Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Խանդել, թե չխանդել

Դեկտեմբեր 20,2019 22:45

Շատերը կարծում են, թե խանդը սիրո նշան է: Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հոգեբան, Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս Տիգրանուհի Աճեմյանը պարզաբանում է, թե ինչ է խանդը եւ ինչու են այն հաճախ ռոմանտիզացնում:

Նրա խոսքերով, խանդը բացասական երանգավորում ունեցող երկակի զգացմունք է, որի բաղադրիչներն են նույն անձի նկատմամբ միաժամանակ տածած սերը, ատելությունը, կասկածն ու նրան կորցնելու վախը: Այն դրսևորվում է թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց մոտ:

Առաջանում է սիրելի մարդու ենթադրյալ անհավատարմության պատճառով: Խանդը կարող է ստանալ ծայրահեղ դրսևորումներ, եթե տվյալ անձն ունի ոչ համարժեք ցածր ինքնագնահատական, չի հավատում իր ուժերին ու սեփական գրավչությանը, ունի թերարժեքության կամ հակառակը՝ գերարժեքության բարդույթ:

Քանի որ հաճախ մարդիկ չեն կարողանում տարանջատել խանդը և նախանձը, խնդրեցինք ներկայացնել դրանց տարբերությունը:

«Իրականում խանդն ու նախանձը տարբեր զգացմունքներ են: Եթե նախանձը մարդու վշտանալն է դիմացինի հաջողության համար և ուրախանալն է նրա անհաջողություններով, ապա խանդի դեպքում մարդը վախենում է կորցնել այն, ինչ արդեն ունի և հիմնականում խոսքը վերաբերվում է սիրած էակին կորցնելուն»,-պատասխանեց Տիգրանուհի Աճեմյանը:

Իսկ ի՞նչ անել, երբ խանդում ես, ինչպես փոխել քեզ:

«Խանդի զգացման կառավարման համար կարևոր է ինքնավերլուծությունը, սեփական խանդի առաջացման պատճառների և հնարավոր հետևանքների վերլուծությունը: Խանդի զգացումը լիովին վերացնել չափազանց բարդ է, եթե ոչ անհնար: Այնուամենայնիվ, այն հնարավոր է որոշ չափով հաղթահարել, եթե տվյալ մարդը դրսևորի բավականաչափ կամքի ուժ և պատրաստակամություն: Կարևոր է խոսել կողակցի հետ և գիտակցել, որ ցանկացած մարդ ունի իր անձնական տարածքը: Այն պարագայում, երբ մարդը ջանքեր է գործադրում, սակայն ինքնուրույն դժվարանում է ձերբազատվել խանդի զգացումից, այդ դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեբանի օգնությանը և մասնագետի հետ միասին գտնել խանդի զգացման հաղթահարման լավագույն ուղիները»,-ասաց մեր զրուցակիցը:

Կա ժողովրդական խոսք, եթե խանդում է` ուրեմն սիրում է, որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը: Ի պատասխան հոգեբանն ասաց. «Խանդը կարող է առաջանալ սիրահարվածության կամ սիրո պարագայում, երբ դիմացի անձը մարդու համար դառնում է շատ կարևոր և նշանակալի: Շատերը խանդը համարում են իրական սիրո դրսևորման նշան։ Նրանք համարում են, որ եթե չկա խանդ, ապա չկա նաև սիրո զգացմունք: Սակայն իրականում միշտ չէ, որ այդպես է։ Խանդը դիմացի մարդու հանդեպ սեփականատիրական զգացման (և պարտադիր չէ, որ սիրո) դրսևորման ձև է և իր մեջ կրում է բազմաթիվ բացասական հետևանքներ: Անդադար վերահսկողությունը, կողակցի նկատմամբ դրսևորած անվստահությունը, հարցաքննություններն ու պարզաբանումները բացասաբար են անդրադառնում հարաբերությունների վրա և կարող են ոչնչացնել ցանկացած փոխհարաբերություններ»:

Աննա Չիբուխչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031