Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպտիմալացման» կամ «արդյունավետության բարձրացման» անվան տակ ԵՊՀ-ում աշխատատեղերի զանգվածային կրճատումներ են սպասվում. ԵՊՀ Արհկոմ

Դեկտեմբեր 10,2019 18:13

ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գ.Գևորգյանի կողմից վերջին շրջանում իրականացվում են ԵՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը խոչընդոտող գործողություններ, որոնց նպատակն է վերացնել ԵՊՀ-ում առկա սոցիալական գործընկերության և աշխատողների իրավունքների պաշտպանության առկա մեխանիզմները: Արհկոմիտեի և ռեկտորի ԺՊ-ի միջև սուր խնդիրներ սկսեցին առաջանալ, այն բանից հետո, երբ արհեստակցական կազմակերպությունը առարկություն հայտնեց շուրջ 30 աշխատողի աշխատանքից ազատելու հարցում: Սրան հաջորդեց նոյեմբերի 25-ից ԵՊՀ Կոլեկտիվ պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ  ռեկտորի ԺՊ-ի ծանուցումը, ինչը դատարանի կողմից արդարացիորեն կասեցվեց: Ակնհայտ է, որ այս քայլերի հիմնական դրդապատճառը եղել է աշխատողների հավելյալ իրավական երաշխիքներ ապահովող կառույցի և կոլեկտիվ պայմանագրի հնարավոր չեզոքացումը:

Ռեկտորի ԺՊ-ն, տեսնելով, որ կոլեկտիվ պայմանագրի խզումը կասեցվել է դատարանի կողմից, որոշել է արհմիության գործունեությանը խոչընդոտող նոր անընդունելի քայլերի դիմել: Վերջին օրերին ԵՊՀ արհկոմիտե են դիմում բազմաթիվ դասախոսներ, ամբիոնի վարիչներ և այլ աշխատողներ, առ այն, որ իրենց հորդորում և ստիպում են դուրս գալ արհմիության շարքերից: Այս մոտեցումը ապօրինի է և հակասում է ՀՀ սահմանադրությանը և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքին: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ  ռեկտորի ԺՊ-ն և իր ներկայացուցիչները, կիրառելով տարբեր վարչական լծակներ մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, այդ թվում` որոշ դեկանների  հանդեպ, փորձում են նրանց միջոցով ազդել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն արհմիության անդամությունից:

Առաջիկայում ֆակուլտետների, ամբիոնների և վարչական  ստորաբաժանումների «օպտիմալացման» կամ «արդյունավետության բարձրացման» անվան տակ սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ և ԵՊՀ հարյուրավոր աշխատողներ կանգնած են լինելու աշխատանքը կորցնելու վտանգի առջև:

Ակնհայտ է, որ ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների այս գործողություները ունի մեկ նպատակ՝ ԵՊՀ աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ և անաղմուկ, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և արհմիության համաձայնությունն անհրաժեշտ պայման չէ, իսկ արհմիության անդամ հանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում անհրաժեշտ է ստանալ արհմիության գրավոր նախնական համաձայնությունը, այն չստանալու դեպքում անհնար կդառնա աշխատողին աշխատանքից ազատելը:

Հարգելի գործընկերներ, կոչ ենք անում դրսևորել միասնականություն, տեղի չտալ ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների ճնշումներին և դիմագրավել այս աննախադեպ վարչական ներգործությանը՝ դրանով իսկ երաշխավորելով Ձեր արժանապատիվ աշխատելու իրավունքն ու աշխատատեղի պահպանումը: Միաժամանակ հորդորում ենք ռեկտորի ԺՊ-ի և իր ներկայացուցիչների ազդեցությանը ենթարկված որոշ դեկաններին և ստորաբաժանումների ղեկավարներին ուժ և համարձակություն դրսևորել և չկատարել նման ապօրինի հրահանգներ, հակառակ դեպքում՝ ստիպված ենք լինելու հասցեական և անվանական հրապարակայնացնել այսօրինակ գործողություններում ներգրավված անձանց քայլերը և անունները:

Ա.Ավետիսյան
ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031