Լրահոս
Օրվա լրահոսը

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնվում է

Մարտ 03,2020 14:26 Share

Ազգային ժողովն այսօր քննարկում է կառավարության հեղինակած՝ «ՀՀ-ի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը հասցված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Օրինագծի զեկուցող, ՀՀ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտարարեց, որ ուրախությամբ է տեղեկացնում փոփոխության մասին, քանի որ ավելի վաղ ՊՆ-ն խոստացել էր դա անել. «Շահառուների շրջանակն ընդլայնվում է: Առաջակում ենք, որպեսզի հիմնադրամի (նկատի ունի հանրության շրջանում հայտնի «1000 դրամների» հիմնադրամը.-խմբ.) շահառուներ հանդիսանան ոչ միայն մարտական գործողությունների, մարտական հերթապահության կամ մարտական հատուկ առաջադրանքի կատարման ժամանակ վիրավորված/զոհված զինծառայողները եւ նրանց ընտանիքները, այլեւ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով կյանքի եւ առողջության վնաս ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները»:

Փոխնախարարը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է 2008թ.-ից ի վեր գրանցված դեպքերին:

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչ է նշանակում «հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով» արտահայտությունը:

Գաբրիել Բալայանը պարզաբանեց. «Խոսքը վերաբերում է ոչ միայն մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելուն, այլեւ՝ թիկունքում, բայց հակառակորդի որեւէ գործողության հետեւանքով գրանցված դեպքերին՝ հարձակում, հրթիռակործություն, դիվերսիա: Փոխհատուցումը լինելու է  հիմնադրամից, խոսքը պետբյուջեի մասին չէ: Ի դեպ, այս պահի դրությամբ օրենքի իննը շահառու կա, իսկ երկուսի դեպքում սպասում ենք նախաքննական մարմնի որոշմանը»:

Հիշեցնենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031