Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ է պահպանել 100-150 զինվորի կյանքը, քան թե… մի փոքր կտոր է մնացել, որը ռազմավարական նշանակություն չունի. Նորատ Տեր-Գրիգորյանց. «168 ժամ»

Հոկտեմբեր 17,2019 12:54

Հարցազրույց 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ

-Պարոն գեներալ, ԱԺ-ում ստեղծվել է ապրիլյան դեպքերը հետաքննող հանձնաժողով, որի շրջանակում նախկին պաշտոնյաներին հերթով պետք է հրավիրեն հարցաքննելու։ Դուք այդ ժամանակ եղել եք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, Ձեզ հրավիրե՞լ են։ Ըստ Ձեզ՝ արդյոք լուրջ խնդիրներ, բացթողումներ եղե՞լ են ապրիլյան պատերազմի օրերին։

-Ինձ չեն կանչել։ Ինչ վերաբերում է թերություններին, այստեղ ուզում եմ հիշեցնել, որ երբ  1994-ի մայիսին կնքվեց հրադադարի պայմանագիրը, այդ օրվանից մենք ոչ՝ պատերազմ, ոչ՝ խաղաղություն վիճակում ենք։  Դա ռեալ է, եւ մենք պետք է հաշվի առնենք, որ հակառակորդն անսպասելի հարձակվում է մեզ վրա։ Իսկ երբ հակառակորդը հարձակվում է, զինվորականից պահանջվում է կանգնեցնել նրան։ Մենք  կարողացանք  հակառակորդին սեղմել, իսկ ռուսները միայն 3-4-րդ օրը խառնվեցին։ Ինչ վերաբերում է կորցրած 800 հա տարացքին, մենք մի բան պիտի հասկանանք՝ մեզ համար մեր զինվորի  կյանքն  ավելի թանկ է, մենք կարող էինք երրորդ օրը միանգամից ինչ-որ բան անել, բայց զոհեր շատ կունենայինք։ 1993-ին ես մասնակցել եմ Թալիշի Լելե Թեփեի մոտ տեղի ունեցած գործողություններին, եղել եմ այնտեղ, եւ կարող եմ ասել, որ ավելի լավ է պահպանել 100-150 զինվորի կյանքը, քան թե… մի փոքր կտոր է մնացել, որը ռազմավարական նշանակություն չունի։ Շատ էին վերցրել, բայց մենք սեղմեցինք իրենց, եւ մնաց միայն այդ կտորը։ Հիմա արժե՞ր դրա համար մեծ զոհեր տալ։ Ես կարող եմ ասել, որ ապրիլյան պատերազմի օրերին ԳՇ պետը, Օպերատիվ վարչության պետը, բոլորս նորմալ պլանավորված աշխատել ենք, այնպես, ինչպես պիտի աշխատեն Զինված ուժերը։ Հիմա, իհարկե, քննադատում են՝ 800 հա տարածք տվեցին՝ մոռանալով Արցախյան պատերազմի ժամանակ մեր հետ բերած տարածքները։

1990-ականներին էլի մենք ենք արել դա, և այն ժամանակ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ գնո՞ւմ եք առաջ, նայեք, որ դա քիչ կորուստներով լինի, որ հետո կարողանանք գնալ առաջ առհասարակ։ Մենք միլիարդանոց ազգ չենք, մենք չենք կարող չմտածել զինվորի կյանքի մասին։ Ժողովուրդն աշխատել է, հիմա ի՞նչ են ուզում իմանալ։

Ի վերջո, հետախուզության վարչության նախկին պետը՝ գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, ինքը լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս, հետո արդեն դրա վրա աշխատում են Զինված ուժերը։ Հիմա մենք այստեղ նստած ենք, եւ կարող է հակառակորդը հարձակվել ինչ-որ ուղղությամբ։ Այնպես որ, լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը։ Ադրբեջանական կողմին չհաջողվեց հասնել իր նպատակին, նրանց կորուստների թիվը շատ ավելի մեծ էր՝ մոտավորապես 800։ Սա լուրջ հարց է, որ իրենց չհաջողվեց այն, ինչ ուզում էին։

– Երբ սահմանին իրավիճակը լարվում է, ակտիվանում են պատերազմի վերսկսման խոսակցությունները։ Այսօր պատրա՞ստ է Ադրբեջանը լայնածավալ գործողությունների։

-Մեր Զինված ուժերն ամեն վայրկյան պատրաստ են պատերազմի։ Դրա համար ե՛ւ նախկին, ե՛ւ այսօրվա ղեկավարությունն  ասել են, որ հայկական կողմից կրակոց չի  լինելու։ Հիմա վարչապետն Ալիեւի հետ հանդիպմանն ասում է՝ արի չկրակենք։ Մենք չենք կրակում, բայց հակառակորդը չի կատարում պայմանը։ Զինված ուժերը միշտ պիտի պատրաստ լինեն պատերազմի, այլ հարց է՝ դա կլինի՞, թե՞ չի լինի։ Այս ուղղությամբ ԱԳՆ-ն է աշխատում։ Մեր զինվորները՝ նախարարից մինչեւ շարքային, պատրաստ են երկիրն Արցախի հետ միասին պաշտպանել։ Դա՝ միանշանակ։ Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք. խաղաղ պայմաններում բաժանվում ենք, բայց հենց վտանգը գալիս է, բոլորը միանում են։ Նույնը եղավ 1990-ականներին։ Պետք չի բաժանվել, ես չեմ ուզում, որ միայն պատերազմի ժամանակ միանանք։ 3 միլիոն հայ ենք, մի քանի միլիոն էլ՝ արտասահմանում։ Հավատացեք՝ արտասահմանի հայերի  մեծ մասը չգիտի՝ ինչ է իրական պատերազմը։ Դրսից իրենց համար հեշտ է թվում, բայց պատերազմին  մասնակցածը գիտի, որ այն շատ ծանր գործ է։ Դրա համար ամեն ինչ պիտի անենք, որ խաղաղություն լինի։ Վերադառնալով բաժանումների թեմային՝ ավելացնեմ. ես հայաստանցի չեմ, բայց համարյա 30 տարի այստեղ եմ ապրում, հիմա ես վատ կզգամ, որ ինձ ասեն՝ էս թիֆլիսահայն ինչ է եկել։ Մենք բոլորս հայ ենք, չպետք է բաժանվենք՝ հայաստանցի, ղարաբաղցի, վրաստանցի, մի գործ ենք անում։ Պիտի ամեն ինչ անենք, որ ունենանք ուժեղ Հայաստան, անկախ Հայաստան, անկախ Արցախ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ ուզում, բայց կասեմ՝ միասին պիտի լինենք։

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031