Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են դանդաղում հայ-վրացական շռայլ խոստումները

Մարտ 13,2020 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Հայ-վրացական հարաբերություններում «կլինեն լրջագույն եւ նոր զարգացումներ», 2018-ին համոզված էր Փաշինյանը

Եթե վերհիշենք 2018թ. գարնանը Փաշինյանի առաջին այցը Վրաստան, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ առայժմ իրապես այդ հարաբերությունները խորացնելու, զարգացնելու անկեղծ ցանկությունից բացի՝ մատնացույց անելու հայ-վրացական որեւէ նախաձեռնություն, համատեղ ծրագիր՝ ակնառու եւ կոնկրետ փաստ առայժմ չի եղել, որը կարելի է գլոբալ նշանակության ու տարածաշրջանային նշանակության համարել:

Ինչպես նախկինում, Սերժ Սարգսյանն ու նախորդ իշխանություններն էին իրենց գործընկերների հետ բանակցություններում, այնպես էլ այսօր Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, հետեւաբար դա ստեղծում է նոր հնարավորություններ: Թբիլիսի կատարած վերջին պաշտոնական այցի ժամանակ Փաշինյանը եւս այդ փաստը կրկնել է: Ըստ ամենայնի, եթե վրացական կողմը չի արձագանքում՝ այդ գաղափարն այնքան էլ գրավիչ չի համարում: Իսկ եթե համարում են, ապա՝ կարելի է արդեն անցնել կոնկրետ պայմանավորվածությունների:

Ինչեւէ, Հայաստան-Վրաստան հարաբերություններում 2018թ. մայիսը կարեւոր ամիս էր: Հայաստանի նախագահը, ապա վարչապետն այցելեցին Վրաստան՝ Հայաստանում իրականացված իշխանափոխությունից անմիջապես հետո: Այդ փուլում էլ հայտարարվեց, որ հայ-վրացական հարաբերությունները խորացնելու ներուժ կա:

Մայիսի 25-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով էր աշխատանքային այցով ժամանել Թբիլիսի, որտեղ մասնակցել էր Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: Նշյալ այցի ժամանակ Արմեն Սարգսյանն առանձնազրույց էր ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Սարգսյանն ու Կվիրիկաշվիլին գոհունակությամբ փաստել էին երկու բարեկամ երկրների դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները։ Կողմերը կարեւորել էին փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, առկա ներուժի առավելագույնս օգտագործումը։ «Նրանց համոզմամբ, հայ-վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար: Հատկապես կարեւորվել է ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ բնագավառներում»,- ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

Արմեն Սարգսյանը երկու տարի առաջ՝ մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա էր գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, որտեղ իր խոսքում նշել էր. «Մեր երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ մեզ համար նաեւ այսօր: Այսօրվա իրողությունները մեզ պարտավորեցնում են ոչ միայն պահպանել, այլեւ զարգացնել եւ բազմապատկել մեր ունեցած արժեքներն ու ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որն արժանի կլինի հիշատակության եւ ինչու չէ, ընդօրինակման: Հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու, հարավկովկասյան տարածաշրջանը զարգացած ու համերաշխ դարձնելու մեր բոլոր ջանքերը բխում են հենց մեր դավանած արժեքներից»:

2018թ. մայիսի 30-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Վրաստան: Նիկոլ Փաշինյանն ու Գեորգի Կվիրիկաշվիլին առաջին առանձնազրույցի ընթացքում անդրադարձել էին հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին եւ դրանց զարգացման հեռանկարներին: Վրաստանի վարչապետն ընդգծել էր, որ իր գլխավորած կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ ընդլայնելու երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ նոր ազդակ հաղորդելու հայ-վրացական կապերին:

Փաշինյանը 2018թ. մայիսին նշել էր. «Պատահական չէ, որ իմ առաջին օտարերկրյա պաշտոնական այցը կատարում եմ եղբայրական Վրաստան, որի հետ մեզ կապում են հազարամյակների պատմական սերտ առնչությունները, բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար» եւ վստահեցրել էր, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը շարունակելու է մնալ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում:

Առանձնազրույցից եւ պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետները հանդես էին եկել ԶԼՄ-ների առջեւ եւ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններ արել: Կվիրիկաշվիլին հավաստիացրել էր պատրաստակամությունն ապագա արդյունավետ համագործակցության հարցում: Իսկ Փաշինյանն ընդգծել էր, որ Հայաստանի քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ունի առանձնահատուկ տեղ եւ առանձնահատուկ նշանակություն: Նա նշել էր, որ Վրաստանի հետ ունենք մի շարք համատեղ նախագծեր եւ ՀՀ-ն ակտիվորեն կաշխատի այդ նախագծերը ժամանակին եւ բարձր որակով իրագործելու համար: «Մենք պիտի աշխատենք նոր համատեղ նախագծեր ունենալու շուրջ: Եվ մենք համոզված ենք, որ ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան, որովհետեւ ամենակարեւոր գործոնը խնդիրների լուծման տրամադրվածությունը եւ ցանկությունն է: Եվ մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի՝ հավաստելու մեր պատրաստակամությունը եղբայրության եւ բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը եւ մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը եւ տրամադրվածությունը կարող են լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում»: Ն. Փաշինյանն ընդգծել էր՝ «եկել ենք այսօր այստեղ կոնկրետ հեռանկարներ բացելու եւ կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորությունը ստեղծելու համար», ապա համոզմունք հայտնել, որ հայ-վրացական հարաբերություններում «կլինեն լրջագույն եւ նոր զարգացումներ, եւ այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի եւ Վրաստանի շահերից»:

2018թ. գարնանը Փաշինյանը հանդիպել էր նաեւ վրացի եւ հայ գործարարների հետ, նրանց էր ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, եւ կարեւորել էր հայ-վրացական բիզնես կապերի շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում վրացական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:

Թե՛ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման, թե՛ Հայաստանում վրացական կապիտալի ներկայությանը նպաստելու հարցում ՀՀ իշխանությունների ցանկությունը, ըստ էության, առայժմ տեսանելի չէ: Չնայած երկուստեք հավաստիացումներին, երկու հարեւան-բարեկամական պետությունների իշխանությունների անկեղծ հայտարարություններին, այնուամենայնիվ, նկատելի է որոշակի դանդաղկոտություն: Գուցե դրա համար գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ եւ այդ պատճառները առավելապես հայկական կողմում չեն: Սակայն ամեն դեպքում այն, որ Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները ժամանակ են կորցնում, նույնպես անվիճելի է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031