Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրի Հունանյանն օրը քսան անգամ ցուցմունք էր փոխում». Նաիրա Զոհրաբյան. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2019 20:45

«Ես չգիտեմ`Նաիրի Հունանյանն ասելիք ունի՞, թե`ոչ, ես մեծապես կասկածում եմ, որ նա որեւէ ադեկվատ ասելիք ունի: Քանիցս ասել եմ`Նաիրի Հունանյանն իմ ճանաչած ամենաստոր, ամենանողկալի, ամենավտանգավոր, ամենամանիպուլյատոր ստահակներից մեկն է եւ ինչ էլ ասի Նաիրի Հունանյանը, ես Նաիրի Հունանյանի ոչ մի ասած չեմ կարող հիմք ընդունել, չեմ կարող ընդունել արժանահավատ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը`արձագանքելով դիտարկմանը` 1999-ի հոկտեմբերի 27-ին եղել եք խորհրդարանի դահլիճում, լրագրող էիք, ապա լուսաբանել եք 27-ի դատավարությունը, խորհրդարանական քննիչ հանձնաժողովի աշխատանքները, համամի՞տ եք այն տեսակետի հետ, որ Նաիրի Հունանյանը պետք է կրկին հարցաքննվի, որ նա ադեկվատ կեցվածք ունի:

«Նաիրի Հունանյանն օրը քսան անգամ ցուցմունք էր փոխում, Նաիրի Հունանյանը տալիս էր տարբեր մարդկանց անուններ, Նաիրի Հունանյանը փորձում էր անգամ մեկուսարանից մանիպուլացնել եւ իրար դեմ հանել տարբեր քաղաքական ուժերի, կրոսվորդով, գիր-ղուշով անուններ էր տալիս: Ես չեմ հավատում Նաիրի Հունանյանին, բայց, եթե Նաիրի Հունանյանը հայտարարում է, որ ինքն ասելու բան ունի`իրավապահները կարող են Նաիրի Հունանյանին լսել»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ երբ ինքը տեւական ժամանակ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ էր, եվրոպական կառույցների ներկայացուցիչները իրեն երբեմն նույնիսկ հորդորել են «Երեւան» ՔԿՀ-այցերից մեկի ժամանակ տեսակցել նաեւ Նաիրի Հունանյանին, բայց ինքը կտրականապես հրաժարվել է մտնել Նաիրի Հունանյանի խուց: «Չեմ արել այն ժամանակ, չեմ անելու այսօր, արդեն որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ»,- ասաց մեր զրուցակիցը`հիշեցնելով, որ իր գործընկեր- պատգամավորներից, ովքեր այն ժամանակ այցելել էին Նաիրի Հունանյանին`փոխանցել են, որ վերջինս պնդել է`ինչ արել է ճիշտ է արել, որ ինքը «փրկել է երկիրը» եւ իր արածների համար չի զղջում: «Հիմա այդ ի՞նչ պիտի ասի Նաիրի Հունանյանը, որ ինչ-որ ուժեր`ինքնաբուք կամ ինչ-որ տեղից ուղղորդվող, որոշել են Նաիրի Հունանյանին նորից խաղի մեջ մտցնել»,- հռետորական հարց է ուղղում մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, որ իր ներկայիս գործընկեր-պատգամավորներից Արման Բաբաջանյանը`Նաիրի Հունանյանի հետ երկու ժամ տեւած հանդիպումից հետո հայտարարել էր , թե վերջինս ադեկվատ վիճակում է, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. «Ադեկվատ մարդը նման հանցագործություն չէր կարող կատարել: Նման հանցագործություն կատարող թայֆան, մարդիկ, չեն կարող հոգեպես հավասարակշիռ լինել: 20 տարի հետո, եթե Նաիրի Հունանյանն ադեկվատ է, ուրեմն Նաիրի Հունանյանը սուպերմեն է»:

Նաիրա Զոհրաբյանն այն կարծիքին է, որ եթե այս գործով կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, վկաներ, մարդիկ, որոնք այն ժամանակ, իրենց ասելով`կաշկանդված են եղել, հիմա ավելի ազատ են, ապա ի՞նչն է իրենց խանգարում`նոր դատական համակարգում գնալ եւ ասել, որ նախկին պաշտոնյաների չէր վստահում, հիմա կարող է տեղեկություններ հայտնել. «Բազմաթիվ պաշտոնյաներ եւս կային, որ իրենց ասելով`չէին վստահում նախորդ իշխանությանը. հիմա ո՞վ է իրենց ձեռքը բռնել»:

Նաիրա Զոհրաբյանը համամիտ է մեր այն դիտարկմանը, որ Հայաստանում, «հոկտեմբերի 27»-ի գործի մասով, եթե կա մեկը, որը ինչ-որ նոր բան կարող է ասել, դա Գագիկ Ջհանգիրյանն է. «Ինչո՞ւ է լռում Գագիկ Ջհանգիրյանը`պետք է դիմել պարոն Ջհանգիրյանին: Իսկ Նաիրիի խաղաքարտը խաղացնելը, ես համարում եմ անբարոյականություն»:

Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցում անդրադարձանք նաեւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին`«իշխանության յուրացում» հոդվածով: Մեր զրուցակիցն ասաց`հասկանում է, որ քաղաքականությունը, հաճախ, ոչ բարոյական գործիքներով է ճանապարհ հարթում, բայց իր համար կան նորմեր, կարմիր գծեր, որոնց այն կողմ չի կարելի անցնել: Նա բացառում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է Արա Բաբլոյանի հետ կատարվածին. «Պարզապես, մարդիկ կան, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին էին արջի ծառայություն մատուցում`փորձելով պավլիկմարոզովներ, տարատեսակ մանկուրտներից ավելի մանկուրտ լինել…»:

Բուն մեղադրանքի մասով էլ մեր զրուցակիցը ասաց`իրավաբաններից ճշտել է, նման մեղադրանք Հայաստանում որեւէ մեկին չի առաջադրվել եւ դա ենթադրում է 10-15 տարի ազատազրկում: Նաիրա Զոհրաբյանն ուզում է տեսնել դրա հիմքերը եւ զգուշացնում, որ այս իշխանությունը եւս հավերժ չէ եւ այդ մեղադրանք առաջադրողները նույնպես պատասխան են տալու:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031