Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննիչի և իրավապահների աչքի առջև կարողանում են կանանց առևանգել, ես ուղղակի չեմ հասկանում»․ իրավապաշտպան

Դեկտեմբեր 12,2019 21:40

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Հենց հիմա մեր շահառուներից մեկի կյանքը վտանգված է։ Հայաստանի իրավապահ համակարգը դեռևս ունակ չէ կանանց պաշտպանել բռնությունից։

Այսօր Կանանց աջակցման կենտրոնի ապաստարանում գտնվող կանանցից մեկին ուղեկցել են Արթիկ, որտեղ նախատեսվում էր կատարել քննչական գործողություններ։ Արդյունքում կինը առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից և մենք անգամ չգիտենք, թե նա այժմ ողջ է, թե ոչ։

Կինն ապաստարան է տեղափոխվել դաժան ծեծի արդյունքում, որի առիթով հարուցվել է քրեական գործ, ուստի նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի աստիճանը շատ բարձր է։

Ինչպե՞ս է պատահում, որ քննիչի և իրավապահների աչքի առջև կարողանում են կանանց առևանգել, ես ուղղակի չեմ հասկանում։

Ուզում եմ նաև դարձյալ նշել, որ քննչական գործողություններ կատարելիս մենք բազմիցս բարձրաձայնել ենք, ընտանեկան բռնության պարագայում առերեսում կատարելու վտանգների մասին։ Ինչ վերաբերում է իրավապահ համակարգի ընտանեկան բռնության զոհերի հանդեպ վերաբերմունքին, ապա բավարար է հիշեցնել Թագուհի Մանսուրյանի դեպքը, երբ ոստիկանությունից վերադառնալիս կացնահարվեցին մայրն ու դուստրը, թեև մի քանի մետրի վրա էին դեռևս նրանց ուշ գիշերը ճանապարհող ոստիկանները, նաև՝ Մարիամ Ասատրյանի սպանության դեպքը, երբ ամբողջ համակարգը տեղյակ էր կնոջ հանդեպ բռնության մասին, սակայն ոչինչ չձեռնարկեց ողբերգությունը կանխելու համար»։

 ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն արձագանքել է այս գրառմանը՝ հայտնելով. «Կինը հայտնաբերվել է: Իրավապահներին հայտնել է, որ գնացել է որդուն տեսակցելու: Կինն այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում»:

Զարուհի Հովհաննիսյանը լրացուցիչ մանրամասնել է. «Կնոջը հայտնաբերել են և այժմ նա, ինչպես նաև Կանանց աջակցման կենտրոնի նրան ուղեկցող փաստաբանն ու այլ աշխատակիցներ բացատրություն են տալիս։ Ոստիկանությունը խոստացել է անվտանգության միջոցառումներն իրականացնել և կնոջը վերադարձնել ապաստարան։
Շնորհակալություն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին արագ արձագանքի համար, ինչպես նաև բոլորիդ, մեր մտահոգությունը կիսելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031