Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյան. Վստահ չեմ, որ առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կներդրվի կամ կներդրվի մոտակա 3-4 տարիներին

Դեկտեմբեր 02,2019 15:25

Արսեն Թորոսյանը պատասխանելով առողջապահության պարտադիր ապահովագրության վերաբերյալ այն դիտարկմանը, թե նախագծում նշված նոր հարկատեսակը բացասական արձագանքի է արժանացել, մասնավորապես՝ այն, որ սա լրացուցիչ բեռ է քաղաքացու վրա եւ արդար չէ` աշխատողը վճարի չաշխատողների առողջության համար եւս, պարոն Թորոսյանը պատասխանեց՝ եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա հիմա էլ աշխատողը վճարում է եկամտահարկ, որից օգտվում են նաեւ չաշխատողները: Նախարարը լրագրողների հարցերին պատասխանեց նոյեմբերի 30-ին Աղվերանում կազմակերպված դասընթացի ժամանակ: Խոսքը մասնավորապես՝ նախագծով առաջարկվող 6 % ապահովագրության հարկի կիրառման մասին է:

«Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր հասարակությունը լինի ներառական եւ բոլորը լավ ապրեն, ինչ որ չափով նաեւ իմ հաշվին, թե ասում ենք՝ քանի որ չես կարողացել հասնել այն բարձունքներին, ինչպես մեր այլ քաղաքացիները, չես կարողացել լավ կրթություն ստանալ, հետո այդ աշխատանքային, սանդուղքով բարձրանաս, չես կարող ստանալ մեկ միլիոն դրամ աշխատավարձ, ուրեմն դու ոչ մի բանի արժանի չես: Նույն տրամաբանությամբ վճարում ենք եկամտահարկ, որը վճարում են միայն աշխատող քաղաքացիները, բայց այդ եկամտահարկից գոյացած պետական բյուջեով կատարվում են ծախսեր բոլորի համար»:

Արսեն Թորոսյանի խոսքով, վստահ չէ, որ համակարգը կներդրվի կամ կներդրվի մոտակա 3-4 տարիների ընթացքում, բայց եթե ուզում ենք առողջապահությունում էական բան փոխել, ուրեմն, պետք է այն ներդնենք. «Եթե սա ներդնենք, ապա անկախությունից ի վեր, սա ամենակարեւոր բարեփոխումը կլինի առողջապահության ոլորտում: Մենք պետք է սրա մասին մտածենք, խոսենք, քննարկենք, հաշվենք, բաժանենք ու բազմապատկենք ու գնանք առաջ»,-ասաց պարոն Թորոսյանը:

Առողջապահության նախարարի խոսքով, հանրային քննարկման դրված նախագծից դժգոհ են նաեւ կառավարությունում՝ ֆինանսական ոլորտի պատասխանատուները. «Մեր ֆինանսական ոլորտը ներկայացնող գործընկերներից, զարմանալիորեն ու դժբախտաբար, չունենք լավ ու դրական կարծիք այս նախագծի վերաբերյալ: Բայց սա հենց ուղղված է քաղաքացիների ֆինանսական պաշտպանվածությանը»:

Նա ասաց, որ Ֆինանսների նախարարությունը եւ Կենտրոնական բանկը ընդունելի են համարում ապահովագրության ամերիկյան մոդելի կիրառումը, որը կատարվում է մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով: Սակայն, ինչպես Թորոսյանն ասաց, ինքը դեմ է այս մոդելին: Նախարարի խոսքով, մասնավոր ընկերությունները ֆինանսական կառույցներ են եւ նպատակը որքան հնարավոր է շատ շահույթ ստանալն է, եւ նրանք մտածում են, ինչպես անեն, որ հաճախորդի վճարած գումարներից ավելի քիչ ծախսեր անեն, իսկ պետության հիմնադրած հիմնադրամը, որի միջոցով էլ նախարարն առաջարկում է քաղաքացիների առողջությունն ապահովագրել, գումարներն ամբողջությամբ ուղղելու է քաղաքացուն, այսինքն՝ նա ավելի շատ ծառայություններ է ստանալու:

Այն հարցին, թե 6%-ը բարձր են համարում նախագիծը քննադատողները, Թորոսյանը ներկայացրեց, թե ինչ հաշվարկների արդյունքում են ստացել 6% ցուցանիշը. «Մեր գծած փաթեթն այնքան ընդգրկուն է, որ տակը չծածկվող բան գրեթե չի մնում: Եվ երբ մենք հաշվեցինք այդ փաթեթը ու վերցրեցինք մեր բնակչության թիվը, բազմապատկեցինք, ստացանք մի թիվ: Եթե չեմ սխալվում, մոտ 250 միլիարդ դրամ: Հետո գնացինք ու տեսանք, որ մեր բյուջեում ընդամենը 110 միլիարդ կա այդ 250-ից: Հարց ծագեց՝ մեզ որտեղի՞ց 140 միլիարդ դրամ, որպեսզի ՀՀ բոլոր բնակիչներին ծածկենք: Բաժանեցինք աշխատող ու հարկ վճարող աշխատողներ համախառն եկամտի վրա, ստացանք 6 տոկոս»:

Ըստ Արսեն Թորոսյանի, մարդիկ այսօր բուժում անցնելու համար անգամ տունն ու մեքենան են վաճառում:

Նախարարի խոսքով, այդ 6%-ը կփոխվի, եթե փաթեթի ծավալն ու բնակչության թիվը փոխեն. «Կարող ենք ավելի թեթեւ փաթեթ ձեւավորել, որ ոչ թե համարյա ամեն ինչ ներառի, այլ որոշ բաներ քիչ ներառի: Կարող ենք 3 միլիոնի չապահովագրենք, այլ ապահովագրենք միայն աշխատող քաղաքացիներին: Եթե միայն աշխատող քաղաքացներին ապահովագրենք մոտավորապես նույն փաթեթով, նախնական հաշվարկով՝ 1.5-2 տոկոս է պետք: Հնարավոր է նաեւ լինի հետեւյալ տարբերակը՝ սկզբում 1.5 տոկոս, բոլոր աշխատող քաղաքացիներին, հետո քաղաքացիները մի երկու տարի օգտվեն այդ ծառայությունից, տեսնեն ամեն ինչ լավ է, ասեն՝ բա մեր չաշխատող կանայք ու տատիկները, բա մեր մյուս համաքաղաքացիները: Եթե հանրային պահանջ ձեւավորվի, նրանց էլ ընդգրկենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031