Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներն արձակվել են մեքենայի աջ հատվածից. Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով համալիր փորձաքննության եզրակացությունը նոր հանգամանքներ է ի հայտ բերել. «Հայկական ժամանակ»

Մայիս 22,2020 12:04

Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ստացվել է համալիր փորձաքննության եզրակացությունը, որով նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, կայացել է գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում այդ նոր հանգամանքներով պայմանավորված՝ իրենք մի քանի միջնորդություններ են ներկայացրել:

Փորձաքննությունը, որի եզրակացությունը ստացվել է մոտ մեկ ամիս առաջ, նշանակվել էր ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ: Այս նոր եզրակացությունը, ըստ Հովհաննիսյանի, տրվել է այլ փորձագետի կողմից եւ էականորեն տարբերվում է նախաքննության ընթացքում ստացված պատասխաններից. «Մասնավորապես, ամբողջ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, որոնք հիմք են հանդիսացել նաեւ մեղադրանքի որոշման համար, խոսում են այն մասին, որ կրակոցները արձակվել են մեքենայի շարժման ուղղությամբ ձախ մասից, անտառապատ տարածքից, բայց ավտոմեքենայի ոչ միայն ձախ մասում էին առկա գնդակային վնասվածքներ, կրակոցի հետքեր, այլեւ աջ մասում։ Իր նախնական փորձաքննությամբ փորձագետը չէր պատասխանել, թե աջ կողմում առկա կրակոցները ինչպես կարող էին պատճառվել անտառապատ տարածքից, այսինքն՝ մեքենայի երկայնական ուղղությամբ ձախ հատվածից։ Մեր նոր եզրակացությամբ, սակայն, փորձագետը նշել է, որ մեր կողմից մատնանշված կրակոցները արձակվել են մեքենայի աջ հատվածից, այս հանգամանքը ամբողջովին նոր հանգամանք է»:

Հարցին՝ նոր ի հայտ եկած հանգամանքները հաշվի առնելով՝ շարունակո՞ւմ են պնդել իրենց այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է լինելու դատարան հրավիրել Սուրիկ Խաչատրյանին, Սերժ Սարգսյանին եւ Գորիսի նախկին ոստիկանապետին, պաշտպանը դրական պատասխան տվեց՝ ասելով, որ մինչ դա պետք է ձեռքի տակ ունենալ բոլոր ապացույցները: Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի՝ երկրում չլինելու հանգամանքին, Հովհաննիսյանի խոսքով՝ դա կարող է խոչընդոտ հանդիսանալ. «Խոչընդոտ կհանդիսանա այնքանով, որ եթե մենք միջնորդություն ներկայացնենք նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, նրա ներկայությունը խիստ անհրաժեշտ կլինի»:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիս ամսին:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031