Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ Մարտունու քաղաքացիները կորոնավիրուսով արդեն վարակված են եղել, երբ Վերին Գետաշենում հուղարկավորության են մասնակցել

Մայիս 11,2020 16:39

Մարտունի քաղաքում ոչ թե երեք, այլ երկու քաղաքացի է վարակվել կորոնավիրուսով, այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետի օգնական Լիաննա Հովհաննիսյանը՝ նշելով, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ընտանիքի անդամները եւ շփման շրջանակն էլ արդեն մեկուսացված են: Երկու քաղաքացին էլ վարակվել են իրենց հյուր եկած ընտանիքի մեկ այլ անդամից:

Այս դեպքի շրջանակում կատարված թեստավորումներից մոտ 50 քաղաքացու պատասխանները բացասական են եկել: Մեր հարցին՝ նախնական վարկածով վարակի օջախը եղել է Վերին Գետաշենում տեղի ունեցած հուղարկավորությունը, Լիաննա Հովհաննիսյանը պատասխանեց, որ ճիշտ է՝ նրանք մասնակցել են հուղարկավորության, սակայն այդտեղից չեն վարակվել. «Հուղարկավորությանը մասնակցած բոլոր անձինք էլ տեղյակ են եւ զգուշացվել են: Ինքնամեկուսացման անհրաժեշտ բժշկական բոլոր ցուցումներն արվել են եւ ում հետ անմիջական շփում ունեցել են, նրանց էլ թեստավորել են»:

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենց համայնքում կորոնավիրուսով վարակվածության որեւէ հաստատված դեպք չկա:

Նրա խոսքով, հուղարկավորությունը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ՝ մայիսի 1-ին, փոքրաթիվ մարդկանց շրջանակով. «Հանգուցյալին բերել են Ռուսաստանի Դաշնությունից, հուղարկավորությունը տեղի է ունեցել նեղ շրջանակով, ոստիկանության հսկողությամբ: Անգամ հոգեհաց չի տրվել, գերեզմանոցում հարազատները կատարել են արարողությունը ու ամեն մեկն իր տուն է գնացել»:

Մեր հարցին թե այս պահին ի՞նչ գործողություններ են անում գյուղում, Տիգրան Մուրադյանն ասաց, որ բոլոր այդ հարցերը առողջապահության նախարարությունն է համակարգում եւ ինչ անհրաժեշտ է եղել՝ կատարվել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031