Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատանք, որն արվում է լուռ ու շատ հաճախ շարքային քաղաքացիներիս համար անտեսանելի». ՀՀ են վերադարձել մարտի 28-ից Պեկինում ՀՀ դեսպանատանը բնակվող հայեր

Ապրիլ 09,2020 15:55

«Օտար երկրում, անգամ, փակ օդային ճանապարհների, և լոգիստիկ հանգույցների անհասանելիության պայմաններում, անհավանականը հավանական կարող է դառնալ, երբ թիկունքում ունես քո պետությունը ներկայացնող դիվանագիտական կառույց, իսկ հայրենիքում՝ քաղաքացու արժեքը գիտակցող պետական այրեր»,-ասում է ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով կեսգիշերին Չինաստանից Հայաստան ժամանած Վոլոդյա Մարգարյանը, որը վերջին շուրջ 10 օրերին բալիկի սպասող իր կնոջ հետ բնակվում էր Չինաստանում ՀՀ դեսպանատան շենքում:

Հայազգի զույգը Չինաստանում ՀՀ դեսպանություն էր տեղափոխվել մարտի 28-ին այն բանից հետո, երբ Պեկինի օդանավակայանում ի հակառակ օր առաջ տրված հավաստիացումներին՝ նրանց չէին թույլատրել թռչել AEROFLOT ավիաընկերության Պեկին-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով. ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության դադարեցման պատճառով ավիաընկերությունը տեղափոխել էր բացառապես Ռուսաստանի քաղաքացիներին:

«Համավարակի այս օրերին ինքներս՝ որպես ՀՀ քաղաքացի, ականատես եղանք, թե ինչպես են տքնաջան աշխատում Չինաստանում մեր դիվանագիտական կառույցի բոլոր աշխատակիցները՝ կազմակերպելու և իրագործելու մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն ունեցող բուժսարքավորումների հավաքագրումը, ապա դրանց ապահով տեղափոխումը օդանավ: Աշխատանք, որն արվում է լուռ ու շատ հաճախ շարքային քաղաքացիներիս համար անտեսանելի»,-նշում է Վոլոդյան՝ շեշտելով, որ կազմակերպչական բարձր մակարդակ է դրսևորվել նաև Պեկինի օդանավակայանում՝ չին գործընկերների հետ աշխատանքում:

Միջազգային թռիչքների համար այս օրերին փակ օդանավակայանը բացվել է հայազգի զույգի համար՝ մեկնման ընթացակարգը ապահովելու, ելքի օրինականությունը կնիքով վավերականացնելու համար:

«Առանձնահատուկ շնորհակալություն պարոն դեսպան Սերգեյ Մանասարյանին, հյուպատոս Արտակ Կալաչյանին, դեսպանության բոլոր աշխատակիցներին՝ ի դեմ Հայկի, որոնց հետ պատիվ ունեցա շփվել այս օրերին: Շնորհակալություն բոլոր պետական գերատեսչություններին, որոնք փակ օդային ճանապարհների պայմաններում իրականություն դարձրին այս չվերթը: Հատուկ շնորհակալություն օդանավի ողջ անձնակազմին, պրոֆեսիոնալներ, ովքեր ոչ միայն անվտանգ հայրենիք հասցրին կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ պետական միջոցներով ձեռքբերված, չին գործընկերների ու բարերարների նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը, այլև՝ ինձ, կնոջս ու մեր ապագա բալիկին: Շնորհակալ եմ անչափ այս մարդասիրական քայլի համար: Նաև հարազատներիս ու ընկերներիս եմ շնորհակալ՝ դժվարին այս շրջանում մեզ ոգևորելու ու լավատեսություն փոխանցելու համար»,-ասում է Վոլոդյան, ով կնոջ հետ համապատասխան խմբի ուղեկցությամբ կեսգիշերին օդանավակայանից տեղափոխվել է կարանտինային գոտի, ուր կգտնվի առաջիկա 14 օրերին:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը: Միաժամանակ նշվել էր, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, որոնք անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930