Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ սխալ, պարտադրված որոշում բացում է ուղիղ ճանապարհ դեպի մեկ անձի բացարձակ իշխանություն. Ռուբեն Հակոբյանի բաց նամակը ՍԴ անդամներին

Հոկտեմբեր 10,2019 11:23 Share

Բաց նամակ ՀՀ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Արաիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին

ՀՀ Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ,

Դիպվածի տիրականությունն այսօր լրջագույն քննության առաջ է կանգնեցրել ձեզ` ձեր ապրած կյանքի, թերևս, կարևորագույն որոշումներից մեկն ընդունելու համար: Իրավիճակից փախուստը` վախկոտություն է, սխալ, ուղղորդված որոշումը` թիկունքից հարված պետականությանը: Որպես ՀՀ քաղաքացի, հավատացե´ք, իմ միակ հորդորը, եթե կուզեք` խնդրանքը  ձեզ, մեկն է` Ազգային ժողովի կողմից ձեզ պարտադրված` «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը քննարկելուց և քվեարկելուց առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով, խղճի մտոք և, որ ամենակարևորն է` պետության շահի հստակ գիտակցումով: Որևէ սխալ, պարտադրված որոշում բացում է ուղիղ ճանապարհ դեպի բռնատիրություն, մեկ անձի բացարձակ իշխանություն, ինչին առայժմ իշխանության ճյուղերից դիմակայում է միայն Սահմանադրական դատարանը` ձեզանով: Իր քաղաքական ակնկալիքները չբավարարող դատավորներին անվանարկելով վնգստացողներ, գործող վարչապետը նշանառության տակ է վերցրել ձեզ`  Բարձրագույն դատարանի վեց անդամներիդ: Ասեմ, թե ինչու չեմ դիմում Սահմանադրական դատարանի մյուս երեք դատավորներին.

Նրանք, տեղյակ լինելով`

  • Ն. Փաշինյանի հայտնի հրահանգ-հրովարտակին՝ իսկ կա՞ Հայաստանում որևէ դատավոր, որ չի կատարի իր խոսքը,
  • Վարչապետի քրեածին հրամանին՝ ոստիկանների ներգրավմամբ շրջափակել  բոլոր դատարանները` դատավորներին թույլ չտալով մտնել իրենց աշխատասենյակ,  նույնիսկ` պատուհանից,
  • մարտի 1-ի գործով դատավորի աննախադեպ լկտի պահվածքին՝ զրկելով պաշտպանական կողմին վերջին խոսքի իրավունքից,
  • ԱԱԾ-ՀՔԾ հայտնի գաղտնազերծված զրույցի բովանդակությանը՝  գործող վարչապետի ուղղորդումով  Ռ.Քոչարյանին կալանավորելու մասին,
  • ԲԴԽ-ի նողկալի պահվածքին՝ դատարանների անկախությունը ապահովելու փոխարեն քաղաքական իշխանության ձեռքին որպես մահակ՝ «անհնազանդ» դատավորներին պատժելու գործելաոճին և

Կարելի է, թերևս, շարունակել թվարկումները, բայց եթե այս երեք իրավաբան-դատավորներն այսքանից հետո չեն գիտակցել, որ Սահմանադրական դատարանի վրա Ազգային ժողովի որոշում-գրոհով Ն. Փաշինյանը ամբողջ իշխանությունը իր ձեռքում մեկտեղելու քաղաքական ծրագիր է իրականացնում, ուրեմն անիմաստ է նոր փաստարկումներով ինչ-որ բան փորձել նրանց բացատրել. ասված է`  ժամանակին է վերապահված վերջին խոսքի և գնահատականի իրավունքը:

Հ.Գ. Ի դեպ, գնահատելի է ձեր արժանապատիվ կեցվածքը` գործող վարչապետի կողմից ձեզ բացահայտ կաշառելու նվաստացուցիչ առաջարկին և կարծում եմ, որ այս խայտառակ ձեռագիրը  նույն արհամարհանքին կարժանանա նաև միջազգային կառույցներում, որտեղ առաջիկայում պետք է քննվի Սահմանադրական դատարանի դիմում-նամակը:

Բարին ընդ ձեզ:

 

Ռուբեն  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031