Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 1-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, անդրադարձ է կատարվել համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների մշտադիտարկման արդյունքներին: Այս հարցում պետական նախարարը բարձր է գնահատել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներդրումը՝ ընդգծելով ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հետ հետագա համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը կարևորել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից առաջին անգամ կիրառված մշտադիտարկման կարգը՝ տեխնիկական իր հագեցվածությամբ, մեթոդաբանությամբ, կարգերով, մշտադիտարկման գործընթացով և վերջնական եզրակացությամբ: «Սա նշանակում է, որ եվրոպական կարգավորման ստանդարտները գործում են նաև Արցախի Հանրապետությունում»,- նշել է Տիգրան Հակոբյանը:
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է առաջատար երկրներում իրականացվող գործընթացն Արցախում ներդնելու հաջողված փորձն այն առումով, որ անկախ վերգետնյա հեռարձակողների քանակից, ԱՀ Կարգավորող հանձնաժողովն արդեն ունի լրատվամիջոցների հավասարությունը, մրցակցությունը, խոսքի ազատությունն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Արցախի տեղեկատվական դաշտի արդիականացմանն ու մրցակցային հարթակների ձևավորմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքներին:
Կարդացեք նաև
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին