Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ. «Եթե մենք զրո տոկոսանոց կուսակցություն ենք, ինչո՞ւ ենք այդքան ուշադրության առարկա դարձել երկրում։ Ուրեմն մենք ուժ ենք երկրում». «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2019 10:52

Դաշնակցությունն իր շարքերից արտաքսեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամի՝ Արտակ Մելիքյանին, Վանիկ Չալոյանին եւ Անուշ Մարտիրոսյանին։ Նրանք արտաքսվել են ՀՅԴ կանոնադրությունը խախտելու համար։ Դաշնակցությունում արտաքսելն ամենախիստ պատիժն է՝ արտաքսվածներն այլեւս վերադառնալու շանս չունեն։ Վերոնշյալ երիտասարդներն արտաքսվել են իրենց ներկուսակցական քննարկումների մասին «Ուղղամիտ եւ անվախ դաշնակցականներ» ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածելուց, դրանում ՀՅԴ խորհրդաժողովից մանրամասներ հրապարակելուց եւ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույց տալուց հետո։ Խնդիրը ՀՅԴ երիտասարդների կազմակերպած նստացույցերն են՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, որին վերոնշյալ երեք անձինք դեմ են արտահայտվել ու հրաժարվել մասնակցել ակցիաներին։

ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանն ասաց, որ այդ երեք երիտասարդներից երկուսն ուսանողներ չեն, այլ՝ ուսանողական միության անդամներ, եւ որեւէ պատասխանատվություն չունեն Նիկոլ «Աղբալյան» ուսանողական միության մեջ։ «Իրենք լիազորված չեն եղել, իրավասու չեն եղել, որ նման հարցազրույցի մասնակցեն, հատկապես, որ իրենք մինչ այդ բազում առիթներ են ունեցել կուսակցական ժողովներում տարբեր բաների մասին իրենց տեսակետները հայտնելու։ Իսկ իրենք խոսել են բաների մասին, որ իրենք դրանց մասնակից չեն եղել։ Օրինակ, երբ խոսում են էդ ժողովի մասին, որի մասին Գերագույն մարմինը տարածել էր հաղորդագրություն, իրենք ներկա չեն եղել էդ ժողովին եւ ենթադրություններով խոսքեր են ասել, որ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Սիմոն Սիմոնյանը։

– Ո՞րը, մասնավորապես, ա՞յն, որ Հրանտ Մարգարյանն ասել է՝ պետք է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին։

– Էդ անստորագիր նամակի մեջ, որ գրված է, դրանք իրականության հետ որեւէ ձեւով չեն համապատասխանում, եւ հատկապես էն բաժինը, որ ասում են՝ վախի մթնոլորտ եւ այլն․ ով Դաշնակցությանը ճանաչում է, գիտի, որ Դաշնակցության մեջ նման խնդիր չկա։ Եթե մենք ժողով ենք գումարել, շուրջ 150 մասնակից ենք ունեցել, տեւել է 5 ժամ, ելույթ են ունեցել 60-ից ավելի ընկերներ՝ ամեն մեկն իր տեսակետն է հայտնել, դա ինչպե՞ս կարող ենք վերլուծել որպես վախի մթնոլորտ։ Կեղծ, սուտ տեղեկություններ են տրված էդ նամակում, դա իրականությանը չի համապատասխանում, եւ որեւէ դաշնակցական իրավունք չունի դրանք տարածել։ Իսկ բուն նամակը՝ մեր կանոնագրի մեջ նման գործընթաց չկա, նախաձեռնություն չկա, բոլոր դաշնակցականները կարող են իրենց պատկան ժողովներից ինչ-որ նամակ ժողովների խողովակով փոխանցել։

– Այսինքն՝ հորինվա՞ծ է այդ նամակը։

– Այո, մենք տեղյակ ենք նամակ գրողից, խմբագրողից եւ տարածողներից։ Եվ մեր զարմանքն այն է, թե ինչու իշխանություններն էսպես ուրախությամբ, ամեն ուժով լծվել են էս հարցին։ Եթե մենք զրո տոկոսանոց կուսակցություն ենք, ինչո՞ւ ենք այդքան ուշադրության առարկա դարձել երկրում։ Ուրեմն մենք ուժ ենք երկրում, որ շատ ավելի բարձր է, մենք ուժ ենք համահայկական։ Եվ շատերն էդ հարցի մեջ շատ մեծ սխալներ են անում։

– Հիմա այդ երեք երիտասարդներն արտաքսվել են ՀՅԴ շարքերից այն պատճառով, որ Հանրայինով ելո՞ւյթ են ունեցել, թե՞, որ ի սկզբանե դեմ էին արտահայտվում ցույցերին։

– Նրա համար, որ ունեցել են հակականոնագրային ընթացք։ Դաշնակցության մեջ, անկախ ամեն ինչից, դու ժողովներում ազատ ես՝ քո տեսակետն արտահայտել, քո խոսքն ասել, վերջում որոշում է կայացվում։ Էդ որոշմանը բոլորը պետք է ենթարկվեն։ Ով չի ենթարկվում նման որոշումներին, կանոնագիրը նախատեսություն ունի դրա համար։

– Իրենք կոնկրետ ո՞ր որոշմանը չեն ենթարկվել, ցույցերին մասնակցելո՞ւ։

– Այո, ցույցերին, ակցիաներին մասնակցելու հարց է եղել, եւ հակառակ ոմանց, մեր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն ակտիվ մասնակցություն են ունեցել ցույցերին եւ նստացույցին։ Նույնիսկ ձերբակալության ժամանակ էդ 25-26 հոգուց բավականին թվով ընկերներ ՆԱՈՒՄ-ի անդամներից էին։ Այսինքն՝ էնպես չէ, որ չեն մասնակցել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031