Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք եք զրոյացնում արտաքին քաղաքականության կշիռը». Արմեն Աշոտյանը` Նիկոլ Փաշինյանին

Մայիս 06,2020 16:04

«Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում ԱԺ-ում, թե իր նման բաց, թափանցիկ եւ Արցախի խնդիրն ամբողջական պատկերացնող եւ ներկայացնող ղեկավար ՀՀ-ն չի ունեցել: ՀՀ-ն երբեք չի ունեցել այսքան բոբիկ, այդքան մեծամիտ եւ ստախոս ղեկավար, ինչպիսին այսօրվա վարչապետն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն` անդրադառնալով այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:

Հիշեցնենք, կառավարության հաշվետվությունը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով Արցախի հարցի կարգավորման մասին հարցին, ասել էր, որ Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան մանրամասն, այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, այդքան հրապարակային, թափանցիկ չի եղել, որքան ինքն է եղել: Իսկ բուն հարցին այսպես էր պատասխանել. «Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե ընդունելի չէ Հայաստանի, Արցախի ժողովրդի համար, այդ թվում Ազգային ժողովի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունից է, այլ ի բնե է այդպես: Եթե նույնիսկ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, որ կստորագրեն և կտանեն, մի հատ լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերը»: Նաեւ հավելել էր, որ լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որը ընդունելի է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ինչ վերաբերում է իր դիրքորոշմանը, նա նշել է, որ իր դիրքորոշումից նույնիսկ ստորակետ ոչ պակասեցնելու, ոչ ավելացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Արմեն Աշոտյանը հիշեցնում է, որ դեռ 2018-ի մայիսի 9-ին, Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցությունների մեխը լինելու է Արցախի վերադարձը բանակցային սեղան, ինչի մասին գրված է նաեւ կառավարության ծրագրում: Մինչդեռ Արմեն Աշոտյանն արձանագրում է, որ կառավարության հաշվետվության մեջ այս «մեխային» կետին անդրադարձ չկա, զրո հիշատակում, զրո խոսք: «Լավրովի հայտարարություններին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանից այդպես էլ չլսեցինք հստակ գնահատականներ: Փոխարենը`հերթական լոլոները, բառակույտը եւ ուրիշների հաշվին ինքնահաստատվելու հիվանդագին մոլուցքը»,- ասաց նա:

Կառավարության ծրագրում ՌԴ-ի հետ ՀՀ հարաբերությունները ռազմավարական եւ կարեւոր են որակվում: Իսկ հաշվետվության մեջ, ըստ Արմեն Աշոտյանի, ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների մասին կա ընդամենը հինգ տող, բոլորն էլ կենցաղային, կենացային մակարդակի, կոնկրետ գործողությունների եւ ձեռքբերումների մասին եւ ոչ մի արձանագրում:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խոստացել էր, որ ԵՄ-ՀՀ համաձայնագիրն արագորեն կսկսի գործել: «Հաշվետվության մեջ ինչ-որ նկարագրական մաս կա»,- ասում է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ իրականում, արդեն 2,5 տարի է Սերժ Սարգսյանի` արտաքին քաղաքական խոշորագույն ձեռքբերումներից մեկը համարվող այս համաձայնագրի վավերացման գործընթացը դոփում է տեղում: «Մեր իշխանության օրոք խոստանում էինք 1,5-2 տարում վավերացնել, այնինչ այսօր դեռ հինգ եվրոպական երկիր չի վավերացրել համաձայնագիրը»,- ասաց նա`հորդորելով չհավատալ, եթե իշխանության ներկայացուցչները կասեն, թե շատ մեծ ջանքեր են գործադրել վավերացման ուղղությամբ: Լավագույն դեպքում, ըստ Արմեն Աշոտյանի համաձայնագրի վավերացումը կարող է լինել մինչեւ այս տարվա վերջ, այսինքն, իշխանափոխությունից միայն երեք տարի անց:

Կառավարության հաշվետվության մեջ նախկին իշխանավորը ոչինչ չի գտել նաեւ վիզաների ազատականացման ռեժիմի ուղղությամբ կատարված աշխատանքի մասին: Ասում է` այս ուղղությամբ ևս իշխանությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, չի կապիտալիզացրել հեղափոխությունը արտաքին քաղաքականության մեջ, այլ մենք ունենք հստակ ստագնացիա, ճահճացում: «Բացի եվրոպական մայրաքաղաքներում ժպտերես նկարներից եւ ձեռքսեղմոցներից, որեւէ հստակ քայլ այս ուղղությամբ չի լուծվել»,- ամրագրում է բանախոսը` հավելելով, որ ԵՄ-ն 25 միլիոն եվրոյով ավելացրել է ՀՀ-ին տրամադրվող օժանդակությունը, բայց արդյոք դա՞ էր խոստացել Նիկոլ Փաշինյանը եւ դա՞ էր այն խորքային փոփոխությունների, ժողովրդավարական հորձանուտի գինը, որում Հայաստանը հայտնվել է. «Արդյոք Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, Յունկերի հանդիպման ժամանակ չէր ասում, որ այդ ստից գումարներն իրեն պետք չեն եւ ցանկացած օլիգարխի կարող են թափ տալ ու այդ տասը միլիոն եվրոն գրպանից կընկնի: Տղերք, էս ի՞նչ օրի եք հասել, որ այդ հաղթանդամ կերպով 25 միլիոն եվրոյի մասին ձեր ճռճռան հաշվետվությունը ներկայացնում եք»:

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով խոստացվածի եւ կատարվածի համեմատության համատեքստում Արմեն Աշոտյանը հիշեց Նիկոլ Փաշինյանի առաջին այցը ԱՄՆ, որի ժամանակ միայն ինքնաթիռի վրա 350 հազար դոլար ծախսվեց: Ինքը` Աշոտյանն այդ այցը համարում է անիմաստ, «Ճ» կլասի հանդիպումների, միտինգային հռետորաբանության: Արմեն Աշոտյանը նկատում է, որ կառավարությունն ինքն էլ է այդ այցը դատարկ համարել, քանի որ հաշվետվության մեջ հայ-ամերիկյան հարաբերությունների մասին ոչինչ չկա. «ԱՄՆ-ի մասին խոսելիս կառավարությունը նշել է, թե ԱՄՆ-ը 40 տոկոսով մեծացրել է ՀՀ-ին աջակցությունը, բայց մենք իմացանք, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Արցախին տրվող օգնությունը, իսկ 40 տոկոսի ավելացման փոխարեն մոտ 20 տոկոս է ավելացրել»։

Իրանի մասով հաշվետվության մասով կա գեթ մեկ հիշատակում, որտեղ նշվում է, որպեսզի կենդանիների տարանցում անցկացվի. «Պատկերացնում եք մեր հարաբերություները այդ մեկ ձեռքբերման մեջ է։ Վրաստանի մասով վարչապետը սիրում է գլուխ գովել, թե ընկեր է Վրաստանի իշխանությունների հետ։ Վրաստանի մասով զրո հիշատակում կա»։ Զրո հիշատակում կա նաեւ Չինաստանի հետ հարաբերությունների մասով:

Կառավարության հաշվետվության մեջ, Արմեն Աշոտյանը զրո հիշատակում է արձանագրել նաեւ ԱՊՀ-ՀՀ հարաբերությունների առնչությամբ:

Հաջորդ ուղղությունը Մերձավոր Արևելքն է. «Բացի Քաթարի դեսպանատան մասից կառավարության ծրագրում ընդամենը մեկ հիշատակում կա։ Սիրիա զորախումբ ուղարկելու հարցը։ Հիշեցնեմ, որ մեր զինվորները, սպաներն ու բժիշկները Սիրիայում գտնվում են ՀՀ սահմանադրության և օրենսդրության կոպիտ խախտմամբ։ Իրենք մեղավոր չեն, որ կառավարությունը սեփական սահմանադրությունը խախտելով մեր զինվորներին ուղարկել է Սիրիա։ Մեր կառավարությունը անցյալ տարի խոստանում էր, որ հարաբերությունները զարգացնելու է նաև ՆԱՏՕ-ի հետ։ Բայց արտաքին քաղաքական բլոկում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասով զրո հիշատակում կա։ Կառավարության ծրագրում տեղ էր տրված Ֆրանկոֆոնիայի հետ հարաբերությունների մասով։ Կառավարության ծրագրում Ֆրանկոֆոնիայի հետ հարաբերությունների մասով կա զրո հիշատակում։ Կառավարությունը չի ամաչել ու գրել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություների մասին, ինչ-որ գլուխ է գովացել։ Սակայն պետք է հիշեցնեմ, որ պետք է գլուխները կախեին։ Այս իշխանության ապիկար քաղաքականության պատճառով դատարկ շինծու, Ռ․Քոչարյանի դեմ քրեական հետապնդման արդյունքում ՀՀ-ն զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից»։

Ցեղասպանության ճանաչման առնչությամբ, ըստ Արմեն Աշոտյանի, կառավարությունն իրեն է վերագրել մի շարք որոշումներ և ճանաչումներ, որոնց հետ ինքը բացարձակ կապ չունի. «ԱՄՆ կոնգրեսից սկսած՝ վերջացրած Իտալիայի խորհրդարանով։ Այս իշխանությունները գործ չեն արել նաև Պորտուգալիայի ճանաչման մասով։ Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ մենք արտաքին քաղաքականություն իբր չենք ունեցել, ու ինքը զրոյից իբր արտաքին քաղաքականություն է սկսել»:

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում: Արմեն Աշոտյանը հակադարձում է. «Այսքան զրոներ թվարկելուց հետո կարող եմ արձանագրել, որ ոչ թե արտաքին քաղաքականությունն եք սկսել զրոյից, այլ Դուք եք զրոյացնում արտաքին քաղաքականության կշիռը։ Հիմնավորումները հետ տվեք՝ նայեք էս տեսանյութով, որովհետև ինքներդ արտաքին քաղաքականությունից զրո եք»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031