Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ֆիննախը դեմ առողջապահության պարտադիր ապահովագրությանը. պարզաբանում է Ատոմ Ջանջուղազյանը 

Դեկտեմբեր 07,2019 13:18

Aravot.am-ը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ֆիննախը դեմ առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին, որն այս օրերին բուռն քննարկման թեմա է:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ՝ նոյեմբերի 30-ն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց, որ նախագծից դժգոհ են նաեւ կառավարությունում՝ ֆինանսական ոլորտի պատասխանատուները, մասնավորապես՝ ֆիննախն ու Կենտրոնական բանկը:

Ի պատասխան պարոն Ջանջուղազյանն ասաց, որ ֆիննախն աշխատում է տեսակետների մեջ չլինել կտրուկ. «Ցանկացած տեսակետ համարում ենք, որ գոյություն ունենալու իրավունք ունի, բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մի կողմից մենք հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստականություն եւ, ըստ էության, որոշակի գին վճարելով, որովհետեւ, հիշում եք, մենք, որպես նախապայման Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու դրել էինք այն, որ կարճաժամկետ հատվածում պետք է չեզոք ազդեցություն ունենա, որովհետեւ մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման արդյունքում մենք կորուստներ ունենանք հարկային եկամուտների մասով, որովհետեւ մեր ծախսերի որոշակի վարքագիծը պահելու անհրաժեշտություն ունենք եւ այդ վարքագիծը բարելավելու, այսինքն՝ լրացուցիչ ծախսերի իրականացնելու անհրաժեշտություն ունենք:

Իսկ ուղղակի հարկերի դրույքաչափի նվազեցմամբ, ուղղակի հարկերի նվազեցմամբ հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսվարողների համար լրացուցիչ հնարավորություններ ընձեռի եւ տնտեսավարողները կարողանան այդ ազատված միջոցներով ներդրումներ կատարել, պոտենցիալ ձեւավորել՝ նոր, հավելյալ արդյունք գեներացնելու: Այս դեպքում, կստացվի որ մենք մի կողմից անում ենք ուղղակի հարկերի բեռի նվազեցում, մյուս կողմից լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե այստեղ կա մոտեցում, որ սա աշխատակցի բեռն է ավելանում, ոչ թե տնտեսվարողի, բայց, խոշոր հաշվով, սա բեռ է տնտեսության վրա»:
Նախարարն ասաց նաեւ կան այլ փաստարկներ, որոնք պետք է ուսումնասիրվեն: Նա ասաց, որ հասարակության վերաբերմունքն էլ բավարարված չէ եւ ավելի շատ բացասական արձագանքներ են: Նախարարի խոսքով պետք է քննարկվեն նաեւ այլընտրանքային տարբերակներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին՝ ֆիննախն ունի՞ իր նախընտրած շեմը, ոչ թե նախագծով առաջարկվող 6 տոկոս ապահովագրության հարկը, այլ ավելի նվազ շեմ է առաջարկում, պարոն Ջանջուղազյանն ասաց՝ ֆիննախի նախընտրած շեմը զրոն է. «Հարցը չափի մասին չէ, հարցն ուղղության մասին է: Մենք այդքան էլ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհասցնի այդ արդյունքներին՝ առանց կորուստների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031