Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հրահրում եք քաղաքացիական անկարգություններ». Մարուքյանն ապշեց Բեղլոյանի ասածից

Ապրիլ 29,2020 15:02

«Էդմոն Մարուքյանի ելույթներում մի հետաքրքիր եւ վտանգավոր միտում տեսա: Նա հրահրում է սոցիալական անկայունություն, սոցիալական եւ քաղաքացիական անկարգություններ՝ ասելով «քաղաքացիներ, այնտեղ փող կա, պահանջեք»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ դիմելով ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Հիշեցնենք՝ Մարուքյանը պնդում է, որ կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված՝ գանձապետական միասնական հաշվին առկա գումարի մի մասը պետք է բաշխվի քաղաքացիներին, կառավարությունն էլ համաձայն չէ, իսկ իշխանական պատգամավորները ԼՀԿ-ի առաջարկը պոպուլիստական են համարում:

«Շատ անազնիվ է դա, պարոն Մարուքյան, այս բարձր ամբիոնից նման կոչեր եւ մանիպուլյացիաներ մի արեք, դա վտանգավոր է պետության եւ հանրության համար»,-համոզմունք հայտնեց Բեղլոյանը:

Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Իրապես ապշած եմ, որ ինձ նման բան եք ասում: Ինձ մեղադրեցիք քաղաքացիական անհնազանդության կոչեր անելու համար: Հասկանում եմ, որ բարկանում եք: Հասկանում եմ, որ իշխանությունն ուզում է հերքել մեր թեզերը, բայց մեղադրել նման բանում…հավաքվել ենք մարդկանց ճիշտն ասելու: Ասում ենք՝ հարյուր միլիարդ դրամ ազատ փող կա, որը կարելի է բաժանել, կառավարությունն էլ ասում է՝ չկա:

Մարուքյանի պնդմամբ՝ իր ասածներում որեւէ մանիպուլյացիա չկա. «Դա ժողովրդի փողն է: Որ ասում եմ՝ ժողովուրդ, պահանջեք, դա քաղաքացիական անհնազանդությո՞ւն է: Գազի փող չունեն, երեխաները սոված են, բա չպահանջե՞ն: Այդ ո՞վ է իմ կոչով անհնազանդություն արել: Բա ումի՞ց պահանջեն, եթե ոչ իշխանությունից: Եթե պատրաստ չեք, որ պահանջելու են, այդպես էլ ասեք»:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ պատասխանեց Մարուքյանին. «Ձեր ազնվությունը միայն այստե՞ղ է տարածվում, «լայվերի» ժամանակ չի տարածվո՞ւմ: Ձեր երեկվա «լայվի» հետ եմ՝ 9:34-րդ վայրկյանից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930