Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանին «ապրիլյան» հանձնաժողով հրավիրելու կարիք դեռ չկա. Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 10,2019 16:12 Share

«Վիտալի Բալասանյանը վաղուց է զորացրված ՊԲ-ից: Վիտալի Բալասանյանը պաշտոն ստացել է Արցախում, ապրիլյան դեպքերից հետո, երբ դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար: Վիտալի Բալասանյանը այսօրվա մեր հանձնաժողովի ուսումնասիրելիք նյութի մեջ որեւէ առարկայական բան չի կարող մեզ փոխանցել, որովհետեւ ինքը որեւէ պատասխանատվություն չի կրել այդ ժամանակվա զինված ուժերի գործողությունների համար, չնայած, բազմիցս ինքը հայտարարել է, որ ապրիլի 2-ին գնացել է համապատասխան պաշտպանական շրջան եւ հրամաններ է իջեցրել, որի իրավունքը չուներ: Ես համոզված եմ, որ այդպես չէր կարող լինել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանկ Քոչարյանը`հանձնաժողովի հերթական նիստից հետո:

Վիտալի Բալասանյանի այդ հայտարարությունները Անդրանիկ Քոչարյանը ավելի շատ PR գործողությունների է նմանեցնում եւ ասում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նախկին հրամանատարներ, զինվորականներ գնացին առաջնագիծ, ոմանց աջակցությունը գուցե օգտակար եղավ, ոմանցը`գուցե ոչ, բայց նրանք զորքի, տեխնիկայի տեղաշարժի, օգտագործման ե այլ հրամաններ տալու իրավասություններ չունեին: Հետևաբար` հանձնաժողովը Վիտալի Բալասանյանին առայժմ հարցեր չունի տալու: «Եթե կան ինֆորմացիաներ, Վիտալի Բալասանյանը եթե պնդի, որ ինքը ապրիլյանով շատ մեծ տեղեկատվություն է կրում`արդեն զբաղեցնելով անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, հանձնաժողովը բնականաբար, կքննի եւ իրեն կհրավիրի: Բայց այժմ կարծես մտել ենք Հայաստան-Արցախ խարդավանքների փուլ եւ դա կարող է խանգարել այն մարդկանց, ովքեր անաչառ պետք է բանակի շահերից ելնելով` հանձնաժողովին տեղեկատվություն տան»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը` խորհուրդ տալով չշտապել այն հարցում, թե հանձնաժողովի ստացած տեղեկատվության ո՞ր մասն է հասանելի լինելու: Նա ասաց, որ տեղեկատվությունը կտրամադրվի հանրությանն այնչափ, որչափ թույլատրելի է: Կլինի գաղտնի տեղեկատվություն, որը, բնականաբար չի հրապարակվի: Բայց կարծում է, որ հանրությունը բավարարված կլինի հանձնաժողովի աշխատանքներից: Այս իմաստով նա զուգահեռ է տանում 2008-ի մարտի 1-ից հետո փաստահավաք խմբի կատարած աշխատանքի հետ` նկատելով, որ իր գնահատմամբ, հանրությունը բավարարված է կատարված աշխատանքով:

Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ոչ ոք ապրիլյան հանձնաժողովից ոչինչ չի թաքցնի, քանզի հարցը շատ զգայուն է եւ բարոյական կողմն այստեղ շատ ավելի հզոր գործոն է, քան իրավականը: Իսկ եթե կլինեն հանձնաժողով չներկայացողներ, մարդիկ, ովքեր վախենալու եւ թաքցնելու բան կունենան, ապա այդ մարդիկ ստիպված կլինեն մտածել, թե ինչպե՞ս են հարցի քաղաքական պատասխանատվության տակից դուրս գալու:

«Մութ էջերը կգտնվեն`եթե կան: Կգտնվե՞ն, թե ոչ`ժամանակից շուտ եք առաջ գնում: Մեզ համար էլ շատ հարցեր կան, որ մեր հրավիրյալներին լսելով ուզում ենք հասկանալ`կա՞ն, թե՞ չկա: Եթե կա՞ն`ի՞նչ է սպասվում նրանց, ովքեր…»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը`հավելելով, որ կարեւոր հարցի պատասխանը`ինչո՞ւ այդքան զոհ ունեցանք, կստանա, երբ լսի երկրի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանները: Նա վստահ է, որ հարցի պատասխանը հանձնաժողովի աշխատանքի վերջին փուլում անպայման կստանան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031