Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը փորձեց իր ձախողումները պարտակել նախկիններին հետ համեմատվելու միջոցով՝ այդպես էլ չգիտակցելով, որ պետք է ընդմիշտ անցյալում թողնել անցյալը և նայել առաջ». «Փաստ»

Ապրիլ 21,2020 11:29

Փաշինյանը կիրակի երեկոյան հանդես եկավ հերթական ուղիղ եթերով, որն այս անգամ նվիրված էր «թավիշին» և «ամենաթողությանը»։

Սամոսուդ անել, սատկացնել, վեշերը հավաքել, դուրս շպրտել, վնգստացող դատավորներ, փայ, կորոնավիրուսային դատարան: Ահա այն բառապաշարը, որ օգտագործեց երկրի ղեկավարը իր «լայվի» ժամանակ:

Հետաքրքրական է, թե ներկա արտակարգ դրության պայմաններում ի՞նչը վարչապետին հիշեցրեց իբր «թավիշի» և դրանից ածանցվող այլ խնդիրների մասին, երբ երկիրն ուղղակի տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնած։

Խնդիրն այն է, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքների վերաբերյալ։ Սակայն վարչապետի ուղերձում այդպես էլ ուղերձին հարիր ոչ մի նորություն չհնչեց, սովորական լայվային ելույթ էր, և վարչապետը բավարարվեց միայն բոլորին արդեն քաջածանոթ՝ կառավարության հակաճգնաժամային փաթեթները թվարկելով։

Սակայն շատ ավելի ուշագրավ է այն, որ հանրությունը, իրավիճակից դուրս գալուն ուղղված կառավարության տեսլականը և ծրագրերը քննարկելու փոխարեն, սկսեց տարվել առանձնապես իրենցից ոչինչ չներկայացնող կադրերի արտահոսքի խնդրով, մանավանդ երբ այդ արտահոսքի համար վարչապետի աշխատակազմը մեղադրում էր Հ1-ին, իսկ վերջինս էլ՝ հենց վարչապետի աշխատակազմին։

Թերևս տեղի ունեցածը վարչապետին հասկացրեց, որ իր ուղերձը լիովին ձախողվել է, դրա համար էլ նոր ուղիղ եթերով պետք է հանդես գա, որտեղ արդեն պետք է որոշակի բովանդակային մեսիջներ հղի հանրությանը։ Բայց այս ուղիղ եթերի ժամանակ վարչապետը հո չէ՞ր ընդունելու, որ ինքը մեծ հաշվով ասելիք չի ունեցել, քանի որ չունեն գործողությունների հստակ ծրագիր, իսկ արտահոսքն էլ տեղի է ունեցել վարչապետի աշխատակազմի ոչ պրոֆեսիոնալության և անփութության արդյունքում։

Դրա համար էլ վարչապետը կիրակի օրվա իր ուղիղ եթերում հիմնական շեշտադրումը տեղափոխեց «թավշյա հեղափոխության» դաշտ։ Փաշինյանն ընդգծեց, թե 2018 թվականին տեղի է ունեցել էմոցիոնալ հեղափոխություն, իսկ իրական հեղափոխությունը հիմա է տեղի ունենալու։

Եվ, ինչպես միշտ, այս անգամ ևս Փաշինյանին «օգնության հասան» նախկինները։ Վարչապետը փորձեց իր ձախողումները պարտակել նախկիններին քննադատելու և նրանց հետ համեմատվելու միջոցով՝ այդպես էլ չգիտակցելով, որ պետք է ընդմիշտ անցյալում թողնել անցյալը և նայել առաջ։

Նախկին իշխանությունների գործոնը Փաշինյանը կրկին շրջանառության մեջ է դնում՝ հանրության շրջանում հույսեր առաջացնելու համար, թե իբր կոպեկ առ կոպեկ պետությանն են վերադարձվելու «թալանչիների» ունեցվածքը։ Սակայն երկու տարի է, ինչ Փաշինյանն այս մասին հայտարարում է, բայց դրանից ժողովրդի կյանքը չի բարելավվում, իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում կարող է տեղի ունենալ միայն գործնական և ռեալ քայլերի միջոցով, այլ ոչ թե միֆականացված կուլակաթափության։

Իսկ թե ինչքանով է իշխանությունը կարողացել ի կատար ածել հանրության սպասելիքները, կերևա արտակարգ դրության ավարտից հետո, և բացառված չէ, որ իշխանությունները արդեն նախապատրաստվում են, որպեսզի «ժողովրդի անունից» ու «թավիշի» անվան տակ կոշտ գործողությունների դիմեն ընդդիմությանը լռեցնելու և խորացող դժգոհությունները խլացնելու համար։ Իսկ որ դժգոհությունները խորացել են աներևակայելի չափերով, արդեն իսկ ակնհայտ է:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930