Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմիտասը մահացել է կոշիկի ժանգոտ մեխից ստացած արյան վարակից, ինչը ազգի դատավճիռ է». Գագիկ Գինոսյան

Նոյեմբեր 01,2019 14:52

Երգուսույց, բանագետ Անի Հակոբյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց, որ պատրաստել են «Ղողանջ հարսանեկան» խորագրով ներկայացում-համերգը, որը «Կարին» ավանդական երգի-պարի համույթը կներկայացնի Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով:Նա հայտնեց, որ գործողության վրա խարսխված` ցուցադրվում է գյուղը իր բնական տարերքի մեջ, ցուցադրվում է տղային ամուսնացնելու ծնողների ցանկությունը, որ ցանկանում էր դառնալ հայդուկ: Ներկայացումը «Անլռելի զանգակատուն» պոեմի մոտիվներով է, ռեժիսորը Արթուր Սահակյանն է, սցենարի հեղինակը Անահիտ Աղասարյանը, պարերով զբաղվել է Հարություն Բաղդասարյանը, իսկ ներկայացման գաղափարը «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանինն է: Անի Հակոբյանի խոսքերով, այս նախագիծը Գագիկ Գինոսյանի 18 տարվա երազանքն է:

«Մոտ 30 տասնյակ երգ ենք փորձել յուրացնել, չկան երգեր, որ զուտ կանգնում ու երգում ենք, դրանք գյուղական միջավայրից բխող երգեր են, որոնք գյուղացու կենցաղի, առօրյայի, աշխատանքի մասնիկն են եղել»,-ասաց երգուսույցը: Հավելեց, որ Սրբուհի Լիսիցյանի գրքից պարերգ են վերականգնել, որն առաջին անգամ գրքից կյանք է վերադառնում, նաեւ օգտագործվելու են Կոմիտասի երկու «Ջանիմանները», իսկ Գագիկ Գինոսյանն էլ վերականգնել է «Ջանիման» պարերգը:

Գագիկ Գինոսյանը ցավով նշեց, որ Կոմիտասյան տարում շատ բան չի փոխվելու, քանի որ Կոմիտասը դիտարկված է որպես ընդամենը հաջողակ երգ գրառող: Նրա ձեւակերպմամբ, սրբապղծություն է, որ ազգի սրբին` Կոմիտասին որակում են հոգեկան հիվանդ, եւ նրան անգամ չեն էլ սրբադասել, այն դեպքում, երբ ցեղասպանության բոլոր զոհերը սրբադասվեցին:

«Ի սկզբանե մի կարեւոր բան կա, մենք Կոմիտասին ճիշտ չենք վերաբերվում, նրան համարում ենք գեղեցիկ երգ, նոտա, հանճար, տաղանդ, բայց Կոմիտասն առաջնահերթ ինքնություն է…Նա մեր կենդանի հոգեւոր հայելին դարձավ, ինքը եկավ մեզ դարձի բերելու, արժեհամակարգին վերադառնալու»,- նշեց Գագիկ Գինոսյանը: Ընդգծեց, , որ մինչեւ այժմ չի տեսել մի նախագիծ, որով ինքնությանն են անդրադառնում, ներկայացնում են, թե ով էր Կոմիտասն ընդհանրապես:

«Կոմիտասը մահացել է Փարիզի ամենաաղքատիկ, ամենահետամնաց, ամենացածրորակ հոգեբուժարանում, փայտյա կոշիկից դուրս ցցված ժանգոտ մեխից ստացած արյան վարակից…Սա ազգի դատավճիռ է…Սրա մասին է պետք խոսել, թե մենք ոնց ենք մեր հանճարին վերաբերվում` ունենալով բազում միլիարդատերեր, կապիտալիստներ, որոնցից երբեւէ մեկը չհետաքրքրվեց որտեղ է, ինչպես է Կոմիտասը: Այս վերաբերմունքի մասին Նժդեհը Արքիմեդի մասին իր իմաստախոսություններից մեկում ասում է, որ Արքիմեդին սպանող հասարակությունն ամլացավ եւ այլեւս Արքիմեդներ չծնեց…Պետք է շնորհակալ լինենք, որ չամլացանք, ու այդ ամենից հետո Խաչատրյան ու Տերտերյան ունեցանք, այլ կոմպոզիտորներ…Որովհետեւ երբ ազգը որպես հոգեւոր միավոր մահանում է, իբրեւ կենսաբանական տեսակ մահացած է…Այնպես որ, Կոմիտասին ու Նժդեհին հերքելով, մենք մեզ ներսից ենք սպանում»,- ասաց Գինոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930