգի հետ. «Պետության զավթման այդ ամբողջ գործընթացի համար պատասխանատու են այն քաղաքական ուժերը, որոնք մասնակից են դարձել, օրինականացրել են պետության զավթման այդ գործընթացը: Հեղափոխությունից հետո, ժողովրդավարական վերականգնման այս ժամանակահատվածում, պետք է նաեւ քաղաքական համակարգը վերականգնվի, որը որպես այդպիսին ոչնչացված է եղել: Բայց քաղաքական ինստիտուտները պետք է ձեւավորվեին, ոչ թե անձերի շուրջ, որպիսին տարիներ շարունակ եղել է այլ՝ գաղափարների,  սկզբունքների, փոփոխությունների շուրջ, արժեքային համակարգերի շուրջ, ինչ արժեքներ են ընկած լինելու այս կամ այն նոր ձեւավորվող քաղաքական ուժի հիմքում»:

Այս առումով ի՞նչ է անելու Ազգային անվտանգության նախկին պետը՝ Արթուր Վանեցյանը, Արթուր Սաքունցը չի կարող որեւէ կանխատեսում անել, քանի որ ծանոթ չէ արժեքային համակարգի նրա մոտեցումներին, գնահատականներին եւ՝ որեւէ հրապարակային հայտարարության. «Ինքը չէր էլ կարող անել, որովհետեւ ծառայության բնույթն այնպիսին է: Բայց երեւում է, որ այնուամենայնիվ, ինքը ընկալել է, որ ազգային անվտանգության պետը ունի այն քաղաքական դերակատարումը, եւ իհարկե, այստեղ հարցեր են առաջ գալիս, որովհետեւ, եթե մենք այս գործընթացում ականատես լինեինք ազգային անվտանգության ծառայության  ժողովրդավարական դերին, գուցե հնարավոր լիներ ինչ-որ կանխատեսում անել:

Բայց, քանի որ չի ներկայացվել այդ մոտեցումները, դժվար է պատկերացնել կամ եզրակացնել՝ ինչպիսին կարող է լինել այդ քաղաքական ուժը, որը հայտ կներկայացնի հանձինս Արթուր Վանեցյանի: Ես շատ քիչ եմ հիշում, որ ԱԱԾ ղեկավարը քաղաքականությամբ զբաղվի, որովհետեւ իրենք պետք է ունենան քաղաքական գործչի, քաղաքական գործիքներին, մեխանիզմներին տիրապետելու փորձառություն, որը, ըստ էության, չկա: Երկրորդ՝ եթե ելնենք այն բանից, որ Ազգային անվտանգության ծառայությունը, տարիներ շարունակ, միայն գործիք է հանդիսացել պետության զավթմանը, որը դրսեւորվել է համակարգային կոռուպցիոն հանցագործությունների չբացահայտմամբ, կոծկմամբ, հովանավորմամբ, քաղաքական ընդդիմադիրների եւ քաղաքացիական շարժումների ներկայացուցիչների նկատմամբ «դոսյեներ» հավաքելով, ես դրա վերաբերյալ որեւէ գնահատական տալ չեմ կարող՝ ինչպիսին կարող է լինել»:

Արթուր Սաքունցի խոսքով, եթե քաղաքականության մեջ մասնակցելու է իր անձով, ապա կլինի կրկնությունը նախորդ քաղաքական համակարգի, որը բովանդակային առումով չի կարող որեւէ նշանակություն ունենալ. «Ինքը նույնիսկ ինստիտուցիոնալ առումով շատ կարճ կյանք կարող է ունենալ, որովհետեւ այն խնդիրները, տարիներ շարունակ չեն լուծվել եւ ժողովրդավարական վերականգնման գործընթացում դուրս են հորդում, բացահայտվում են, անընդհատ, դրանք քաղաքական լուծումներ են պահանջում»:

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը  կարծում է, որ Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը չունի տվյալ պահին օրենքով սահմանված արգելքներ, կարող է զբաղվել քաղաքականությամբ. «Եթե մենք խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի մասին, ապա օրենքն այս տեսանկյունից չի սահմանափակում եւ այդ տեսանկյունից ինչպես մյուս քաղաքացիները, այնպես էլ Վանեցյանն, իրավունք ունի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30