Լրահոս
Օրվա լրահոսը

Աղդամը մեր հայրենիքն է

Հոկտեմբեր 17,2019 16:00

«Շատ կցանկանայի, որ մենք դադարենք միմյանց պիտակավորել ու մեր մեջ դավաճաններ փնտրել՝ մեծ հաշվով այդպիսիք չեն եղել ոչ այն ժամանակ, ոչ էլ կան հիմա: Տարբեր տեսակետների հակադրությունը, դրանց բախումը եւս չպետք է ծնունդ տան այդօրինակ մեղադրանքների». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը

– Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը նախօրեին բավական ուշագրավ հայտարարություններ արեց ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ: Ըստ նրա, պատերազմի ժամանակ Արցախի իշխանությունը որոշել էր ազատագրել Քարվաճառն ու ցամաքային կապ հաստատել Հայաստանի հետ՝ Լաչինի միջանցքով, ապա ազատագրել Աղդամը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել: Վիտալի Բալասանյանի պնդմամբ, անգամ ազատագրական գործողություններից հետո են Հայաստանի իշխանությունները Արցախին հորդորել լքել տարածքը: Ավելի ուշ Դուք եղել եք ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ, ապա ԼՂՀ ԱԳ նախարար. տեղյա՞կ եք նման զարգացումներից, ի՞նչ կարծիք ունեք այդ ամենի մասին:

– Սա, իրոք որ, շատ կարեւոր հարց է եւ որոշակի պարզաբանումների կարիք ունի: Գեներալ Բալասանյանն իր կարծիքն է հայտնում, գտնվելով զինվորականի դիրքում: Նա եւ մեր մյուս հրամանատարներն ու շարքայիններն, իրենց գործն են արել ռազմի դաշտում եւ լավ են դա արել, բայց քաղաքական ու դիվանագիտական հարցերը, մանավանդ այն ժամանակ, իրենց ոլորտը չի եղել: Այս խնդիրների ճիշտ ընկալումը միակողմանի ու նեղ մեկնաբանություն չի նախատեսում: Անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ մինչեւ 1993 թվականի տարեմուտը Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ Անվտանգության Խորհրդի, ազդեցիկ միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների կողմից պաշտոնապես ճանաչված չէր, որպես հակամարտության կողմ, սակայն նրանց բոլորի կողմից ընկալվում էր, որպես արցախյան գործող իշխանական կառույցների եւ զինված ջոկատների հրամանատարների շրջանում որոշակի ազդեցություն ունեցող գործոն: Դա թույլ էր տալիս հակամարտությունը միջազգային հարթակներում դիտարկել որպես երկկողմ՝ Արցախ-Ադրբեջան ձեւաչափ ունեցող դիմակայություն, որում Հայաստանը միջնորդի դեր էր տանում հատկապես ԼՂՀ հետ կապված փոխհարաբերություններում: Այս համատեքստում պաշտոնական Երեւանի կողմից հնչեցվող՝ տարածք վերադարձնելու հրապարակավ արվող հորդորները տեղին էին եւ անհրաժեշտ, քանի որ ապահովում էին միջազգային դերակատարների կողմից հակամարտությունը, որպես Ադրբեջանի ներքին հարց դիտարկելու դիրքորոշումը: Այդ դիրքորոշումն էլ հենց արտահայտված է 1993 թվականի ընթացքում ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված չորս բանաձեւերում: Մեր ազգային շահերի այս մոտեցումն  անհրաժեշտ միջազգային իրավա-քաղաքական երաշխիքներն էր ստեղծում տեղի հայկական ուժերի շարունակական առաջխաղացումն ապահովելու եւ արդարացնելու համար: 1993 թվականի վերջերին պաշտոնական Երեւանին պարտադրվեց, որ ինքն իրեն ճանաչի հակամարտության կողմ եւ, այդպիսով, հակամարտությունը միջազգայնացվեց, ինչի շնորհիվ էլ տարիների ընթացքում խնդիրը սկսեց դիտարկվել, որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ծագած տարածքային վեճ: Մենք առ այսօր գործ ունենք  1993 թվականին տեղի ունեցած այդ շրջադարձի բացասական հետեւանքների հետ: Այնպես որ տարածքներ վերադարձնելու հորդորները անհրաժեշտ է դիտարկել այն կոնկրետ ժամանակահատվածի քաղաքական ու ռազմական իրողությունների համատեքստում ու հիշել, որ հակառակ այդ հորդորներին, հայկական ուժերի առաջխաղացումը շարունակվեց: Եվ ընդհակառակը՝ հայկական զորամիավորումները էական նոր տարածքային ձեռքբերումներ այլեւս չարձանագրեցին պաշտոնական Երեւանի կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես հակամարտության կողմ պաշտոնապես ճանաչելու որոշումից հետո, իսկ ՄԱԿ ԱԽ-ն էլ մինչեւ 1994 թվականին կնքված զինադադարն այլեւս հարցին չանդրադարձավ, խնդիրը հանձնելով ԵԱՀԿ-ին: Շատ կցանկանայի, որ մենք դադարենք միմյանց պիտակավորել ու մեր մեջ դավաճաններ փնտրել՝ մեծ հաշվով այդպիսիք չեն եղել ոչ այն ժամանակ, ոչ էլ կան հիմա: Տարբեր տեսակետների հակադրությունը, դրանց բախումը եւս չպետք է ծնունդ տան այդօրինակ մեղադրանքների:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ է գեներալ Բալասանյանը հիմա որոշել հրապարակային խոսել այս ամենի մասին: Արցախի հարցի կարգավորման այս փուլում կա՞ն իրական վտանգներ, որոնք գուցե կանխելու համար են հիմա այս հայտարարություններն արվում, ինչպես ժամանակին, ասենք Մեղրիի տարբերակը կանխվեց:

-Կարծում եմ, որ գեներալ Բալասանյանի հիմնական շեշտադրումները կապված էին այն թեզի հետ, որ Արցախը ոչ թե անկախ հայկական պետություն է, այլ Հայաստանի Հանրապետության մարզ է, իսկ վերջինիս նախագահն էլ մարզպետ է: Թերեւս այս հարցում հակասությունը սրվեց Գյումրիում տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ ՀՀ անկախության օրվա տոնակատարությունների շրջանակներում ելույթ ունեցողներից մեկն Արցախի Հանրապետության նախագահին հրապարակավ մարզպետ կոչեց եւ ՀՀ վարչապետի կողմից տեղում չսաստվեց: Այս իրավիճակը Մեղրիի տարբերակի հետ չարժե համեմատել, բայց ՀՀ գործող իշխանությունները պետք է հետեւություններ անեն ու հստակ դիրքորոշում արտահայտեն այս ամենի հետ կապված: Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունը իրավաքաղաքական տեսանկյունից փաստացի Հայաստանի Հանրապետության մասը չէ եւ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ արցախաբնակ մեր հայրենակիցները զրկված են  ՀՀ քաղաքացիներին վերապահված  իրավունքներից եւ բնակվելով Արցախում չեն կարող մասնակցել ՀՀ իշխանությունը ձեւավորելու օրինական գործընթացներին, իսկ Արցախն էլ, որպես այս կամ այն անվանումն ունեցող վարչատարածքային միավոր պաշտոնապես ներառված չէ ՀՀ կազմում: Միացումը բոլորիս համար մնում է ռազմավարական նպատակ, սակայն մինչեւ դրա իրագործումը Արցախի Հանրապետության պետական ինքնիշխանության բոլոր խորհրդանիշները՝ դրոշը, օրհներգը եւ զինանշանը պետք է կիրառության մեջ լինեն ու, որպես այդպիսիք, հարգվեն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախի Հանրապետության միավորումը Հայաստանի Հանրապետությանն ու վերջինիս անքակտելի մասը կազմելու վերաբերյալ իրական իրավական ուժ ունեցող պետական ակտերը չեն ընդունվել ու չեն հաստատվել համապատասխան հայկական պետական կառույցների կողմից:

– Առաջին նախագահը, նրա քաղաքական շրջապատը, այդ թվում նաեւ ԳԽ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը  առարկայական չեն արձագանքում Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, ասում են՝ այդ հայտարարություններին պատասխանելը Վիտալի Բալասանյանի համար մեծ պատիվ կլինի: Սա հիմք տալի՞ս է ենթադրությունների համար, որ գեներալ Բալասանյանի հայտարարություններում ճշմարտության հատիկ կա եւ Սերժ Սարգսյանի՝ դեռ ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ արված հայտարարությունը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ թեզն օրակարգային է դեռ:

– Կարծում եմ, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ վերջինիս քաղաքական թիմի մոտեցումների վերաբերյալ բավականին մանրամասն պարզաբանումներ արդեն տվել եմ առաջին հարցին պատասխանելիս: Ինչ վերաբերում է պարոն Սերժ Սարգսյանի այն պնդմանն, ըստ որի Աղդամը մեր հայրենիքը չէ, ապա այստեղ ասելիքներ, անշուշտ, կան: Նախ, իհարկե, պատմականորեն Քուռ գետի ողջ աջափնյակը մեր պատմական Հայրենիքի մասն է եւ սա բազում փաստերով ու վկայություններով հաստատված փաստ է: Բայց հարցը նաեւ երկրորդ կողմն ունի՝ բանն այն է, որ գոյություն ունեն կոնկրետ մեխանիզմներ, որոնց շնորհիվ այս կամ այն տարածքն այս կամ այն ժողովրդի կողմից դարձվում է Հայրենիք, թեեւ նախկինում դրա հետ որեւէ կապ չի ունեցել: Այդ առումով Հարավային Կովկասում եւ Փոքր Ասիայում հայտնված թյուրքական տարրերն իրենց համար հայրենիք դարձրեցին մինչ այդ այլ ժողովուրդների հայրենիք-բնօրրանը հանդիսացող հսկայական տարածքներ: Մինչդեռ մենք կամովի հրաժարվում ենք մեր առնվազն պատմական իրավունքներից: Այդ իրավունքներն, ինչ խոսք, պետք է վերահաստատվեն ժամանակակից իրողություններով պայմանավորված առավել արդյունավետ միջոցների գործադրմամբ եւ դրանցից հրաժարվելու փոխարեն այդ ուղղությամբ կոնկրետ մասնագիտական աշխատանք է պետք տանել:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ  Լավրովը հայտարարեց, որ արցախյան բանակցային գործընթացը կրկին հայտնվել է փակուղում, Ադրբեջանի պաշտպանության նախարարն էլ դրանից հետո, մի քանի օր առաջ հայտարարեց, միաժամանակ զինված ուժերի հրամանատարական կազմին հանձնարարեց կտրուկ արձագանքել Արցախի ուղղությամբ իրականացվող ամրաշինական-ինժեներական աշխատանքներին. ի՞նչ սպասել, մանավանդ Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունների եւ միջազգային հանրության լոյալ պահվածքի ֆոնին:

– Մենք պետք է զբաղվենք մեր բանակի, պետական եւ քաղաքական կառույցների շարունակական ամրապնդմամբ, կառուցենք վստահելի գործընկերային հարաբերություններ պոտենցիալ դաշնակիցների հետ եւ ձգտենք չեզոքացնել մեր կենսական շահերին սպառնացող մարտահրավերներն, անկախ այն բանից, թե ով ինչ է ասում: Եվ, ամենակարեւորը՝ այդ ամենը հնարավոր կլինի անել, եթե սովորենք ճշգրտորեն գնահատել սեփական ուժերն ու հնարավորությունները, բացառելով քաղաքական կարեւորագույն որոշումների կայացման դաշտ տգետ մեծամտության ներթափանցման  նվազագույն հնարավորությունը:

– Հիշեցիք, որ Գյումրիում, ՀՀ անկախության տոնակատարությունների ժամանակ Արցախի նախագահին մարզպետ անվանեցին, նախօրեին, Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո, համացանցում կարծիքներ էին շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Բակո Սահակյանին դիմեց՝  «Հարգելի պարոն նախագահ, հարգելի մարզպետ…»: Նաեւ, երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Արցախի դրոշը տեղադրված չէր. սրանք պատահականություններ կամ լեզվի սայթաքումնե՞ր են, թե «Սասնա ծռերի» քաղաքականության առաջ մղումը: Ո՞ւր է սա տանելու:

– Անշուշտ, այս հարցով համապատասխան պարզաբանումը պետք է տա ՀՀ վարչապետի մամլո ծառայությունը: Կարծում եմ, որ նաեւ նախագահ Բակո Սահակյանը պետք է այս հարցով իր դիրքորոշումը հստակ արտահայտի:

Ինչ վերաբերվում է դրոշի բացակայությանը, ի վերջո, դա աշխատանքային, արարողակարգային խնդիր է: ՀՀ վարչապետը երբ Արցախում հանդիպում է Արցախի նախագահի հետ, հանդիպման սենյակից ոչ Արցախի դրոշն են հանում, ոչ էլ զինանշանը:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

17.10.2019
«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031