Լրահոս
Օրվա լրահոսը

Կուզեն՝ թող բոլոր առարկաների փոխարեն ընտրեն հայոց լեզու. Արսեն Ջռւլֆալակյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 14,2019 12:25

Հարցազրույց  «Իմ  քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ  սպորտի  հարցերի  մշտական հանձնաժողովի անդամ, ըմբիշ Արսեն Ջռւլֆալակյանի հետ

– Պարոն Ջուլֆալակյան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց-դասադուլը շարունակվում է։ Պատճառները   բազում  են՝ հայտնի առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությունից մինչեւ Մել-Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին ֆիլմին 20 միլիոն դրամ հատկացնելու նախարարության որոշումը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում, որ իշխանությունը 20 միլիոն է հատկացնում այդ ֆիլմին, այլ ոչ թե, ասենք, ըմբիշ Ջուլֆալակյանի  եւ մյուս անվանի մարզիկների մասին ֆիլմ նկարելուն։

– Եկեք   չանձնավորենք ու սկսենք սկզբից։ Մոտ 20 տարի է՝ ես կրթության բնագավառում եմ, մասնավորապես՝ ԵՊՀ-ում, եւ բավականին լավ ծանոթ եմ ե՛ւ դասավանդման պրոցեսներին, ե՛ւ ընդհանրապես։ Ես ուզում եմ նախ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ առարկաները պարտադիր չդարձնելու մասին խոսքը դեռեւս նախագծի մասին է, որը կարող է հետագայում փոփոխության ենթարկվել։ Եթե ճիշտ հակահիմնավորումներ բերվեն այդ առաջարկների դեմ, չի բացառվում, որ փոխվեն։ Հետեւաբար, այս մասով կարծես թե պարզ է։ Թեեւ ես կարծում եմ, որ ներկայացված նախագիծն էլ քննադատության ենթակա չէ, որովհետեւ ինչ ասվում, ասվում է, որ ցանկացած բուհ ինքն է որոշելու՝ ընտրե՞լ, թե՞ ոչ այդ առարկաները, կուզեն՝ թող բոլոր առարկաների փոխարեն ընտրեն հայոց լեզու։ Միթե այս փոփոխության մեջ կարելի է վատ բան գտնել։

– Բողոքողներն ընդհանուր վարվող քաղաքականության համատեքստում են քննարկում այդ նախագիծը, ասում են՝ երբ սեռափոխվածի մասին ֆիլմ է ֆինանսավորվում, դպրոցներից հանում են «Ռազմագիտություն» առարկան, հրապարակի մետրոյի մոտ անհասկանալի քարոզ է տարածվում, «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաներն են  հանվում բուհերից, ուրեմն ապազգային վտանգավոր ծրագիր է իրականացվում։

– Պետք չէ մեկը մյուսի հետ կապել, եթե վտանգավոր բան լիներ, անձամբ կկանգնեի ու կասեի՝ ինչո՞ւ եք անում։ Բնականաբար, կան նման մտածողության մարդիկ, որոնք կարծում են, թե ինչ-որ ծրագիր է գործի դրվել, բայց, դա ծանրակշիռ մեծամասնություն չէ։

– Այսինքն՝ համակարծի՞ք եք Արայիկ Հարությունյանին, որ իր դեմ բողոքողներն «անդաստիարակ» են։

– Ես նման բան չեմ լսել Արայիկ Հարությունյանից։

– Լավ, ի՞նչ բացատրություն ունեք, որ նախարարությունը 20 միլիոն դրամ է հատկացրել «Մել» ֆիլմի համար։

– Հավանաբար գիտեք, որ նախարարությունը միայն 10 տոկոսի չափով է գումար տրամադրել։ Եթե չեմ սխալվում՝ ֆիլմն արդեն 70 տոկոսով նկարված է եղել, երբ արդեն դիմել են նախարարությանը, սա չեմ ասում արդարացնելու համար եւ չեմ էլ ասելու հիմա՝ լավ են արել, թե վատ են արել։ Ես կարծում եմ, որ ֆիլմեր պետք է նկարել ՀՀ-ի համար վաստակ ունեցող բոլոր մարդկանց մասին՝ բոլոր բնագավառներից, ովքեր որ ՀՀ պատիվն են բարձրացնում, պարծանք դառնում։  Պետք է պարզապես հասկանալ առաջնահերթություններն ու հերթականությունները։ Այո, Դուք ճիշտ եք. եթե ֆիլմ ենք նկարում, գուցե պետք է սկսել ոչ թե Մելինե Դալուզյանից, այլ մեկ ուրիշից, բայց սա այն դեպքն է, երբ կրթության նախարարությունը չի որոշում, արտասահմանյան ծրագիր է, որի միայն 10 տոկոսն է ՀՀ-ն ֆինանսավորել։ Այ, երբ կառավարության որոշումը կլիներ, նոր հստակ կարծիք կհայտնեինք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930