Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ փոխնախարարը՝ բանակում ինքնասպանությունների մասին. «Մենք մեր հետեւություններն անում ենք, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են»

Նոյեմբեր 11,2019 13:10 Share

Այսօր ԱԺ-ում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ գնահատական կտա բանակում ինքնասպանության դեպքերի հետ կապված, այս տարի 9 դեպք է եղել արդեն, արդեն մի քանի տարի է՝ փոփոխություն չկա ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերի ցուցանիշներում, ի՞նչ է արվում՝ այսօրինակ դեպքերը բացառելու համար: Փոխնախարարը պատասխանեց, որ կատարյալ կլինի, եթե այդպիսի դեպքեր տեղի չունենան. «Անցած տարի նույն ժամանակահատվածում 10 դեպք է եղել, անգամ մեկ կյանք փրկելը էլի քրտնաջան աշխատանքի արդյունք է: Մենք մեր հետեւություններն անում ենք, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են, բայց բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Զինված մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում ամբողջովին ապահովագրել հնարավոր չէ: Դա, իհարկե, ես դիտարկում եմ թերություն, շատ անելիքներ կան, որ բացառվի»:

Հարցին՝ դուք բացառո՞ւմ ե ք, որ սպանությունների դեպքերը կոծկվում են ինքնասպանության անվան տակ, բազմաթիվ դեպքեր կան, երբ զինծառայողին բերում են՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով ու էլի ինքնասպանության հասցնելու հոդվածի տակ են դիտարկվում դեպքերը, ինչը կասկածի տակ են դնում թե՛ հարազատները, թե՛ իրավապաշտպանները, դուք ունե՞ք այդ վստահությունը, որ այստեղ կոռուպցիոն որեւէ շղթա չի գործում՝ Բալայանը պատասխանեց. «Ասում եք՝ ինքնասպանություն է ու մարմնի վրա կան բռնության հետքեր, իսկ բացառվո՞ւմ է այն հանգամանքը, որ որոշակի ծեծկռտուք է եղել, մարմնական վնասվածքներ են ստացվել, դրանից հետո նոր ինքնասպանության հասցնելու դեպք է գրանցվել: Կարող է զինծառայողն ինքնասպանություն է գործել հենց այդ ֆիզիկական բռնությունից ելնելով կարող է զինծառայողն ինքը չի կարողացել իրեն պաշտպանի: Այն գործերը, որոնք ձեզ հետաքրքիր է, նախաքննության գաղտնիք է ու օրենք կխախտեմ, եթե հայտնեմ այն տեղեկությունները, որոնք ունեմ, բայց որպես պաշտոնատար անձ, ինձ հասու տեղեկությունների մասով կարող եմ ասել, որ բացառում եմ, բայց քրգործով հնարավոր է նաեւ այլ եզրահանգումներ լինեն»:

Aravot.am-ի հարցին՝ ինքնասպանությունների դեպքերի մեծաքանակ լինելը խոսում է բանակում վատ բարքերի մասին, կոնկրետ ՊՆ-ն ի՞նչ է անում՝ այդ մթնոլորտը փոխելու համար՝ Բալայանը պատասխանեց, որ ինքնասպանությունների դեպքերի դինամիկան նվազում է. «Օրինակ, հիմա բարոյահոգեբանական մթնոլորտի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում սննդի կազմակերպումը: Եթե սնունդը նորմալ չի կազմակերպվում, այնտեղ արդեն սեփական միջոցներով են որոշում որոշակի սնունդ առնել, սկսած սննդի ապահովումից, վերջացրած հանդերձանքով, հեռախոսների հետ կապված իրավահարաբերությունները, որ կան, այդ ամեն ինչը անելով, ընդառաջ գնալով զինծառայողների պահանջներին, ամեն ինչ արվում է, որ համապատասխան մթնոլորտ ստեղծվի եւ նման ձեր ասած դեպքերից խուսափելու համար»:

Բալայանը վստահեցրեց, որ բազմաթիվ դեպքեր էլ կանխվում են, կա վիճակագրություն, թե ինչպես են ծառայակիցները, սպաները նկատում, որ որեւէ զինծառայողի մոտ կա ոչ նորմալ վերաբերմունք. «Միանգամից էդ զինծառայողը մարտական հերթապահությունից հանվում է, համապատասխան հոգեբանական աշխատանք է տարվում, ծնողներն են նաեւ աջակցում: Մենք գոնե կարողանում ենք կանխել: Կան դեպքեր, երբ մենք նկատում ենք վարքի շեղումներ ու ընդհանրապես մարտական հերթապահության կամ զենքի հետ առնչվելու հնարավորություն այլեւս այդ զինծառայողը չի ունենում: Հոգեւորականները շատ դրական ազդեցություն են ունենում: Շատ դեպքեր ունենք, որ զինվորը կիսվում է հոգեւորականի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930