Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն հավատում, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը կարող էր ինքնասպան լինել

Սեպտեմբեր 25,2019 22:40

Վահրամ Բաղդասարյան. «Հայկ Հարությունյանի հետ մեր ընկերությունը սկսել ենք բռնցքամարտի դահլիճում՝ 80-ական թվականներից: Եվ սպորտային կեցվածքը, բռնցքամարտիկի բնավորությունը ամրացած էր նրա մեջ՝ որպես ուժեղ եւ ամուր մարդու: Մեր մտերմությունը շարունակվել է նաեւ հետագայում՝ նաեւ ընտանիքներով: Նա ազնիվ կերպար էր, տղամարդկային ամուր արժանիքներով:

Նա սիրում էր իր երկիրը, պետությունը: Այս ձեւով ավարտը անսպասելի էր, անակնկալ: Եվ նրա կորուստը շատ ծանր են տանում թե ընկերները, թե մարզաշխարհը: Հայկ Արտյոմիչը իսկական ընկեր էր, ինչպես ասում  են՝ 24 ժամյա: Այդ չարաբաստիկ օրը նրա մորաքույրի ծննդյան օրն էր: Զանգել՝ շնորհավորել էր ու մի քանի ժամ անց՝ այդ դեպքը: Ինքնասպանության վարկածի հավանականության մասին հիմա չեմ ուզում խոսել՝ քննություն է ընթանում: Բայց ճանաչելով Հայկ Հարությունյանին՝ նման երեւույթը բացառում եմ»:

Ալեքսանդր Սարգսյան. «Պատիվ եմ ունեցել լինելու Հայկ Հարությունյանի բռնցքամարտի անձնական մարզիչը:  Նրան գիտեմ որպես ամուր տղա, հավասարակշիռ ու կամային բարձր որակներով մարդ: Մեր կապը միշտ է եղել: Վերջին անգամ հանդիպել ենք մեկ ամիս առաջ ու չեմ զգացել, որ նա խնդիրներ ունենա, այդ թվում՝ առողջական:

Որպես կանոն հանդիպել ենք Հայկի բռնցքամարտի ընկերների նեղ շրջանով, մոտ 10 հոգի: Հիշում էինք մեր անցյալը: Քաղաքականությունը նրան բացարձակ չէր հետաքրքրում: Այս օրերին լսում եմ, իբր, նա ալկոհոլ շատ էր օգտագործում: Ալկոհոլ սեղանին միշտ էլ եղել է, բայց նա երբեք չէր չարաշահում: Ինքնասպանության վարկածի մասին ոչինչ չեմ կարող ասել: Նրբություններ կան: Ինչ որ չգիտեմ, դրա մասին ոչինչ չեմ ուզում ասել: Բայց դրան ամենեւին չեմ հավատում: Միանշանակ, նա հանձնվող չէր»:

Արկադի Տեր-Թադեւոսյան (Կոմանդոս). «Մենք Հայկ Հարությունյանի հետ ընկեր, նաեւ մարտական ընկեր ենք եղել: Դժվար պահերին գործողություններ ենք արել մեր Անկախության համար: Եվ ինձ դժվար է հիմա խոսել: Հայկը մարդ էր, որ ցավում էր ուրիշի համար, պատրաստ մի բանով որեւէ մեկին օգնել: Դուք գիտեք, թե նրա գործն ինչպիսին էր՝ շփումներ տարբեր մարդկանց հետ: Մեր՝ զինվորականներիս, համար մի փոքր ավելի հեշտ էր այդ առումով: Բանակ, զինվորներ, սպաներ: Հայկ Հարությունյանի համար լրիվ ուրիշ էր: Նա մտածում էր՝ ինչ անել, որ ապրելակերպը լավանա, աշխարհընկալումը ընդլայնվի: Հայկը նաեւ լավ զրուցակից էր, որին լսելով հաճույք էիր ստանում: Նա սիրում էր կյանքը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30