Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային մամուլը քննարկում է Միշել Օբամային. այս անգամ նրա մասնակցությամբ ֆիլմը

Մայիս 10,2020 16:18

Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գրքի հրատարակվելուց 2 տարի անց նրա թիմը, գործակցելով Netflix-ի հետ, ներկայացրեց համանուն վավերագրական ֆիլմը։ Ու ինչպես պատահում է Օբամաների հետ, դարձավ մամուլի թիվ մեկ թեման։

«Becoming» ֆիլմի մեծ մասը նկարահանվել է այն ժամանակ, երբ Միշել Օբաման հանդիպում էր ընթերցողների հետ՝ գովազդելով իր գիրքը։ 90 րոպե տևողությամբ ֆիլմի կեսը Միշել Օբամայի գրքի շրջագայության մասին է: Մյուս հատվածում՝ կուլիսային հարցազրույցներ են ու պատմություններ:

Բայց այստեղ արտասովորն այն է, որ գրքի շնորհանդեսները տեղի էին ունենում ոչ թե գրախանութներում կամ մեծ սրահներում, այլ ամերիկյան խոշոր քաղաքների մարզադաշտերում կամ մարզահամերգային համալիրներում։ Օբամային տեսնելու և լսելու համար գալիս էին հազարավորներ։

Ավելին, ամեն անգամ Օբաման իր հանդիպումների համար ընտրել է ամերիկյան աստղի, որը կվարեր երեկոն և գրքի վերաբերյալ հարցեր կտան։ Այդ դերում եղել են Օփրա Ուինֆրին, Ռիզ Ուիզերսպունը և ուրիշներ։

Ֆիլմում Օբաման անկեղծորեն պատմում է իր մանկության, պատանեկության և Սպիտակ տան տարիների մասին։ Ահա թե ինչ կարելի է իմանալ այս ֆիլմից։ Հատվածները՝ ըստ Օբամայի հարցազրույցների.

Մանկությունը և ընտանիքը

Պետք է խոստովանես, թե ով ես դու, որպեսզի հավասարությունը հաղթի։ Ես նախկին առաջին տիկինն եմ, որի նախնիները ստրուկներ էին։ Իմ նախանախանախատատը ստրուկ էր։ Իմ պապը, որը տաղանդավոր մարդ էր, արժանավայել կարիերա չունեցավ, որովհետև նրան համալսարան չընդունեցին մաշկի գույնի պատճառով։ Մեր հայրը՝ Ֆրեյզեր Ռոբինսոնը, մեզ համար ասես Աստված լիներ։ Նա շուտ մահացավ, որովհետև ցրված սկլերոզ ուներ։ Նա մինչև վերջին պահը չէր հանձնվում։ Ես մինչև հիմա չեմ հաղթահարել նրան կորցնելու ցավը։ Ինձ հետ միշտ իմ ավագ եղբայր Քրեյգ Ռոբինսոնն է, չնայած ինձ երբեմն թվում է, որ մայրս իրեն ավելի շատ է սիրում, քան ինձ։

Աֆրոամերիկացիների հանդեպ վերաբերմունքը

Երբ երեխա էի, դպրոցի հոգեբանն ինձ ասաց, որ չեմ կարողանալու ընդունվել Փրինսթոնի համալսարան։ Այդ միտքն ինձ մինչև հիմա վիրավորում է։ Մաշկի գույնի պատճառով ինձ երբեք անտեսված չեմ զգացել, որովհետև ինձ այդպես են դաստիարակել ։ Միշտ հասկացել եմ, որ ես կարևոր եմ։

Բարաք Օբամայի հետ հարաբերությունները

Բարաքի հետ ծանոթացա, երբ իրավաբանական ընկերությունում խորհրդատու էի։ Նա զանգեց և լսափողից տաքությունը տվեց վրաս, այդպիսին էր նրա ձայնը։ Սկզբից նա շատ էր տարբերվում մյուս տղամարդկանցից։ Ես չէի ցանկանում նրա երազանքների խաղալիքը դառնալ, այլ ցանկանում էի լինել նրա լիարժեք զուգընկերը։ Այդ ցանկությունն ինձ ստիպում էր աշխատել և զարգանալ։ Երեխայի ծնվելուց հետո կյանքը փոխվեց։ Իմ նպատակները երկրորդ պլան մղվեցին։ Ես գնացի հոգեբանի մոտ։

Սպիտակ տան կյանքը

Ուզում էի, որ Սպիտակ տունը դառնա հարմարավետ մի վայր, որտեղ կմեծանային իմ աղջիկները։ Չէի ցանկանում, որ նրանց սպասարկեն սմոքինգներով աֆրոամերիկացիները։ Մենք փոխեցինք Սպիտակ տան աշխատակիցների դրես-կոդը, երեխաներին թույլ տվեցինք խնջույքներ կազմակերպել։ Սպասավորներին խնդրեցի, որ երեխաներին կենցաղային  գործեր անել սովորեցնեն։ Երբ 2017-ին ընտանիքս հեռացավ Սպիտակ տնից, լաց եղա․ այդպես ազատվեցի այն լարվածությունից, որը 8 տարի ինձ խեղդում էր։ Երբ Բարաքը դարձավ նախագահ, մեր ամբողջ կյանքը փոխվեց, մենք դադարեցինք պատկանել ինքներս մեզ։

2008 թվականի նախընտրական քարոզարշավը ծանր էր, մեզ վրա ցեխ էին շպրտում, մեր բառերը փոխում էին։ Դադարեցի հանպատրաստից խոսելը և սկսեցի օգտագործել միայն նախօրոք գրված տեքստ։ Այդ ամենը ազդում էր մեզ վրա։ Շատերի համար մենք պրովոկացիայի առիթ էինք․ հիմա աֆրոամերիկացիների ընտանիքն ապրում է «իրենց» Սպիտակ տանը։ Մեզ սպառնացին, կրակեցին Սպիտակ տան վրա, ռասիստական հայտարարություններ էին նետում մեր ուղղությամբ։

Ուշադրություն մի դարձրեք Թրամփի լոզունգների վրա, պարզապես շարունակեք սովորել և աշխատել։ Հասկանում եմ նրանց, ովքեր քվեարկեցին Թրամփի օգտին, բայց չեմ հասկանում նրանց, ովքեր ընդհանրապես չեկան քվեարկության։ Մարդիկ մինչև հիմա մտածում են, որ սա խաղ է։ Այն, որ մեր քաղաքացիները չգնացին ընտրության, ես դրանից տրավմա ստացա։

Ապագան

Ուզում եմ աշխատել երիտասարդների հետ, նրանց աջակցություն է պետք։ Ուզում եմ ինձնով զբաղվել։ Մենք լավ երկիր ունենք, հիանալի ժողովուրդ։ Հիմա խաչմերուկում կանգնած ենք և  յուրաքանչյուրս պետք է մտածի, թե ով ենք որպես ազգ։ Հուսով եմ, որ մարդիկ լավագույնի սպասումով են իրենց և ապագա սերնդի համար։

Ֆիլմի պրեմիերան կայացել է մայիսի 5-ին։ Եվ կինոքննադատներն ու կինոմաններն արդեն գրել են դրա մասին։ New York Times-ի բեսթսելլերների հեղինակ Ջիթեդր Շեդեվը նշում է, որ ֆիլմը կարող է առաջնորդներին, մարկետոլոգներին, կամ հասարակ մահկանացուներին սովորեցնել, թե ինչպես կարելի է գրավել երիտասարդների ուշադրությունը.

«Օբաման ասում է, որ հարավային Չիկագոյից է և դա խոսում է իր մասին այնքան, որքան անհրաժեշտ է իմանալ: Բո՛ւմ… Դուք ճիշտ հասկացաք, սա այն ամենն է, ինչ դուք պետք է իմանաք: Միշել Օբաման չի հեռանում իր արմատներից և չի փորձում իր համար ավելի «հարմար» վարկած ներկայացնել: Նա չի վախենում բացահայտել իր խոցելի կողմերը: Նա խոսում է այն վախերի մասին, որոնք ունեցել է իր կյանքի տարբեր ժամանակներում և առաջին տիկին լինելու ընթացքում:

Մեկ այլ քննադատ է նկատել է, որ Միշել Օբաման սկսել է բաց երկխոսություն հասարակության անդամների հետ: Նա ձգտում է սովորել երիտասարդ սերնդից և ընդունել փոփոխությունները:

Օբաման այս ֆիլմով, ըստ էության եզրափակում է «Becoming. Իմ պատմությունը» գրքի առաջխաղացումը։ 2018–ին հրատարակված գիրքը վաճառվել է ավելի քան 12 միլիոն օրինակ, թարգմանվել 50-ից ավելի լեզուներով, այդ թվում հայերեն։ Հայաստանում այն լույս է տեսել 2020-ի ապրիլին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031