Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Նարեկ Մալյանին փորձել ենք տեղափոխել աղբաման, նրա նկատմամբ բռնություն գործադրելու նպատակ չենք ունեցել». Դավիթ Պետրոսյան

Հոկտեմբեր 08,2019 23:23

«Ինձ վրա հարձակում գործածները պահանջում են, որ օրենքն իրենց նկատմամբ չկիրառվի՝ թավշյա հեղափոխությանը մասնակից լինելու պատճառով»,- ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի այս հայտարարությունը Restart նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը համարում է սուտ՝ իրենց անունին վերագրվող:

«Եթե Նարեկ Մալյանը կարող է  գտնել նման հայտարարություն, որ երբեւէ մենք արել ենք, թող հրապարակի: Նման հայտարարություն մեր կողմից ընդհանրապես չի եղել, դա սուտ է»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանն ավելի վաղ հայտնել էր, որ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ Restart-ի մի քանի անդամներով հարձակվել են իր վրա, նա նաեւ հրապարակել է տեսանյութ, այս դեպքով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես Դավիթ Պետրոսյանը Հայաստանից դուրս եկավ, երբ հարուցված քրեական գործով նրա նկատմամբ ընդունվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը. ըստ Դավիթ Պետրոսյանի. «Այո՛, եղել է արգելք, խափանման միջոց ՝ ստորագրություն չհեռանալու մասին, բայց համապատասխան միջնորդությամբ, որը ներկայացվել է, քննիչի թույլտվությամբ ես երկու օրով դուրս եմ եկել Հայաստանից, քանի որ սովորելուս համար փաստաթղթեր պետք է վերցնեի»:

Մեր զրուցակցին ուրախացրել են ատելության խոսքի որոշակի հատվածներ քրեականացնելու  մասին նախաձեռնության քննարկումներն ԱԺ-ում. «Սրա մասին վաղուց էինք խոսում, շատ  ուրախ  ենք, որ գործընթացը սկսվեց, իսկ մեր նկատմամբ մեկ տարուց ավելի եղել է ատելության խոսքի տարբեր տեսակներ, ընդհուպ՝ մինչեւ ծնողի հասցեին հայհոյանք ու ազգի դավաճան  լինելու մեղադրանքներ նույն անձի կողմից (նկատի ունի Նարեկ Մալյանին. Ա. Ս.): Սրա հետ  կապված մենք բազմիցս հայտարարություններ ենք տարածել, որ այս իրավիճակին պետք է ուշադրություն դարձնել, բայց քանի որ անգործություն է եղել համապատասխան մարմինների կողմից՝ թե իրավապահ, թե Ազգային ժողովի,  մենք իրականացրել ենք քաղաքական ակցիա՝ ցույց տալու, որ Հայաստանում  սեփական կարծիքը  պաշտպանելու կամ այլոց քննադատելու համար չպետք է օգտագործել հայհոյանք, այն էլ ծնողին վերաբերող: Ակցիայի նպատակը եղել է այդ մարդուն (Նարեկ Մալյանին.-Ա. Ս.) տեղափոխել աղբաման, մենք նրա նկատմամբ բռնություն գործադրելու նպատակ չենք ունեցել, ոչ էլ ուզել ենք նույն ձեւով պատասխանենք իրեն, հայհոյենք: Բոլորն էլ գիտեն, որ ծնողին տրվող հայհոյանքն ամենաուժեղ բռնությունն է, եւ եթե այն տեղի է ունենում պարբերաբար, բնական է, որ դա ծնելու է հակազդեցություն: Մենք չենք ընդունում, որ առեւանգում ենք կատարել, սա ուղղակի սուտ է, իհարկե, դատախազությունը մեզ վրա դրել է խմբակային կազմակերպված առեւանգման հոդված: Մենք պատրաստ ենք, եթե գոյություն ունեցող նորմերը խախտել ենք, պատասխանատվություն կրենք: Բայց այն, ինչ չենք արել, դրա համար պատասխանատվություն չենք ուզում կրել, օրինակ` առևանգման. դրա հետ կապված գնահատականը թող դատարանը տա»:

Դավիթ Պետրոսյանը վստահեցնում է, որ հեղափոխությանը իրենց մասնակցելը որեւէ արտոնություններ իրենց չի տալիս. «Մեզ փորձում են իշխանությունների հետ կապել, մենք իշխանություններին կոչ ենք անում, որ օրենքի ամբողջ խստությամբ  մեզ պատժեն համապատասխան նախաքննություն իրականացնելուց հետո, ինչպես նաեւ տվյալ մարդկանց վարքագիծը նույնպես հաշվի առնեն քննության ընթացքում: Հեղափոխությանը  մասնակցելը ոչ թե արտոնություն, այլ պատասխանատվություն է մեզ տալիս, որ ավելի ուշադիր պետք է մեր վարքագծում լինենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031