Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական թրաֆիքինգի» քննարկվող հեղինակը. Համբարձում Համբարձումյան

Փետրվար 15,2020 12:30

Թարգմանիչ, սցենարիստ, գրող Համբարձում Համբարձումյանն ընդամենը 23 տարեկան էր, երբ «Կատյան», «Վերադարձ», «Ութերորդցիները» պատմվածքների համար 2007-ին նախագահի երիտասարդական մրցանակ ստացավ: Ինչպես ինքն է ասում՝ «այդ մրցանակն ինձ համար շատ պատվաբեր էր, որովհետեւ Հրանտ Դինքի հետ միաժամանակ էի ստանում, հետո իմ կուրսի ղեկավարը՝ Ռուբեն Հովսեփյանը, մրցանակ ստացավ, փաստորեն, ես իր ուսանողն էի, երիտասարդականը ստացա, ինքը՝ մեծերինը: Նշանակալի բան կար դրանում»:

Ավելի անկեղծանալով՝ Համբարձումյանն ասաց. «Մրցանակները լավ են, հատկապես, երբ գումարը մեծ է: Հիշում եմ, 2500 դոլարի կարգի գումար էր երիտասարդական մրցանակի պարգեւավճարը, որը ստացա: Այդ գումարի մեծ մասով հորս համար բեռնատար մեքենա գնեցի։ Այդ ժամանակ հայրս բեռնափոխադրման ծառայություն իրականացնող ընկերությունում էր աշխատում։ Երբեմն ես էլ բեռնակիր էի աշխատում։ Մտածեցի, որ լավ կլինի, եթե մեր սեփական բեռնատարը ունենանք»:

«Կատյան» պատմվածքը այդ տարիներին հայաստանյան իրականությունում բավական հակասական արձագանքներ ուներ՝ նկարագրված բաց տեսարանների պատճառով: Գնահատականները ծայրահեղ էին. մեկը դա անվանում էր էրոտիկ գրականություն, մյուսը՝ գեղագիտություն, բայց այն, որ այդ կարճ պատմվածքը ժամանակակից գրականության մեջ բարձր գեղարվեստականության նոր չափանիշ էր բերել՝ միանշանակ էր:

«Ես մրցանակը ստացա, գնացի բանակ: Հետո վերադարձա, այդ պատմվածքի տակ եղած մեկնաբանությունները կարդացի: Մի աղջիկ գրել էր, որ պոռնո է: Ինձ թվում է, եթե հիմա տպագրվեր այդ պատմվածքը, ոչ մի նման արձագանք չէր լինի, որովհետեւ հետո այն գրողները, որոնք ասում էին, թե «պոռնո» է, իրենք էլ սկսեցին «պոռնոներ» գրել: Իրականում «Կատյան» հայկական թրաֆիքինգի դեպք է: Իրական փաստեր եմ վերցրել ու փաստերի հետ եմ աշխատել, իհարկե, գեղարվեստական լուծումներ եմ տվել»,- ասաց Համբարձումյանը՝ նկատելով, որ Հայաստանում «բաց տեսարաններով» գրականություն չկա. «Եթե ինչ-որ մեկը սկսի էրոտիկ գրականություն գրել, ես ուրախ կլինեմ, կարող է ես էլ փորձեմ, բայց այդ շուկան այսօր չկա: Այսօր վաճառվում են այն գրքերը, որոնք բարձր արժեքի համբավ են ձեռք բերել: Երբ շուկայական գրականություն ես ուզում ստեղծել ու վաճառել՝ լավ չի ընդունվում ընթերցողի կողմից: Ես երիտասարդ գրող էի, մեկ-երկու պատմվածք էի  գրել, ինձ գրեթե բոլոր գրողները ճանաչում էին, որովհետեւ իմ գրած պատմվածքները կապ ունեին ավանդական գծի հետ՝ Բակունց, Հրանտ Մաթեւոսյան, Ստեփան Զորյան, փոքր թաղի, փոքր համայնքի բնակիչների կյանքն էի ներկայացնում: Հետո, երբ նորարարական բաներ արեցի, հասարակական, քաղաքական ակտուալ թեմաներով սկսեցի գրել, «Պաստառ» պատմվածքների ժանրը վերստեղծեցի, զգացի, որ լավ չի ընդունվում, որովհետեւ ինձանից ուրիշ բաներ են սպասում»:

Համբարձում Համբարձումյանի հերոսները թաղի տղերքն են՝ թթենու տակ «պպզող», բլոտ խաղացողից մինչեւ ինտելեկտուալները, սերիալային «մոնիկաների ու խորխեների» համար խենթացող կանանցից մինչեւ քաղաքական ակտիվիստները: Ասում է՝ մեր շուկան փոքր է, գրում ես, գիրքդ դառնում է «բեսթսելլեր», ինչպես իր «Կորեական դելիկատեսը», մի քանի ամիս լավագույնների շարքում է լինում, ամենաշատ վաճառվողը համարվում, բայց երբ որ տպաքանակներն ես նայում, արդեն երգիծական երանգ է դա ստանում. «Իսկապես ծիծաղելի է մեզ մոտ բեսթսելլեր ասվածը, որովհետեւ համեմատության մեջ կարող է մի 300 օրինակ ավելի վաճառվի, ստացվի, որ ինքը բեսթսելլեր է»:

«Էդ գիշեր» պատմվածքում Համբարձումյանը, ներկայացնելով անչափահաս երեխայի ողբերգությունը, անելանելիությունը, գրում է՝ «Էդ գիշեր ծեծված, ջարդված հայրս թավալվում էր իր արյան ու բենզինի մեջ եւ սպառնում էր ինքն իրեն այրել: Էդ գիշեր ես ու մայրս նստել էինք մեր դռան մոտ ու տուն չէինք մտնում: Մայրս լաց էր լինում, իսկ ես չգիտեի, թե ինչ անեմ»:

Եթե ժամանակին երիտասարդ գրողը դեռ երկմտում էր՝ ինչ անել, ինչպես ծախսել նախագահի մրցանակի պարգեւավճարը, հիմա հստակ երազանքներ ունի՝ եթե ինչ-որ հրաշքով մրցանակի կանոնադրությունը փոխվի ու կարողանա եւս մեկ անգամ մասնակցել մեծերի անվանակարգում, այն իր համար բնակարան գնելու հիմքը կդնի: Գրողը վստահ է՝ արվեստում տարիքը նշանակություն չունի, անկախ նրանից՝ երիտասարդական է մրցանակը, թե մեծերի, այն ստիպում է գրողին կանգ չառնել, ստեղծագործել ու հասնել ավելիին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
14.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Ինքնագնահատականդ բարձր է, այդպես շատ են գրել, նորարարական ոչինչ չկա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829