Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նրա տեղը լինեի…»

Հունվար 24,2020 10:00

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հիմնական եւ, ըստ երեւույթին, վերջնական վարկածը ինքնասպանությունն է: Դա, իհարկե, խիստ նվազեցնում է այս կամ այն կողմի շահարկումների հնարավորությունը: Բայց հիմա էլ, ինչպես տեսնում ենք, քարոզիչները «գործ ունեն անելու»՝ օդի մեջ պնդելով, որ Կուտոյանին ինքնասպանության են հասցրել կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Նիկոլ Փաշինյանը:

Բայց, եթե վերանանք տեղեկատվական աղմուկից եւ ընդունենք, որ պաշտոնական վարկածը ճիշտ է (իսկ այս դեպքում ես հակված եմ դրան հավատալու), ապա պատճառները կարող են լինել թե անձնական եւ թե, այսպես ասած, «հասարակական»: Առաջինի մեջ խորանալն, ինձ թվում է, սխալ է եւ անպատեհ:

Իսկ «հասարակականը», կարծում եմ, կարող է հետաքրքրություն ներկայացնել կարեւոր երեւույթներ արձանագրելու համար: Գեորգի Կուտոյանին ճանաչողները պնդում են, որ նա, պարկեշտ եւ պատասխանատու մարդ լինելով, իրեն մեղավոր էր զգում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը չկանխատեսելու եւ չկանխելու համար: Դրան, շատ հավանական է, ավելանում էին նախկին պալատականների «պայմանական եղանակով» արվող դատողությունները՝ «այ, որ ես լինեի այն ժամանակ ԱԱԾ պետ, ես այսպես կանեի»: Դրանք իրոք պարապ խոսակցություններ են. հեղափոխության միակ «պատասխանատուն» Սերժ Սարգսյանն է, ավելի ճիշտ, նրա որոշումը՝ շարունակել ղեկավարել երկիրը վարչապետի պաշտոնում: Դրա «ծանրացուցիչ հանգամանքներն» են, որ այդ նպատակով փոխվեց երկրի սահմանադրությունը, իսկ փոխելուց առաջ Երրորդ նախագահը հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի աթոռին: Շախմատային խաղերի մեկնաբանություններում նման քայլերից հետո դրվում է երեք հարցական նշան (???), ինչը նշանակում է՝ «անմիջապես արագ պարտության տանող քայլ»:

Նրանք, ովքեր 2015-17 թվականներին հավաստիացնում էին, որ «սահմանադրական փոփոխություններ-երկրի ղեկավարի անփոփոխություն» օպերացիան հարթ է անցնելու (նրանց թվում գուցե կար Գեորգի Կուտոյանը), կրում են պատասխանատվության թերեւս 1 տոկոսը: Մինչ հիմա ՀՀԿ-ն այս ամենի մասին պարզ եւ շիտակ չի խոսում՝ բողոքելով հեղափոխականների պոպուլիզմից եւ ինչ-որ «տեխնոլոգիաներից»: Դրանք չէին աշխատի, եթե չլիներ քաղաքացիների ճնշող մեծամասնության ցասումը, որի դեմ անզոր է ԱԱԾ-ն կամ որեւէ այլ պետական կառույց: Բայց որ պալատականները մեղավորներ են փնտրում, չեմ զարմանում՝ մարդկային հոգեբանությանը հատուկ է փնտրել պարտությունների պատճառները ինչ-որ «ցավալի մանրուքների», ոչ թե հիմնարար սխալների մեջ:

Ինչ մնում է ինքնագովաբանմանը՝ «ես լինեի, այսպես կանեի», ապա դա ծանոթ է. մարդիկ ինձ էլ են հաճախ հուշում, թե, օրինակ, ինչպես է պետք հարցազրույց վարել՝ «բա խի՞ չասիր՝ այ…»: Դա մի քիչ նման է, որ ես հայտարարեմ՝ «Հենրիխ Մխիթարյանի տեղը լինեի, այդ դրվագում ձախ ոտքով կհարվածեի, ոչ թե աջ»: Ամենադժվարը, սակայն, «Հենրիխ Մխիթարյանի տեղը լինելն» է՝ դրա համար պետք է առնվազն 20 տարի ամեն օր մարզվել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Գեորգի Կուտոյանին ճանաչողները պնդում են, որ նա, պարկեշտ եւ պատասխանատու մարդ լինելով, իրեն մեղավոր էր զգում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը չկանխատեսելու եւ չկանխելու համար: Դրան, շատ հավանական է, ավելանում էին նախկին պալատականների «պայմանական եղանակով» արվող դատողությունները՝ «այ, որ ես լինեի այն ժամանակ ԱԱԾ պետ, ես այսպես կանեի»:»

    Կարծում եմ, որ ասվածը բավարար չի, որպեսզի հասուն և գիտակից տղամարդը՝ հատկապես որ սովորում էր Լոնդոնի բուհերից մեկի մագիստրատուրայում, ինքնասպանություն գործեր: Կարծում եմ, որ եղել է ավելի ծանրակշիռ պատճառ, ինչից խուսափել հնարավոր չէր, և նա գնաց այդ քայլին՝ դա մոտավորապես նման է խաղում հարազատին «պարտվողի» քայլին. ասվածը չի նշանակում, որ ինքը խաղացող էր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031