Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի «Նիկոլ Աղբալյանի» անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը. «Ժամանակ»

Փետրվար 12,2020 11:32

Երևանի «Նիկոլ Աղբալյանի» անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը, իսկ Երևանի «Ալեքսանդր Պուշկինի» անվան թիվ 8 դպրոցի 1866 աշակերտից բացակա է 1421-ը։ Այս տեղեկություններն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեցին նաև վերոնշյալ դպրոցների տնօրենները։

«Նիկոլ Աղբալյանի» անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը նշեց, որ բացակա աշակերտներից 132-ը վատառողջ է․ «Մեր դասղեկների և բուժքրոջ միջոցով պարզել ենք, որ 727 բացակայից միայն 132-ն է հիվանդ, իսկ 9 աշակերտի էլ մենք ենք տուն ուղարկել, որովհետև նրանք նույնպես գունատ էին ու վատառողջ, իսկ մնացածն ուղղակի վախեցած են ու իրենց երեխաներին դպրոց չեն բերել, որպեսզի նրանք նույնպես չհիվանդանան, հավանաբար, զգուշանում են հիմա շատ ակտիվացած այդ սուր շնչառական վիրուսներից»,-պարզաբանեց նա։

Հարցին՝ դասապրոցեսն ինչպե՞ս եք կազմակերպում այսչափ շատ բացակաների պարագայում, Արմինե Գրիգորյանը պատասխանեց․«Սովորական, բնականոն ձևով կազմակերպում ենք, անգամ դասարան ենք ունեցել, որ ընդամենը մեկ աշակերտ է դասերին ներկայացել, բայց այդ դեպքում նույնպես դասերը կայացել են և հակառակը՝ դասարաններ էլ կան, որ բացակաների թիվն այդքան էլ շատ չէ ու, բնականաբար, այդտեղ խնդիր չկա՝ ուսուցիչներն ամբողջ դասաժամը վարում են․ հիմնականում գերակշիռ մասը 4-րդ-ից մինչև 9-րդ դասարանի աշակերտներն են բացակա, բայց հույս ունենք, որ առաջիկայում աշակերտների բնականոն հաճախումները կվերականգնվեն, որովհետև ծնողների հետ էլ երբ խոսեցինք, ասացին, որ խուճապի մեջ չեն, այլ ուղղակի չեն ցանկանում իրենց երեխային վտանգել և հավելյալ բուժզննման են նրանց տանում»։

Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Ստեփանյանն էլ իր հերթին ասաց․ «Մենք ծնողների հետ կապի մեջ ենք և այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ բացակա աշակերտներից ոչ բոլորն են հիվանդ՝ ոմանք վախենում են վարակվել ու դրա համար չեն գալիս, խուճապ կա և ծնողները խիստ մտահոգված են։ Կարծում եմ՝ նրանց մտահոգությունն օբյեկտիվ է, որովհետև, իսկապես, դասարաններ ունենք, որտեղ 10-15 բացակա աշակերտ կա․ իհարկե, նորմալ չի այսքան շատ բացականեր ունենալը, բայց դե ծնողներին չենք կարող պարտադրել, ամեն մեկն իր երեխայի առողջության մասին է մտածում»։

Վերջինիս տեղեկացմամբ՝ բացակաների զգալի մասը 3-րդ, 5-րդ և 9-րդ դասարանների աշակերտների շրջանում է։

Բացակա աշակերտների թվի վերաբերյալ փորձեցինք մի քանի այլ դպրոցներից նույնպես տեղեկություններ ստանալ, սակայն տնօրենները տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին ասել, թե այս օրերին իրենց ղեկավարած դպրոցում քանի աշակերտ դասերի չի հաճախում։

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829