Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն սենյակում, որտեղ գտել են Կուտոյանի դին, 3-4 տասնյակից ավելի պարկուճներ ու գնդակներ են եղել, պատերին կան վնասվածքներ». ՔԿ փոխնախագահը ուշագրավ տեղեկություններ է հայտնում

Հունվար 17,2020 19:19

Ինչպես հայտնի է, այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում: ՀՀ Քննչական կոմիտեի փոխնախագահ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը որոշ տեղեկություններ տվեց լրագրողներին:

Քննչական գործողությունների ավարտից հետո Արթուր Մելիքյանը քիչ առաջ նոր տեղեկություններ հայտնեց: Նա ասաց, որ դեպքի վայրում հայտնաբերված զենքը օրինական զենք է, իրեն է պատկանել, պարգեւատրման կարգով է հանձնվել. «Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից է ստացել: Կան բազմաթիվ պարկուճներ եւ գնդակներ, այն սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է, պատերին կան վնասվածքներ: Դեպքի վայրում կնոջ եւ հոր մասնակցությամբ այս պահին էլ գործողություններ են կատարվում, որեւէ այլ անձ չի եղել դեպքի վայրում, միայն քրեագետներ, քննիչներ եւ օպերատիվ աշխատողներ: Քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով»:

Պարոն Մելիքյանը հորդորեց հոդվածին առերեւույթ չխաբվել: Նշենք,որ 110 հոդվածի 1-ին մասը ինքնասպանությանը հասցնելուն է վերաբերվում. «Ունենք հետեւյալ դեպքը, հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահին գործը հարուցվել է 110 հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ կան, կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությամբ, այս պահին բազմաթիվ վարկածներ ենք դիտարկում: Համալիր փորձաքննություններով եւ մի շարք քննչական գործողությունների արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել: Քրեական գործը հարուցվել է այս պահին ինչ տվյալներ ձեռքի տակ ունենք՝ այդ փաստով: Տեսաձայնագրություններն արդեն խմբի քննիչների կողմից առգրավման պրոցեսում են: Հրազենային վնավածք ունի քունքի շրջանում, դատաբժիշկների փորձաքննության արդյունքում ավելի ստույգ կպարզենք: Այն զենքը, որը հայտնաբերվել է՝ պարկուճները, գնդակները դրանի՞ց են արձակվել, թե՞ ոչ, պարզ կլինի ավելի ուշ:

Արթուր Մելիքյանն ասաց, որ որեւէ ցուցմունք հիմա չեն հրապարակի, թե ինչ են ասել կինը, հայրը:

Ինչպես հայտնի է, մամուլում բազմաթիվ վարկածներ են քննարկվում ու տեղեկություններ կան, որ Կուտոյանի դիու կողքին կոնյակի դատարկ շիշ է եղել: Արթուր Մելիքյանն ասաց, որ փորձաքննությամբ կպարզվի՝ արյան մեջ ալկոհոլի քանակ կա՞, թե՞ ոչ, բայց շիշ գտնելու մասին ոչինչ չասաց:

Ուշագրավ է, որ ՔԿ փոխնախագահի խոսքով՝ դեպքի վայրում 3-4 տասնյակից ավելի պարկուճներ ու գնդակներ են եղել ու դեռ չունեն որեւէ տվյալ, որ որեւէ մեկը կրակոցի ձայն լսի:

Մելիքյանը հերքեց մամուլի այն տեղեկությունը,որ դիմածնոտային վնասվածք է ունեցել Կուտոյանը: Նա ասաց, որ արտաքին զննությամբ միայն քունքի շրջանում վնասվածքն է նկատելի եղել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեպքի վայրում էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ինչպես նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որոնց թույլ չեն տվել մտնել Կուտոյանի բնակարան: Հրայր Թովմասյանը նստեց ծառայողական մեքենա եւ հեռացավ, հնարավորություն չեղավ նրան հարցեր ուղղելու, որովհետեւ ոստիկանությունը շրջափակել էր տարածքը եւ թույլ չէին տալիս լրագրողներին մոտենալ: Արթուր Մելիքյանն ասաց, որ Հրայր Թովմասյանին անձամբ ինքը թույլ չի տվել ներս մտնել, իսկ Վանեցյանին ինքը չի տեսել:

Դեպքի վայրում էր նաեւ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, նա շենքից դուրս եկավ, սակայն լրագրողների որեւէ հարցի չպատասխանեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031