Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյան. «Մարդիկ, որ նախկինում թքած ունեին բնապահպանության վրա, հիմա ակտիվացել են»

Հոկտեմբեր 09,2019 16:47

«Հայաստանը փոքր երկիր է, պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի Հայաստանում կարողանան եկամուտ ստանալ Ֆեյսբուքում եւ այլ հարթակներում»,- «WCIT 2019» շրջանակում կայացած ասուլիսում ասաց Սերժ Թանկյանը: Նրա ձեւակերպմամբ, թեման հետազոտության կարիք ունի:

Պատասխանելով լրագրողներից մեկի` հեղափոխության մասին հարցին, ասաց, որ հետեւում է հայաստանյան լուրերին, դա իր համար կարեւոր թեմա է;

«Ինձ համար հետաքրքիր էր, այն ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Ես հետեւում եմ եւ շարունակում եմ ողջունել այն զարգացումները, որ տեղի են ունենում Հայաստանում, որովհետեւ տեսնում ենք, որ առկա է տնտեսական աճ, աշխատաշուկայի աճ: Ես ոգեւորվում եմ, որ բոլոր թվերը բարելավում են, որովհետեւ Հայաստանում երկար ժամանակ նման բան չկար: Աշխարհում ոչ բոլոր երկրներն են ունակ նման փոփոխությունների գնալ եւ ես ուրախ եմ, որ դուք դարձաք իրադրության տերը, կարողացաք գնալ փոփոխությունների: Միայն ես չէ, որ այդ ամենը տեսնում եմ, հայկական Սփյուռքի ներկայացուցիչները եւս տեղյակ են այդ ամենին, մարդիկ ոգեւորված են, մտածում են Հայաստան վերադառնալու մասին»,-ասաց Թանկյանը, հավելելով, որ Հայաստանի ապագայի հետ կապված լիահույս է:

Նա խոսեց իր սուրճի բիզնեսից, իր Gavat ապրանքանիշից, որը ներկայացրել է Երեւանում, ասաց, որ հիշում է, թե ինչպես էին սուրճ պատրաստում իր մայրիկն ու տատիկը: «Երկրի մասին տպավորություն կազմում եմ ոչ թե դրոշով, այլ մշակույթով եւ սնունդով»,-ընդգծեց նա:

Արեւմտահայերենին էլ անդրադարձ եղավ: «Իմ ընկերներից մեկը՝ Վահե Բերբերյանը ժամանակին Պորտուգալիայում գտնվող «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ որոշակի գործունեություն էր ծավալել արեւմտահայերենը պահպանելու ուղղությամբ, դա հետաքրքիր թեմա է, պետք է ինչ-որ աշխատանք իրականացվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է հանքարդյունաբերությանն ու Ամուլսարի խնդրին, Սերժ Թանկյանն ասաց. «Բոլոր այն մարդիկ, որոնց հետ ես խոսել եմ, ովքեր եկել են Հայաստան, հիացած են Հայաստանով, այս կոնֆերանսով եւ հենց դրանով է, որ Հայաստանը պետք է զարգանա, ցույց տա իր կրթության զարգացումը, Թումոն, տեխնոլոգիական հարթակները… Հայաստանը պետք է իրեն թիրախավորի որպես բարձր տեխնոլոգիական երկիր, որովհետեւ մենք չունենք նավահանգիստներ, այլ ռեսուրսներ»:

Նաեւ հարց հնչեց` արդյոք Հայաստանում համերգ չի՞ նախատեսում System of a Down խմբով, ինչպես 2015-ին: «Աշխատում ենք, գալ տարի հունիսին նման մի համերգ նախատեսել ենք»,-Սերժ Թանկյանի այս լուրին հաջորդեցին ծափեր: Այդ համերգը եվրոպական համերգաշարի համատեքստում է լինելու, բայց թե Երեւանում որտեղ կկայանա համերգը, այս պահին դեռ պարզ չէ: Ասաց նաեւ, որ հույս ունի Հայաստանը WCIT 2019 համաժողովից օգուտներ կքաղի:

Լրագրողներին հետաքրքրում էր` Հայաստանում տուն գնե՞լ է: «Մի փոքր նայել եմ կնոջս հետ, հիմա էլ եմ որոնումների մեջ, հույս ունեմ որեւէ բան կգտնեմ»,-ասաց նա:

Կրկին Ամուլսարի վերաբերյալ հարց հնչեց. «Ամուլսարի դեպքում կա իրավական գործընթացների վտանգ, այո, ես աջակցում եմ բնապահպաններին, բայց ինձ դուր չի գալիս, որ խնդիրը քաղաքականացվում է: Ես տեսնում եմ մարդկանց, որ նախկինում թքած ունեին բնապահպանության վրա, սակայն հիմա ակտիվացել են…Այո արբիտրաժի վտանգ էլ կա…Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես այս ամենը կավարտվի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ WCIT 2019 Yerevan

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031