«Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը բազմիցս պատասխանել է այդ թեմայով հրապարակումներին։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին», – Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ Politik.am կայքում օրերս «Միացյալ Թագավորությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել» վերտառությամբ հոդված էր հրապարակվել։
«Այսինքն, նախագահ Արմեն Սարգսյանի պնդմամբ, ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին, սակայն այդ պետության պետական մարմիններում շարունակել են իրեն ներկայացնել որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Խոսքը, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի ռեգիստրացիոն պալատի մասին է (Companies House): Արմեն Սարգսյանը այս կառույցին իր կողմից հիմնադրած EURASIA HOUSE INTERNATIONAL կազմակերպության մասով 2011 թվականից հետո ներկայացրած երեք հաշվետվություններում ներկայացված է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի (2014 , 2013, 2012)։ Companies House-ին սխալ տվյալներ ներկայացնելը հանցագործություն է»,- գրել էր կայքը, նշելով, որ Արմեն Սարգսյանի կողմից երեք անգամ նույն տեղեկությունների թերի ներկայացումը կարող է դիտարկվել որպես դիտավորություն ու կարող է առաջացնել նաև քրեական պատասխանատվություն:
Հրապարակման հետ կապված նախագահի աշխատակազմից Aysor.am-ին հայտնել են՝ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, դրանք թյուրըմբռնման և ոչ ճիշտ ընկալման արդյունք են կամ արհեստածին են և քաղաքական շահարկումների դաշտից»,- հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։