Լրահոս
Օրվա լրահոսը

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների 95,6%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները. ԱՆ

Հունվար 16,2020 17:53

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին համահունչ՝ Հայաստանում շարունակվում է դեպքերի արձանագրումը։

Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ընթացիկ տարվա հունվարի 16-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով դիմել է 848 պացիենտ, նախորդ տարվա նույն օրվա 1960 պացիենտի փոխարեն՝ նվազելով 2,3 անգամ:

Բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացումների կայունություն է արձանագրվում. այսօրվա դրությամբ հոսպիտալացված է 711 հիվանդ (նախորդ տարվա համեմատ նվազում՝ 1,1 անգամ), որի 95,6%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ Երևանի մանկական բժշկական կազմակերպություններում:

Հունվարի 15-ին արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված 70 կանչ, նախորդ տարվա 107 կանչի փոխարեն, թոքաբորբով՝ 15 կանչ, նախորդ տարվա 26 կանչի փոխարեն:

Շարունակվում է գրիպի Ա H1N1 և Բ տեսակների, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս) շրջանառությունը:

Կրթական կազմակերպություններում ջերմային ռեժիմի սահմանված ցուցանիշների պահպանման, դիտարկման արդյունքներով` հունվարի 16-ի դրությամբ ջերմային ռեժիմի շեղումներ արձանագրվել են 142 դպրոցում և 22 մանկապարտեզում: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով առողջապահության նախարարությունը շեղումների մասին օրական կտրվածքով տեղեկացնում է համապատասխան կառույցներին:

Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով  առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համահունչ,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային։

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031